ԲՆ-Ն ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում Արարատյան դաշտավայրում գտնվող բոլոր ձկնաբուծական տնտեսություններում տեսչական ստուգումներ է իրականացնելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ջրօգտագործման թույլտվության պայմանները խախտելու դեպքում ձկնային տնտեսությունների նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրականացվի:

Նշենք, որ ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որոնք անվանում են նաեւ արտեզյան ջրեր, դուրս են բերվում հորատանցքերով: Դրանց միջոցով մարդիկ լուծում են խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Արարատի ու Արմավիրի մարզերում ստորգետնյա ջրային պաշարների սպառման վտանգն արդեն իսկ կա, քանի որ ձկնաբուծարանների գիշեր-ցերեկ շատրվանվող հորերը անապատացման վտանգի առաջ են կանգնեցրել Արարատյան դաշտավայրը. հորատանցքերը շատ խորն են բացվում, իսկ ընդերքը չի հասցնում վերականգնել ջրի պաշարները: Ինչպես հայտնի է` ՀՀ Արմավիրի եւ Արարատի մարզերի մի շարք համայնքների հողատարածքներ սնկի պես աճած ձկնաբուծարանների եւ ավազահանքերի պատճառով զրկված են ոռոգման ջրից: Ինչի արդյունքում բնակիչները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները եւ ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի: Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղերում ոչ միայն ցամաքում են ինքնաշատրվանող արտեզյան ջրերի, այլեւ խմելու ջրի համար նախատեսված խորքային հորերը: Արդյունքում նշված մարզերի մի շարք գյուղերում հողերի գերակշիռ մասը մնացել է անմշակ:
Այս անխնա ջրօգտագործումը հանգեցնելու է նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո կանգնեն ջրազրկման վտանգի առջեւ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի կողմից Արարատյան դաշտավայրում ուսումնասիրություններ են իրականացվել, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ փաստացի ջրառը անցած տարվա ընթացքում կազմել է շուրջ 1.67 մլրդ մ3: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 մլրդ մ3/տարի:
Ըստ բնապահպանության նախարարության` փաստացի օգտագործվում է ավելի շատ քանակության ջուր, քան Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներն են, ինչը հանգեցրել է շուրջ 22 հազար հեկտար Արարատյան դաշտավայրի դրական ճնշումով ստորերկրյա ջրերի տարածման սահմանի նվազմանը, հողի աղակալման երեւույթների արագացմանը, ինչպես նաեւ Մասիսի տարածաշրջանում հողային ծածկույթի եւ շինությունների փլուզման վտանգի երեւույթների առաջացմանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է 2017 թվականի մայիսի երկրորդ կեսից ակտիվ գործունեություն իրականացնել դաշտում առկա բարձիթողի վիճակը վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես բնապահպանության նախարարությունը նախատեսում է Արարատյան դաշտավայրի բոլոր ձկնաբուծական տնտեսություններում իրականացնել տեսչական ստուգումներ եւ վարչական վարույթով զննություններ:
Ի դեպ, տեսչական ստուգումների ընթացքում ԲՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնելու ապօրինի հորերի առկայությանը, ինչպես նաեւ փաստացի ջրօգտագործման համեմատությանը նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվության սահմանաչափի հետ: Նման դեպքում նախատեսվում է պատասխանատվության միջոցների կիրառում:
Իսկ ջրօգտագործման թույլտվության պայմանները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձինք՝ երեքհարյուրապատիկի չափով: Գումարայինով դա կկազմի 930 հազար 690 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ ջրային օրենսգրքի 30.2-րդ հոդվածի համաձայն՝ ջրօգտագործողի կողմից թույլտվությունների պահանջների եւ պայմանների խախտման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է: Իսկ եթե հայտնաբերվի ապօրինի հորատանցք, ապա անկախ նրանից՝ այն շահագործվում է, թե ոչ, ՀՀ ջրային օրենսգրքի 37.1-րդ հոդվածի համաձայն՝ լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են ջրօգտագործողի միջոցներով:
Միաժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումների ընթացքում վարչական պատասխանատվության չենթարկելու համար ձկնաբույծներին հորդորում է մինչեւ այս տարվա մայիսի 15-ը ջրօգտագործումը համապատասխանեցնել ԲՆ-ի կողմից տրված ջրօգտագործման թույլտվության պայմաններին, սահմանված կարգով իրականացնել ապօրինի հորերի կոնսերվացման, լուծարման կամ փակ վիճակում կապարակնքման աշխատանքները:
Նկատենք, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը հանձն էր առել ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքները, սակայն ինչպես տեսնում եք՝ այն այդպես էլ ավարտին չհասցրեց: Հուսանք, որ դա կհաջողվի գործող նախարար Արծվիկ Մինասյանին, եւ վերոնշյալ մարզերի «ջրազրկված» գյուղերի բնակիչները կկարողանան նախկինի նման մշակել իրենց հողատարածքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽՈՏՀԱՐՔՆԵՐ

