Հետընտրական զարգացումների և մոնոպոլիայի հետևանքը. գնաճը երկար սպասեցնել չտվեց

Հետընտրական զարգացումների և մոնոպոլիայի հետևանքը. գնաճը երկար սպասեցնել չտվեց

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաներում թանկացումներ է արձանագրել: Ուշագրավ է, որ այս թանկացումները արձանագրվել են հենց հետընտրական շրջանում:

Այսպես՝ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, ներքին շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ինչը պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի թանկացումով, որոնց գնաճը կազմել է 1.9 տոկոս: Մասնավորապես սննդամթերքը մեր հանրապետությունում թանկացել է 2 տոկոսով: Հիմնականում թանկացել են միրգը, ձկնամթերքը եւ բանջարեղենը: Օրինակ՝ բանջարեղենի շուկայում այս տարվա ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 28, իսկ 2017թ. մարտի համեմատ` 8 տոկոս գնաճ:

Հայաստանի ձկնամթերքի շուկայում եւս զգալի թանկացումներ են արձանագրվել: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` ապրիլին, մարտի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 6.3 տոկոս: Իսկ ահա այս տարվա ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն թանկացել է 23.6 տոկոսով: Օրինակ՝ իշխան ձկնատեսակի մեկ կիլոգրամը տեւական ժամանակ է, ինչ վաճառվում է 2200-2300 դրամով: Մինչդեռ անցած տարվա ընթացքում այն վաճառվել է 1800-1900 դրամով:

Նշենք, որ ՀՀ բոլոր քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, ձկնամթերքի գներն աճել են 2.9-11.4 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան քաղաքում: Երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձկնամթերքի գներն աճել են 5.7 տոկոսով: Մրգի շուկայում նույնպես ԱՎԾ-ն թանկացումներ է արձանագրել. այս տարվա ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 22.2 տոկոս, իսկ մարտի համեմատ` 3.4 տոկոս գնաճ: Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո, օրինակ, բանանը զգալի թանկացավ: Իսկ բանանի միակ ներկրողը ,Քեթրին գրուպե-ն է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանը: Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարները: Հավանաբար սա է պատճառներից մեկը, որ ԱՎԾ-ն մրգի շուկայում գնաճ է արձանագրել:

Մսամթերքի շուկան եւս զերծ չի մնացել թանկացումներից. այստեղ գրանցվել է 1.2 տոկոս գնաճ: Նույն իրավիճակն է նաեւ շաքարավազի շուկայում, որտեղ այս տարվա ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 15.6 տոկոս, իսկ մարտի համեմատ՝ 0.5 տոկոս գնաճ: Նկատենք, որ տնտեսության մեջ մոնոպոլիաների առկայությունը բացասական ազդեցություն է թողնում մեր երկրի զարգացման վրա, քանի որ մրցակցությունը բացակայում է: Ինչպես հայտնի է` շաքարավազի մոնոպոլիան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանն է: Հենց այս պատճառով է, որ շաքարավազը ներքին շուկայում թանկանում է, չնայած նրան, որ միջազգային շուկայում դրա գները նվազում են: Ի դեպ, թանկացել են նաեւ ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն եւ ծխախոտը: Օրինակ՝ ծխախոտի գնաճը կազմել է 0.7 տոկոս:

Բենզինն ու դիզելային վառելիքը այս ապրիլին, մարտի համեմատ, կրկին թանկացել են. դրանց գներն աճել են համապատասխանաբար 2.3 եւ 0.6 տոկոսով: Ինչպես հայտնի է` Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ նավթամթերքի ինքնարժեքը բարձր է: Արդյունքում բենզինը մեր հանրապետությունում վաճառվում է թանկ գնով: Ըստ տնտեսագետների` իրականում այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունում առկա է մրցակցային ցածր մակարդակ: Ինչը վառ արտահայտված է նաեւ բենզինի շուկայում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ բարձրացել են նաեւ առողջապահության, հյուրանոցային ծառայությունների սակագները: Իսկ օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագները բարձրացել են 6.6 տոկոսով:

Բայց թանկացումները միայն այսքանով չեն սահմանափակվի, պարզապես գնաճի հիմնական ալիքը կնկատվի մայիսի վերջին կամ հունիսին` Երեւանի ավագանու ընտրություններից հետո. չէ՞ որ այդ ժամանակ էլ ընտրակաշառք է բաժանվելու, ծախս է արվելու, եւ հետո գալու է գումարները ետ հավաքելու պահը: Այնպես որ, սպասենք նոր թանկացումների:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