Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի գործերը լավ չեն. վերադասավորումների հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող «Ֆլեշ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը: Պատճառն այն է, որ ընկերությունը էապես կրճատել է ներմուծումն ու վաճառքը:

Փոխարենը «Սի Փի Էս Օիլ քորփորեյշն» ընկերությունն է այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում: Նշված ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել է հարկային վճարումները: Ընկերությունը զբաղեցրել է ցանկի 6-րդ հորիզոնականը, իսկ պետական բյուջե վճարել է 3 մլրդ 486 մլն 90 հազար 900 դրամ հարկ ու տուրք:

Բայց անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 2 մլրդ 318 մլն 396 հազար դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով հազար խոշոր հարկատուների ցանկի 9-րդ հորիզոնականում:

Իսկ ահա մեր հանրապետության բենզինի թիվ մեկ ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, հակառակը, զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Ինչպես հայտնի է` «Ֆլեշի» սեփականատերը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, որը Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորն է:

ՊԵԿ-ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկանում ենք, որ «Ֆլեշը» այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 500 մլն 441 հազար 700 դրամ հարկ ու տուրք: Ընկերությունը հայտնվել է ՊԵԿ-ի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի 17-րդ հորիզոնականում: Մինչդեռ անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել էր 3 մլրդ 626 մլն 320 հազար դրամ հարկ ու տուրք`զբաղեցնելով ցանկի 4-րդ հորիզոնականը:

Ստացվում է, որ այս տարի ընկերությունը բավականին զիջել է դիրքերը: Նկատենք, որ հենց Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է տեւական ժամանակ մասնակցում պետական գնումներին եւ մրցույթներին հաղթող ճանաչվում: Սակայն վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում «Ֆլեշին» փոխարինեց մեկ այլ` «Մաքսհուր» ընկերությունը:

Բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունը` «Մաքսհուր»-ը, որը վերջին շրջանում բավականին արագ իր դիրքերն ամրացրեց բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում, կրկնակի ավելացրել է հարկային վճարումները: Նշված ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցնում է հազար խոշոր հարկատուների ցանկի 162-րդ հորիզոնականը:

Իսկ պետական բյուջե կատարած հարկային վճարումները կազմել են 185 մլն 274 հազար 600 դրամ: Մինչդեռ անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջե կատարել է 61 մլն 855 հազար 500 դրամի չափով հարկային վճարումներ` զբաղեցնելով ցանկի 387-րդ տեղը: Եւ չնայած սրան` 2015 թվականի նույն ժամանակահատվածում «Մաքսհուր» ընկերությունը պետական բյուջե վճարել է 445 մլն 755 հազար 600 դրամ եւ զբաղեցրել հազար խոշոր հարկատուների ցանկի 270-րդ տեղը:

Այսինքն՝ ընկերությունը թեեւ 2016 թվականի համեմատ 2017-ի առաջին եռամսյակում ավելացրել է հարկերը, բայց միեւնույն է` 2015 թվականի համեմատ դրանք կտրուկ նվազեցրել է: Տեղեկացնենք, որ «Մաքսհուր» ընկերությունը կապում են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ:

Հիշեցնենք, որ Հայաստան բենզին ներկրողների ցանկում անցած տարվա հոկտեմբեր ամսից ավելացավ եւս մեկը: Այդ կազմակերպությունը «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն է: «Մաքս պետրոլ» ընկերությունը Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին է ներկրում:
Համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների` այս ընկերությունը հիմնադրվել է անցած տարվա սեպտեմբերին: Իսկ «Մաքս պետրոլ»-ի միակ հիմնադիրը Պատրիկ Աճեմյանն է, ով 2002 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսական» ֆակուլտետի ֆինանսներ ամբիոնի ասիստենտ է: 2004-2005 թվականներին էլ աշխատել է ՀԷՑ-ում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բենզինի շուկայում ամիսներ առաջ հայտնված ընկերությունը` «Մաքս պետրոլ»-ը, այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե վճարել է 932 մլն 433 հազար դրամ հարկ ու տուրք, որից միայն 879 մլն 960 հազար դրամը կազմել են անուղղակի հարկերը, այդ թվում ԱԱՀ-ն եւ ակցիզային հարկերը: Ի դեպ, այս ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է անցած տարվա չորրորդ եռամսյակում` պետբյուջե վճարելով 989 մլն 860 հազար 300 դրամ հարկ ու տուրք:

«Բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հայտնի մյուս խոշոր ընկերությունը` «Ռան օյլ»-ը, այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե կատարել է 129 մլն 888 հազար 100 դրամի հարկային վճարում: Միայն 124 մլն 519 հազար 200 դրամը կազմել է անուղղակի հարկեր, այդ թվում` ակցիզային եւ ավելացված արժեքի հարկերը: Այս ընկերությունը նույնպես անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է հարկային վճարումները` ավելի քան 38 մլն դրամով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունները ներկրման հաշվին են ավելացրել պետբյուջե վճարվող հարկերը: Չէ որ նրանց՝ պետբյուջե կատարած հարկային վճարումների առյուծի բաժինը կազմել են ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերը: Իսկ ինչպես հայտնի է` Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ նավթամթերքի ինքնարժեքը բարձր է: Արդյունքում բենզինը մեր հանրապետությունում վաճառվում է թանկ գնով: Ըստ տնտեսագետների` իրականում այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունում առկա է մրցակցային ցածր մակարդակ:

Ինչը վառ արտահայտված է բենզինի շուկայում: Եւ երրորդ, չորրորդ ընկերությունների` «Մաքս գրուպ»-ի եւ «Մաքսհուր»-ի բենզինի շուկայում հայտնվելը իրադրությունը չփրկեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս