ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՆԴԱՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կիզակետում: Ինչպես հայտնի է` նախօրեին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարավելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեց, թե իրենք ինքնաբացարկի որեւէ դիմում չեն ներկայացրել եւ որ այդ մասին առաջինը լրատվամիջոցներից են իմանում: Արդեն երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը ԿԸՀ-ում հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից, պահանջեցին չեղարկել իրենց անունից տրված գրությունները: Բնականաբար, ԿԸՀ-ն բավարարեց դիմումները, բայց մանդատ կստանա 8 թեկնածու՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը: Մյուս չորս թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի եւ Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, բայց քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, ձայների հաշվարկի արդյունքում մանդատ չեն ստանա:

Որ ստորագրել են, փաստ է
«Ծառուկյան» դաշինքի դեմ այդ 12 թեկնածուների ապստամբությունն աննախադեպ էր. նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ չէր եղել նման դեպք: «Ծառուկյան» դաշինքից որեւէ մեկը ողջ օրվա ընթացքում այդպես էլ չմեկնաբանեց կատարվածը: Տեղի ունեցածի իրական պատճառների վերաբերյալ միանգամայն տարբեր վարկածներ էին շրջանառվում:
Նախ՝ հայտնի փաստ է, որ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում թեկնածուներին ընտրացուցակում ընդգրկելուց առաջ պահանջում են նաեւ ինքնաբացարկի դիմումներ գրել կամ պարզապես պահանջում են ստորագրել դատարկ թղթի տակ, որպեսզի հարկավոր պահին լրացվի ինքնաբացարկի դիմումը եւ ներկայացվի ըստ անհրաժեշտության: Այդպես վարվել են նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, այդպես վարվել են նաեւ այս անգամ: ՀՀ նոր ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածը պահանջում է՝ ինքնաբացարկի դիմումները պետք է լինեն նոտարով վավերացված: ԿԸՀ երեկվա նիստում պարզվեց՝ «Ծառուկյան» դաշինքի դիմումները բոլորն էլ նոտարը վավերացրել էր: Իսկ նոտարն էլ եղել է Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Աննա Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աննա Աբրահամյանը հաստատել է այդ փաստը՝ ասելով. «Չի եղել որեւէ մի գործարք, որ ես քաղաքացուն առանց տեսնելու վավերացնեմ որեւէ փաստաթուղթ: Իսկ ինչ վերաբերում է դիմումներին, ապա թող բարի լինեն կարդալ, թե ինչի տակ են ստորագրել»: Մեկ այլ լրատվամիջոցի հետ զրույցում էլ Ա. Աբրահամյանն ասել է. «Մարդիկ ներկա են եղել, երբ ես ստորագրությունները հաստատել եմ: Ես բոլորի անձը տեսել եմ եւ նոր միայն վավերացրել եմ նրանց ստորագրությունը: Իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ես արդեն փաստաթղթում շարադրված բովանդակության համար պատասխանատու չեմ»:
Այսինքն՝ պարզ է, որ թեկնածուները, որոնք հայտարարել են ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու մասին, ժամանակին, այնուամենայնիվ, ստորագրել են իրենց ներկայացված թղթի տակ: Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, որը ինքնաբացարկի դիմումից հրաժարվածների թվում էր, լրագրողներին պատմել է, որ ինքը նման դիմում գրել է, սակայն դա վերաբերել է մինչեւ ընտրությունների օրն իր թեկնածությունից հրաժարվելուն. «Մենք մամուլից ենք իմացել, որ ներկայացվել է ուժը կորցրած դիմում»: Մեկ այլ թեկնածու՝ Մուշեղ Սաղաթելյանն էլ տեղեկացրել է. «Ես մի տեղ, մի անգամ կենտրոնական շտաբում մի հատ մատյան էր, դրա մեջ մի հատ ստորագրություն եմ դրել: Ասեցին` գործերը հանձնել, վերջացրել, եք, ստորագրեք, այդտեղ ստորագրել եմ»:

