«ԵՐԲԵՄՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգիչ Վարդան Բադալյանի հետ զրուցել է երաժշտական նորությունների, նրա մասնակցությամբ նոր կազմավորված խմբի մասին։ Հայկական շոու-բիզնեսի ամենաբարի ներկայացուցչի «տիտղոսը» կրող երգիչը խստովանել է, որ իր այդ հատկության համար երբեմն շահագործվում է։

-Վարդա՛ն, արդեն վեց ամիս է՝ կազմավորվել է «Շերամ» խումբը։ Ձեր բենդով առաջիկայի ի՞նչ ծրագրեր եք կազմում։
-Նախ ասեմ, որ մեր խմբով արդեն իսկ հասցրել ենք համերգներով հանդես գալ Թեհրանում, Երեւանում, հետագայում կներկայանանք նաեւ Բեյրութում։ Խմբում կան քամանչայի, քանոնի, դուդուկի, դհոլի եւ այլ ժողովրդական գործիքների վարպետներ։ Խմբի գեղարվեստական ղեկավարը Արտեմ Խաչատուրն է։ Այժմ արդեն պատրաստվում ենք Շերամի «Անուշ յար» երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ։ Իսկ ինքս՝ որպես անհատ երգիչ, հաճախ եմ համերգներով լինում դրսում, առաջիկայում էլ ներկայանալու եմ Բելգիայում, Իտալիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում։
-Այսօր ավելի շատ ստեղծվում են փոփ, ռոք, ջազ խմբեր։ Ժողովրդական, աշուղական երգեր կատարող բենդերն արդյոք պահանջվա՞ծ են։
-Չէի ասի, թե դրանք մեծ պահանջարկ ունեն. բոլորդ էլ տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր երգարվեստում։ Ինչ էլ անում ենք, էնտուզիազմի հաշվին ենք անում, տեսնենք՝ ինչքան կարող ենք ձգել (ծիծաղում է)։
-Մի ժամանակ փոփ ժանրի երգերով հաճախ էիք հանդես գալիս, Ձեր երգերը դառնում էին հիթեր։ Հիմա նման մտադրություն չունե՞ք։
-Բայց հիմա ո՞վ է էկրաններից փոփ ներկայացնում։ Եթե փոփը այն է, ինչ լսում եւ տեսնում ենք եթերում, ես այդպիսի փոփ ներկայացնել չեմ ուզում։ Ամեն դեպքում, յուրաքանչյուրն ընտրում է այն ուղին, որը հոգեհարազատ է իրեն։ Մեր երգիչները հաճախ տալիս են այն, ինչ պահանջում են հեռուստաընկերությունները։
-Այսօր հայկական շոու-բիզնեսում տիրող իրավիճակը Ձեր սրտո՞վ է։
-Չգիտեմ՝ որքանով եմ շոու-բիզնեսում, ամեն դեպքում, այն այնքան էլ սրտովս չէ։ Թեեւ, այնուամենայնիվ, կան նաեւ դրական միտումներ։ Ես ինձ լավ եմ զգում այն պարագայում, երբ անում եմ այն, ինչ ուզում եմ։
-Իսկ շոու-բիզնեսում տիրող մարդկային հարաբերությունների մասի՞ն ինչ կասեք։
-Ժամանակները փոխվում են, մարդիկ եւ նրանց դավանած արժեքները՝ նույնպես։ Միայն շոու-բիզնեսում չէ, որ մարդկային հարաբերությունները «փչացել են»։ Համենայն դեպս, մարդկանց չպետք է դատել՝ ըստ այն հանգամանքի, թե ինչ են խոսում նրանց մասին, այլ թե ինչ է խոսում ինքը մարդկանց մասին։
-Վարդա՛ն, Ձեր բարության մասին «լեգենդներ» են հյուսվում շոու-բիզնեսում…
-Սուտ են ասում (ծիծաղում է)։
-Այդ բարությունը Ձեզ երբեւէ խանգարե՞լ է, Ձեր դեմ գործե՞լ է։
-Երեւի՝ այո։ Ամեն դեպքում, ես ոչ մի հատուկ բան չեմ անում, որ բարի երեւամ։ Թերեւս Ձեր ասածը կա.երբեմն մարդիկ շահագործում են բարությունս։ Բայց ժամանակի ընթացքում կոփվում ես, հասկանում ես, որ ոչ բոլոր դեպքերում է հարկավոր բարություն ցուցաբերել։ Համենայն դեպս, ես շուտ հիասթափվողներից կամ հանձնվողներից չեմ. փորձում եմ ամեն երեւույթի մեջ պոզիտիվը տեսնել։
-Շոու-բիզնեսում ընկերներ ունե՞ք։
-Շատերի հետ եմ մտերիմ՝ թե՛ իմ սերնդակիցների, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչների՝ Արսեն Գրիգորյանների, Արսեն Սաֆարյանի, Շուշան Պետրոսյանի, Էրիկի, Նարեկ Բավեյանի։ Չկա մեկը, որի հետ կոնֆլիկտ ունեմ։
-Իսկ երգարվեստի հետ կապված ի՞նչ կարեւոր նպատակ ունեք, որը անպայման կուզեք կյանքի կոչել։
-Հիմա իմ բոլոր նպատակները կապված են մեր նորաստեղծ խմբի հետ, ուզում եմ ամեն բան անել, որ այն չցրվի։ Ի դեպ, մեր խումբը պատահական է ստեղծվել՝ փառատոնի մասնակցելու համար։ Հետո արդեն խմբի անդամներով որոշեցինք չբաժանվել եւ մեր գործունեությունը շարունակական դարձնել։
-Վարդա՛ն, վերջում մի փոքր էլ անձնականից խոսենք։ Մեկ որդի ունեք, ընտանիքը եւս մեկով համալրելու ցանկություն կա՞։
-Ինչո՞ւ մեկով՝ երկուսով, երեքով, չորսով (ծիծաղում է)։ Իսկապես շատ ենք ուզւոմ հետագայում էլի բալիկներ ունենալ։
-Իսկ Ձեր որդին հայրիկի գեները ժառանգե՞լ է, երաժշտության հանդեպ սեր ունի՞։
-Արդեն երեւում է, որ երաժշտական լավ լսողություն ունի։ Ես հատուկ ոչինչ չեմ անում նրան մեր ասպարեզ «ներքաշելու» ուղղությամբ։ Թող նա ընտրի այն, ինչ իր մոտ ամենալավը կստացվի։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԱՍԱՆԺԸ՝ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ
Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ Դին Քեյնի ու Մոնթել Ուիլյամսի նախաձեռնությամբ նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին նոր փաստավավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Ժխտման ճարտարապետները»: Ֆիլմի ցուցադրությունը կկայանա այս տարվա հոկտեմբերին։ Նախագծում հանդես են եկել մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ցեղասպանագետ Գրեգորի Սթանտոնը, Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց ժառանգները: Վերջիններս հանդիսատեսին զգուշացնում են՝ քանի դեռ աշխարհի բոլոր ցեղասպանությունների կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել, մարդկային սպանդները շարունակական կլինեն։
Հավելենք, որ ապրիլի 30-ին հրապարակվել է ֆիլմի թրեյլերը:

