Կարեն Կարապետյանի հերթական շոուն. ում են պետք անհասցե հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի  տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ, դիմելով գործադիրի անդամներին, հայտարարեց, որ շատ ժամանակ իր հանձնարարականները թերի են կատարվել: Այդ իսկ պատճառով որոշեց հանձնարարել, որ հանձնարարականները կատարեն օրենքի տառին համապատասխան: Կառավարության անդամներից ո՞ւմ էր ուղղված այս նախատինքը, այդպես էլ նիստի ժամանակ չհստակեցվեց, որովհետեւ Կարապետյանը որեւէ պարզաբանում չներկայացրեց:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կառավարության անդամներից պարզել, թե ինչո՞ւ են իրենք թերացել՝ Կարապետյանի հանձնարարականնե՞րն են անկատարելի, դրա՞ համար հնարավոր չի լինում պատշաճ իրականացնել, թե՞ իրենք են դժվարանում խնդիրներին լուծում տալ:

Օրինակ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, թե այդ «նախատինքը» գոնե իրենց ուղղված չէր, ասել է, թե իրենք չեն թերանում աշխատանքները կատարելիս:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ում էր ուղղված վարչապետի խոսքը. «Ես կատարում եմ հանձնարարականները: Անձամբ ինձ չէր ուղղված, վարչապետը ընդհանուր նշեց, իմ մասով ես կատարել եմ»,-հավաստիացրեց Կարայանը:

Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց՝ չկա հանձնարարական, որ անկատարելի է. «Թերի կատարված հանձնարականների ցանկը, երբ մեզ ուղարկեն, մենք կներկայացնենք հիմնավորումները»,- նշեց նախարարը:

Այսպիսով՝ արդեն որերորդ նախարարն էր, ըստ էության, նույն պատասխանները հնչեցրել: Որեւէ մեկը չի կարծում, որ դա իրեն է ուղղված, հետեւաբար որոշեցինք ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից պարզել, թե վարչապետն ու՞մ նկատի ուներ, հատկապես, որ դիմեց հենց Դավիթ Հարությունյանին եւ հանձնարարեց քննարկում կազմակերպել եւ ներկայացնել արդյունքները:

Պարզվեց՝ Հարությունյանը եւս կոնկրետ չգիտի, թե գործադիր մարմնի ո՞ր անդամին կամ անդամներին էր վերաբերում վարչապետի խոսքը. «Ընդհանուր է եղել խոսքն ուղղված, հանձնարարականն այն է, որ ժամկետները հաշվեն ոչ թե արձանագրությունը ստանալու պահից, որովհետեւ մինչեւ հիմա պրակտիկորեն բոլորի համար հաշվարկման հիմքը արձանագրություն ստանալու պահն է,- ասաց Հարությունյանը, ապա հավելեց,-ընդհանուր մոտեցում է, որովհետեւ վարչապետը համարում է, որ հենց բանավոր հանձնարարականը տվեց, արդեն ժամկետը սկսում է գնալ: Կոնկրետ որեւէ մեկին ուղղված չէ, ձեւավորված ավանդույթին է ուղղված ավելի»:

Իհարկե, ավանդույթը պահպանելը լավ բան է, բայց որքանո՞վ է ճիշտ սեփական հեղինակությունը կառուցել այլոց հաշվին՝ հրապարակավ հոխորտալով մի թեմայի շուրջ, որտեղ էություն չկա: Վարչապետի այս պահվածքը պարզապես շոու է հիշեցնում:

Վահագն Հակոբյան




Լրահոս