«ԵՍ ԻՆՁ ՈՉ ՄԻ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը («Ամեն ինչ վաճառվում է» (Եվգենիա), «Հոգեկանը» (Մարինա), «Բադաորս» (Վերա), «Խլահավի բույնը» (Արիանա) եւ այլն, ով հանրության լայն զանգվածներին հայտնի է «Կարգին սերիալ», «Երե1», «Դոմինո» հումորային հեռուստանախագծերից, «Ժողովուրդ»-ին պատմել է նոր առաջարկների, երգարվեստում արած քայլերի մասին: Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք համարձակ դերեր կերտելու հանգամանքն անդրադառնում է անձնական կյանքի վրա:

-Ելենա՛, ամիսներ առաջ թողարկեցիք տեսահոլովակ «Թե հոգնել ես» երգի հիման վրա: Կշարունակե՞ք զբաղվել երաժշտությամբ, թե՞ դա պարզապես Ձեր հոբբին է:
-Ես դա արեցի իմ հաճույքի համար: Եթե ցանկանամ, գուցե էլի տեսահոլովակ թողարկեմ: Ինձ պարզապես դուր էր եկել այդ երգի երաժշտությունը, եւ ուզեցի էքսպերիմենտ անել: Բայց առաջիկայում երգարվեստի համար շատ ժամանակ չեմ ծախսի, քանի որ բավական մեծ զբաղվածություն ունեմ թատրոնում: Առհասարակ, այն համոզման եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի մեկ սիրելի գործով, հակառակ դեպքում` նրա մոտ ոչինչ չի ստացվի:
-Շատերը սիրեցին «Դոմինո» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարը: Հումորային նախագծերում էլի հանդես կգա՞ք:
-Ստացել եմ մի քանի առաջարկ, բայց մերժել եմ: Ես, առհասարակ, հազվադեպ եմ նկարահանվում նախագծերում` տարին մեկ, երկու անգամ. մի քիչ հոգնում եմ այդ պրոցեսից: Ուստի «Դոմինոյից» հետո ինքս ինձ հանգստանալու ժամանակ տվեցի: Թեեւ հանգստանալը հարաբերական է, եթե հաշվի առնենք, թե որքան խիտ է գրաֆիկս թատրոնում: Հրավերները չընդունեցի նաեւ, որովհետեւ չէի ցանկանում, որ թատրոնը տուժեր, ավելի ճիշտ` ես, հազվադեպ լինելով թատրոնում, տուժեի (ծիծաղում է): Միշտ էլ նախընտրությունս տվել եմ բեմին:
-Թատրոնում նոր դերեր ունե՞ք:
-Ունեցած դերերս արդեն իսկ բավական շատ են, բայց, կարծում եմ, նոր եթերաշրջանի մեկնարկին զուգահեռ կստանամ նորերը:
-Հայ իրականությունում այնքան էլ շատ չեն դերասանուհիները, որոնք չեն խուսափում հանդես գալ բաց, համարձակ դերերով, ֆոտոշարքերով: Ձեր աշխատանքը անձնական կյանքում խնդիրներ չի ստեղծո՞ւմ:
-Բանն այն է, որ իմ մարմնավորած կերպարները բավական վառ են, բայց դա անձնականիս վրա ոչ մի կերպ չի անդրադառնում: Վաղուց ամուսնացած եմ, եւ մեզ մոտ ամեն բան կարգին է: Ես ինձ ոչ մի ավելորդություն թույլ չեմ տալիս: Այն, ինչ անում եմ բեմում կամ էկրանին, գրված է սցենարով, պահանջում է բեմադրիչ-ռեժիսորը: Դա իմ ցանկության կամ նախապատվության հարցը չէ: Ես այն համոզման եմ, որ երբ սկսեմ մտածել ինչ-որ տեղս փակելու մասին, իմ դերերը չեն լինի իմ դերերը: Մեր թատրոնը բեմադրել է Շիրվանզադեի «Մորգանի խնամին», եւ ես մարմնավորում եմ Նատաշային, որի դերը նախկինում խաղացել են շատ մեծ արտիստուհիներ: Պատկերացնում եք, չէ՞, նա դերասանուհի է, կրում է բավական համարձակ, բաց կոստյում: Ես հո չե՞մ կարող ասել. «Գիտե՞ք` ես չեմ կրի այս կարճ շրջազգեստը, ես նման վառ դիմահարդարում չեմ անի» եւ այլն:
-Իսկ առօրյայում է՞լ եք այդպիսին, թե՞ հոգնում եք ուշադրության կենտրոնում լինելուց:
-Քանի որ շատ եմ աշխատում, ինձ հաճախ կարելի է տեսնել վառ դիմահարդարմամբ, բայց առօրյայում նախընտրում եմ նուրբ մեյք-ափ անել, հասարակ զգեստներ կրել, առհասարակ, տարբեր կերպ եմ ներկայանում հանրությանը:
-Կա՞ մի կերպար, որի մասին երազում եք:
-Ո՛չ, իմ դեպքում նման բան չի լինում: Իմ երազանքն է մշտապես աշխատել եւ հանդիսատեսի համար լինել հետաքրքիր: Թե չէ մեծ ու փոքր, լավ ու վատ դերեր չկան, ամեն կերպար էլ կարելի է քաղցրացնել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն արդեն ծանոթացել է նախընտրական ծրագրերին եւ կողմնորոշվել, թե քաղաքապետի երեք թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնը մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բոլոր թեկնածուները նախընտրական քարոզարշավի շրջանակում լավ են խոսում, այլ խնդիր է, թե ինչ մեխանիզմներով են պատրաստվում իրականացնել իրենց խոստումները. «Ինձ համար կարեւոր են թեկնածուի անցած ուղին եւ ունեցած ռեսուրսները: Կարծում եմ` Երեւանն առաջին հերթին իրեն անկեղծ սիրով սիրող քաղաքապետի կարիք ունի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչը կցանկանար փոխված տեսնել մայրաքաղաքում, մուլտիպլիկատորը պատասխանեց` մթնոլորտը. «Արտաքին խնդիրները երկրորդական են. շատ ավելի կարեւոր է, թե ինչպիսին է քաղաքացիների տրամադրությունը»,-նշեց նա:
Իսկ հարցին, թե չի կարծում արդյոք, որ դա խորքային խնդիր է, որն անմիջականորեն կապված է հանրության սոցիալ-տնտեսական վիճակի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, ամեն ինչն է փոխկապակցված: Բայց եթե մեր կյանքը բարելավելու միջոցներ ենք փնտրում, պետք է դրան ուշադրություն դարձնենք: Իսկ խնդիրները մայրաքաղաքով չեն սահմանափակվում, դրանք հասնում են մինչեւ սահմանամերձ շրջաններ»:
Այն պնդումներին, թե Երեւանը կորցրել է իր դիմագիծը, Դ. Սահակյանցը հակադարձեց. «Կարծում եմ` մայրաքաղաքը չի կորցրել դիմագիծը, ուղղակի ձեւափոխվել է: Այսօր չի կարող տիրել այն մթնոլորտը, որն առկա էր 70-ականներին»:
Մեր այն դիտարկմանը, որ վերջին տարիներին մենք կորցրինք Հին Երեւանի մաս կազմող մի շարք արժեքավոր հին շենքեր, մուլտիպլիկատորը պատասխանեց. «Դա շատ վատ է, բայց, միեւնույն ժամանակ, երջանիկ կլինեմ, եթե կյանքի կոչվի «Հին Երեւան» ծրագիրը: Հին շենքերը, կարծում եմ, հնարավոր էր պահել. ամբողջ Եվրոպան է դա վկայում: Մեր դեպքում դա, չգիտես ինչու, տեղի չունեցավ: Մենք կա՛մ պետք է հրաժարվենք բիզնես-օրենքից եւ մեր իդեալներին համապատասխան քաղաք կառուցենք, կա՛մ պետք է ընդունենք այդ խաղի օրենքները, որով ամբողջ աշխարհն է ապրում: Գոյություն ունի բիզնես, գոյություն ունի կապիտալ, եւ այն մարդը, որը գումար է ներդնում շենք սարքելու համար, դա անում է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Ուրիշ հարց, որ կարելի էր այդ ամենը վերահսկողության տակ պահել»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

8 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3 մլն դոլարի, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8 մլն դոլարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է «Երեւան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը։ Նրա խոսքով՝ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով որոշում է կայացվել վերականգնողական աշխատանքների մեջ մտցնել նաեւ մասնավորի բաղադրիչը։ Վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվի հնավայրերի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, հատուկ սրճարան ու հուշանվերների խանութ կլինի, նաեւ տեղ՝ բեմադրություններ եւ ցուցադրություններ կազմակերպելու համար:

 

 

ԱՐԾՎԻԿԸ` ԹԱԳՈՒՀԻ
wiwibloggs.com կայքը անդրադարձել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի առաջին փորձին։ «Արծվիկը թագուհու պես գրավում է բեմը՝ ուղղորդելով բեքվոկալի 2 երգիչներին: Եռյակը ներկայացնում է պարզ, սակայն տպավորիչ պար: Շոուի ամենատպավորիչ պահերից մեկն այն է, երբ նրանք կատարյալ ձեւով կրկնօրինակում են հնդկական աստվածներից մեկին: Երկրպագուներն այս պահն արդեն բոլիվուդյան նորաձեւ պար են կոչել»,-գրում է կայքը։ Աղբյուրը նկատում է, որ LED լուսավորումը, տեխնիկական ստացված լուծումներն ու ծուխն առավել ամբողջական են դարձրել հայուհու համարը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:

 

 

ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ում հունիսի 12-15-ը կցուցադրեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հարցազրույցի հատվածներից հավաքած ֆիլմը։ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ֆիլմի նախագիծը կազմված է մեկական ժամ տեւող չորս մասերից: Showtime ալիքի հայտարարության մեջ ասվում է, որ ռեժիսոր Սթոունը վերջին 2 տարիների ընթացքում միայն մոտ տասն անգամ զրուցել է ՌԴ նախագահի հետ, իսկ վերջին զրույցը տեղի է ունեցել փետրվարին։




Լրահոս