Վարկածներ, որոնք չեն հերքվել
Հիմա կատարվածի պատճառների վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին: Կարծես թե որեւէ մեկը չի կասկածում, որ այս սկանդալի մեջ իր դերն ունի Սերժ Սարգսյանի իշխանությունը. այդ մասին է խոսում փաստը, որ երեկվա «ապստամբությունը» հստակ կազմակերպված բնույթ ուներ: Բացի այդ` նկատենք՝ այս սկանդալն ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, քանի որ արդյունքում վարկաբեկվեց ե՚ւ Գագիկ Ծառուկյանը, ե՚ւ ԲՀԿ-ն, միաժամանակ, դեռ ԱԺ առաջին նիստը չկայացած, այս դաշինքը կարելի է համարել տրոհված ու փլուզված: Ու հիմա Գ. Ծառուկյանի վերահսկողության տակ չէ դաշինքի մի մասը՝ ովքեր երեկ չեղարկեցին ինքնաբացարկի դիմումները: Ավելին` ենթադրվում է` դաշինքի մի մասը Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ է. ի վերջո, Ս. Սարգսյանն անձամբ իր հետագա իշխանավարման հարցը լուծելու համար նաեւ մյուս խմբակցությունների պատգամավորներից մեծ խմբակցություն է հավաքում:
Ըստ շրջանառվող լուրերի` Գագիկ Ծառուկյանն իր դաշինքի թեկնածուների հետ դեռ ընտրություններից առաջ պայմանավորվել է՝ եթե համամասնական ցուցակի անցողիկ տեղում գտնվողները, որ նաեւ ռեյտինգային ընտրակարգով են առաջադրվել, քիչ ձայն բերեն, ապա պետք է հրաժարվեն համամասնականով պատգամավոր դառնալու տարբերակից եւս: Վերջիններս տվել են նման համաձայնություն՝ խոստանալով կոնկրետ թվեր: Ընտրությունների արդյունքում պարզվել է, որ ոչ բոլորն են կարողացել խոստացվածին մոտ ձայն ստանալ: Օրինակ՝ Արարատ Զուրաբյանը, որը համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում էր, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգայինով ստացել էր 1870 ձայն, կամ՝ Սերգեյ Բագրատյանը 4033 քվե էր ստացել 12-րդ ընտրատարածքում եւ դաշինքի թեկնածուների մեջ 4-րդն էր: Բայց մյուս կողմից առնվազն տարօրինակ է թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայն ստացած թեկնածուի՝ Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկը. նա այստեղ ստացել էր 4348 քվե: Նույն տրամաբանությամբ անհասկանալի էր ԲՀԿ ամենանվիրյալ անդամներից Վահան Կարապետյանի անունից ինքնաբացարկի դիմում ներկայացնելը, երբ նա էլ թիվ 2-րդ ընտրատարածքում էր այս դաշինքի թեկնածուների մեջ ամենաշատ քվեն ստացել՝ 8728 ձայն: Այս տրամաբանության մեջ չի տեղավորվում նաեւ թիվ 7 ընտրատարածքից Խաչիկ Մանուկյանի ինքնաբացարկը, քանի որ նա էլ իրենց մոտ էր «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ քվեն ստացել՝ 5675: Չի բացառվում՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացվել այն պատճառով, որ վերջիններս չեն կարողացել խոստացած չափով ձայներ ապահովել:
Մեկ այլ տեսակետի համաձայն` նրանց անունից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու նպատակը եղել է ավելի քիչ ձայն ստացած, բայց եւ ավելի յուրային համարվող թեկնածուներին ԱԺ բերելը. թիվ 1 ընտրատարածքից այդպիսին է համարվել սոցապ նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը (նրանից ավելի շատ ձայն ստացած բոլոր 5 թեկնածուի անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել), կամ թիվ 7 ընտրատարածքից նպատակ է եղել պատգամավոր դարձնել Նորա Առուստամյանին՝ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը, եւ այսպես շարունակ:
Ենթադրվում է՝ իշխանությունն էլ, օգտվելով այդ մարդկանց դժգոհությունից, կազմակերպել է երեկվա «ըմբոստությունը», թեկնածուներին համոզել են ոչ մի դեպքում չհրաժարվել մանդատից եւ երաշխավորել են, որ այդ դիմումները չեղարկելով` պատգամավոր կդառնան: Կա նաեւ տեսակետ, որ Սերժ Սարգսյանն է հորդորել Ծառուկյանին կոնկրետ թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ԿԸՀ, եւ այս դեպքում մի քանիսը, սեփական պատիվը պաշտպանելու համար, որոշել են ըմբոստանալ, հետո նրանց են միացել մյուսները եւ «շարժում» է սկսվել:
Ու քանի դեռ «Ծառուկյան» դաշինքը որեւէ մեկնաբանություն պաշտոնապես չի տվել, իրականությունը չի պարզվել, այս բոլոր վարկածները կարելի է համարել ճիշտ, միաժամանակ եւ սխալ:
Արձանագրենք. այս սկանդալի արդյունքում «Ծառուկյան» դաշինքը լուրջ հարված ստացավ։ Ու թեեւ հետո այս մարդիկ կարող են հաշտվել, բայց կատարվածը նաեւ նստվածք է թողնելու երկու կողմի վրա:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ երեկ ինքնաբացարկի դիմումից հրաժարվածներն, այնուամենայնիվ, կրկին ինքնաբացարկի դիմում ներկայացնեն. ի վերջո, քաղաքականության մեջ կարող է եւ նման դեպքեր լինեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԾԱԽՍԵՑ ՈՒ ՉԴԱՐՁԱՎ
Պատգամավորական մանդատից հրաժարվողների թվում է եղել ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում պատգամավորության թեկնածուներից ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը: Հետաքրքիրն այն է, որ ընտրություններում Սանամյանը հսկայական գումարներ ծախսեց՝ պատգամավոր դառնալու, այդպես նաեւ ՀՀԿ-ին ձայներ բերելու համար: Մոտավոր հաշվարկներով միայն ընտրակաշառքի համար բաժանվել է մոտ 260 մլն դրամ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Սանամյանից հետաքրքվեց, թե ինչու «ծախսատար» աշխատանքից հետո հրաժարվեց իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից: «Ես չեմ ուզում ինտերվյու տամ, ես իմ ընտրողների կողքին եմ, իմ ընտրողների կողքին էլ մնալու եմ»,- հայտարարեց նա: Երբ հիշեցրինք մոտ 260 մլն դրամ ծախսելու մասին, նա ասաց. «Ես ոչ մի գումար չեմ ծախսել, ես իմ ընտրողների կողքին եմ, երեք հատ պատգամավոր մի քաղաքից շատ չի, հենա թող երկուսը գնան Ազգային ժողով, ես էլ իրենց կողքից կաշխատեմ, հաջողություն, բան չունեմ խոսելու»:
 

ԷԼԻ ԿՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ եւս ընտրատեղամասերում ընտրական գործընթացը տեսանկարահանվելու եւ առցանց հեռարձակվելու է: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան /«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերություն/ կազմակերպության հետ կնքել պայմանագիր, որն էլ կիրականացնի նշված աշխատանքները: Նշենք, որ այդ գործառույթներն իրականացնելու է այն նույն կազմակերպությունը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս ապահովում էր ուղիղ հեռարձակումը: Այդ նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2017 թվականին ՀՀ կառավարությունը առաջին կիսամյակում հատկացնելու է 37 մլն 800 հազ. դրամ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
 

ՄՈՒՐԱՑԻԿՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում գնալով ավելանում է մուրացիկ երեխաների թիվը: Միայն անցյալ տարի՝ 2016թ., Հայաստանում հաշվառվել է 13 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս, ընդ որում, 13-ն էլ տղա երեխաներ են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մուրացիկների թիվը Հայաստանում սկսել է ավելանալ 2014 թվականից: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, 2014 թվականին նրանց թիվը կազմել է 7, 2015-ին` 8: Իսկ ահա 2016-ին ավելացել է 5: Ի դեպ, միայն 7 մուրացիկ հաշվառվել է մայրաքաղաք Երեւանում, իսկ 3-ը` Լոռու, 1-ը` Կոտայքի, 2-ը` Շիրակի մարզերում: Ահա սա էլ ՀՀԿ-ի խոստացած ապահով Հայաստանի իրական պատկերը: Ու այսքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե նույն ՀՀԿ-ն ինչպես է անվտանգություն եւ առաջընթաց ապահովելու:

 

 
ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ
Հայաստանի հանրապետական կուսակցությունից ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորներ Վիգեն Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Արմեն Ամիրյանի, Արտակ Զաքարյանի, Արման Սահակյանի, Կարեն Բոթոյանի, Սամվել Սանամյանի, Առուշ Առուշանյանի, Վահե Հակոբյանի գիտելիքները եւ փորձն այլ ոլորտներում են օգտագործվելու: Այս մասին tert.am-ի հետ զրուցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հարցին՝ օրինակ՝ Արման Սահակյանը նույնպես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, որոշում կա՞ նրա՝ գործադիր մարմնում լինելու մասին, Շարմազանովը պատասխանել է, որ կուսակցությունն ամեն ինչ քննարկել է, երբ ժամանակը գա, իրենք կներկայացնեն։




Լրահոս