 

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը նոր սիրավեպ է սկսել։ Նրա «թիրախում» է հայտնվել դերասանուհի Վանեսա Քիրբին, որի հետ Քրուզը նկարահանվում է «Առաքելությունն անիրագործելի է-6» ֆիլմում:Պապարացիները զույգին նկատել են համբուրվելիս։ Բացի այդ՝ նկարահանումների դադարների ժամանակ նրանք մտերմիկ զրուցում են ու ծիծաղում: The Daily Mail-ի աղբյուրները հայտնում են, որ հենց Քրուզն է ցանկացել, որ նոր ֆիլմում իր խաղընկերուհին լինի Քիրբին:

 

 

ԻՍԿԱՊԵՍ ՊՍԱԿԱԴՐԵԼ Է
Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից որոշ գաղտնիքներ են բացահայտվել։ Ֆիլմում Մարալին մարմնավարող Անժելա Սարաֆյանը Instagram-ի իր էջում գրել է, որ իրեն եւ Միքայելի կերպարը կերտող Օսկար Այզեքին Իսպանիայում իրականում պսկադարել են։
«Քահանան իրական էր, որը Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, երեք քույր եկեղեցիներ կան, դրանցից մեկում է նա ձեռնադրվել։ Նկարահանումների ժամանակ նա մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով, որը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռեւս 1915 թվականին, եւ դրանք կան մինչ օրս։ Ի վերջո, քահանան ասաց մեզ. «Ես պետք է ձեզ բաժանեմ, քանի որ Աստծո առաջ դուք ամուսնացած եք»։
Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է:




Լրահոս