Լոռու մարզի 515 բնակիչ ունեցող Հագվի գյուղի վարելահողերը տարիների ընացքում վերածվել են խոտհարքների: Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: Հագվիի գյուղապետ Հայկասար Մայիլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ թեեւ գյուղի վարելահողերը քիչ են՝ շուրջ 100 հեկտար, սակայն գյուղացին այն կմշակեր ու բերք կստանար, եթե չլինեին ոռոգման ջրի հետ կապված խնդիրները.« Ոռոգման ջուր առհասարակ չկա ու չի էլ եղել, գյուղացին էլ դադարել է մշակել հողերը՝ այն դարձնելով խոտհարքներ ու արոտատղի»:

Հողագործությամբ չզբաղվող հագվեցու հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Սեզոնին կաթն ու մսամթերքն իրացվում է գյուղի ներսում.« Իրացման հետ կապված խնդիրներ չունենք, մարդիկ կան, որ հավաքում են կաթը»,- ներկայացրեց գյուղապետը:
Նրա խոսքով` բացի ոռոգման ջրից՝ վիճակը լուրջ է նաեւ խմելու ջրի մասով: Խմելու ջրագիծը անցնում է գյուղի միջով, սակայն գյուղի բնակչության շուրջ 50 տոկոսը օգտվում է բնական աղբյուրներից, քանի որ խմելու ջրագծի ցանցի հետ կապված խնդիրներ կան.«Ամեն անգամ դիմում եմ ջրային տնտեսությանը, իրենք պետք է հարցը կարգավորեն, սակայն ամեն անգամ ասում են, որ կանեն ու էսպես 10 տարի շարունակ»:
Գյուղի դպրոցում սովորում է 34 աշակերտ: Մանկապարտեզ գյուղը չունի, չնայած կան մանկապարտեզային տարիքի 15-ից ավել երեխաներ: Գյուղապետն ասում է, որ քիչ երեխաների դեպքում աննպատակահարմար է մանկապարտեզի կառուցումը.«Բյուջեով չենք կարող 15 երեխու համար մանկապարտեզ բացել ու աշխատողներ պահել»:
Համայնքի բյուջեն 12 մլն դրամ է, որից 2 միլիոն դրամը սեփական եկամուտներն են կազմում, մյուս 10 միլիոն դրամը՝ պետական դոտացիան է: Բյուջեն հիմնականում ծախսվում է պահպանման ու ընթացիկ աշխատանքների, ինչպես նաեւ համայնքապետարանի 4 աշխատակիցների աշխատավարձերի վրա:Հագվի համայնքի ճակատագրին արժանացած գյուղերը Լոռիում քիչ չեն, որտեղ ոռոգման ջրի բացակայության պատճառով վարելահողերը գնալով դարձել են խոտհարքներ ու անապատացվել: Ու եթե այս ամենին էլ գումարում ենք հակակարկտային կայանքների բացակայությունը, պարզ է դառնում, թե ինչու են գյուղացիները խուսափում հողագործությամբ զբաղվելուց՝ պնդելով, որ դա եկամտաբեր չէ.« Վերջում միայն բանկերից վերցրած վարկերն են մեզ մնում…»:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս