Ֆրանսիայի նորընտիր նախագահի «պատահական» հաջողությունը և մյուս թեկնածուների երազանքերի անկատար մնալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում ավարտվեց նախագահական ընտրությունը, որտեղ հաղթող ճանաչվեց էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը: Նրա հաղթանակը փոխեց ոչ միայն քաղաքականության ընկալումը Ֆրանսիայում, այլեւ ողջ Եվրոպայում՝ ապացուցելով, որ ծայրահեղական ամբոխահաճությունը առժամանակ կանգնեցված է: Լը Պենն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը եւ հայտարարել նոր նախագահին ուժեղ ընդդիմություն դառնալու իր տրամադրվածության մասին:

Նախ եւ առաջ նկատելի է, որ Մակրոնի հաղթանակով վերականգնվեց հասարակական ու ակադեմիական շրջանակների վստահությունը սոցիոլոգիական հարցումների նկատմամբ: Ինչպես եւ կանխատեսվում էր նախընտրական շրջանում՝ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր ստացվեց, քանզի քվեարկությանը չմասնակցեց 12 միլիոն մարդ, իսկ անվավեր քվեաթերթիկները ավելին էին 4 միլիոնից: Նման ցուցանիշով այս ընտրությունը ռեկորդային էր վերջին 40 տարիների ֆրանսիական քաղաքականության համար: Եվ այդ պայմաններում էլ Մակրոնը հաղթեց 66 տոկոսով՝ մրցակցին թողնելով 34-ի սահմանագծին: Արեւմտյան մամուլը արդեն իսկ լցված է նոր նախագահի մասին բազմաթիվ պատմություններով՝ նրա անցած ճանապարհը մեկնաբանելով եւ ապագա քաղաքականության շուրջ հիմնավոր եւ անհիմն վերլուծություններով:
Արձանագրենք, որ Մակրոնի հաջողությունն ինքնին պարտությունն էր դասական քաղաքական կուսակցությունների, որոնք չկարողացան հասարակությանը փոխանցել իրենց մեսիջն ու համոզել իրենց ճշմարտացիության մեջ: Ֆրանսիացի ընտրողը նախընտրեց երկու թեկնածուների, որոնք չէին ներկայացնում վերջին 50 տարիներին ֆրանսիական քաղաքականությանն ընթացք տվող հիմնական կուսակցությունները: Ի դեպ, Մարին լը Պենը բազմիցս փորձում էր Մակրոնին առնչակցել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությանը եւ անձամբ նախագահ Օլանդին՝ փորձելով հասարակությանը համոզել, որ Մակրոնն ամենեւին էլ աութսայդեր չէ, այլ կառավարող էլիտայի անքակտելի մասը:

Անշուշտ, Լը Պենը ճիշտ էր, սակայն Մակրոնի թիմի կիրառած տեխնոլոգիաները հասարակական դիսկուրսը հաջողությամբ շեղեցին այդ խնդրից: Ի դեպ, դրան նպաստեց նաեւ Լը Պենի ընտրարշավի հռետորաբանությունն ու մասնավորապես նրա հոռետեսականությունը: Շարունակ բացասականի վրա կատարված շեշտադրումները վանեցին ֆրանսիացիներին՝ հակելով դեպի դրական տրամադրություններ ստեղծող Մակրոնի կողմը: Վերջինս մեկ այլ քաղաքական իրավիճակում կա՛մ պարզապես շանս չէր ունենա նախագահական մրցավազքում, կա՛մ էլ հանդես կգար Սոցիալիստական կուսակցության թեկնածուի կարգավիճակում՝ հաշվի առնելով փաստը, որ նա եղել է նախագահ Օլանդի՝ տնտեսական գծով խորհրդականը եւ ապա այդ ոլորտը համակարգող նախարարը: Սակայն Մակրոնը որսաց պահը՝ գիտակցելով, որ կուսակցությունների հեղինակազրկվածության ախտը հասել է նաեւ Ֆրանսիա եւ կարող է հսկայական ազդեցություն ունենալ նախագահական ընտրապայքարի վրա: Ի պատիվ Մակրոնի, իհարկե, նա չի փորձել սեւացնել ո՛չ Օլանդին, ո՛չ էլ նախկին կառավարություններին՝ շեշտելով փոփոխությունների հրատապությունը եւ ոչ այնքան նախկինում թույլ տված բացթողումները: Մինչդեռ Լը Պենի քաղաքական առաջարկները հիմնված էին բացառապես անցյալը քննելու վրա: Ուստի արձանագրելի է, որ Լը Պենը ճշմարիտ էր պատմական, Մակրոնը՝ քաղաքական գիտության դիրքերից:

Մակրոնի հաղթանակը զգալիորեն պայմանավորված էր իր մրցակցի անհատականությամբ, որը շատերի աչքում կրկնում էր ԱՄՆ նախագահ Թրամփին: Հաշվի առնելով համաշխարհային դժկամությունը վերջինիս նկատմամբ եւ նրա իշխանավարության 100 օրերի «արդյունքը»՝ Լը Պենը շանս չուներ: 2016թ. ԱՄՆ-ում Հիլարի Քլինթոնի ամբողջ հույսն այն էր, որ հանրապետականներից հենց Թրամփը լիներ իր մրցակիցը: Թեեւ դա փայլուն կերպով աշխատող տարբերակ կարող էր լինել, սակայն դեմոկրատները լրջագույն թերություն ունեին. նրանց թեկնածուն հենց Քլինթոնն էր: Ֆրանսիայում էլ Մակրոնը գուցե թե լուսանցքում հայտնվեր, եթե չպայթեր Ֆիյոնի շուրջ ծավալված ճգնաժամը, եւ վերջինս թավալգլոր կերպով չընկներ առաջատարի բարձունքից: Ֆրանսիայի հանրապետականների ներկուսակցական պայքարում հաղթելով բոլորին՝ Ֆիյոնը շատ լուրջ հայտ էր ներկայացրել՝ նույն արդյունքները նախագահի ընտրության ժամանակ կրկնելու համար: Եվ մի պահ իրական էր թվում հենց նրա նախագահությունը, մինչեւ որ մամուլը չսկսեց քանդել կծիկն ու բացահայտել Ֆիյոնի կողմից պետական միջոցները անձնական շահերին ծառայեցնելու դրվագները:

Որքան էլ զարմանալի թվա հայ իրականության համար, արեւմուտքում նույնիսկ օրինական, սակայն հասարակության մեծամասնության աչքում բարոյապես կաղացող իրադարձությունները ճակատագրական նշանակություն ունեն քաղաքական գործիչների կարիերայի համար: Երբ պարզվեց, որ Ֆիյոնը իր կնոջն ու երեխաներին գրանցել էր իբրեւ իր օգնականներ եւ փաստացիորեն ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ տրամադրել, այդ պահից ի վեր կանխորոշվեց նրա ձախողումը: Հայաստանյան քաղաքականությունում ճիշտ հակառակն է, որտեղ ոչ միայն բարոյական նկարագիրը կարեւոր չէ, այլեւ գործում է «որքան անբարոյական, այնքան հաղթական» բանաձեւը: Ինչեւէ, հարկ է արձանագրել, որ Ֆիյոնի տապալումը կանաչ լույս վառեց Մակրոնի հաղթանակի համար: Ֆրանսիական քաղաքականությունը նման իրավիճակի ականատես քանիցս եղել է, որոնցից հիշարժան է արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոսս-Կաննի հետ պատահած միջադեպը: Վերջինս համարվում էր Սարկոզիի՝ երկրորդ ժամկետի համար պայքարում ամենալուրջ մրցակիցը: Երբ նա հայտարարեց ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, անմիջապես մամուլում հայտնվեց նրա անվան հետ անմիջականորեն կապված սկանդալը՝ Ստրոսս-Կաննին մեղադրելով բռնաբարության փորձի մեջ: Նրա քաղաքական կարիերան խորտակվեց, ինչից, սակայն, Սարկոզին էլ չշահեց՝ պարտվելով Օլանդին: Այս անգամ արդեն նույն ճակատագիրն էր սպասվում Սարկոզիին ներկուսակցական ընտրություններում հաղթած Ֆիյոնին, որը վճռական պահին գոտկատեղից ներքեւ ստացված մի հարվածով զրկվեց նախագահական երազանքներից:

Ն. Հովսեփյան




Լրահոս