Գերեզմանոցի հանգուցյալները, Հայաստանից բացակայողներն այլևս չեն կարող քվեարկել. միակ բանը մնում է ընտրակաշառքը. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանում տեղի ունեցան ավագանու ընտրությունները, որոնց արդյունքում ՀՀԿ-ն հավաքեց 71,25 տոկոս կամ 240036 ձայն, «Ելք» դաշինքը- 21 տոկոս կամ 70731 ձայն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը 7,75 տոկոս կամ 26109 ձայն:

Ձևավորված արդյունքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարո′ն Եղիազարյան, երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում:

-Արդյունքների մասին նախևառաջ պետք է հարցնել նրանց, ովքեր մասնակցել են այդ ընտրություններին: Մի բան կարող եմ ասել, որ, բնականաբար, չեմ մտածում, որ ՀՀԿ-ն Երևանում 71 տոկոս է:

Նկատվել է, որ ընտրատեղամասերից շատերում ընտրողների մեծամասնությունը չէր ներկայանում քվեարկությանը: Ձեր կարծիքով ի՞նչն է խնդիրը, արտագա՞ղթը:

-Այո, նախևառաջ բնակչությունն է պակասել: Հիմա ցուցակները փակցնում են պատերին. շատ հեշտ է գտնել այդ մարդկանց, ովքեր այստեղ չեն: Այդ է պատճառը, որ գերեզմանոցի հանգուցյալները, Հայաստանից բացակայողներն այլևս չեն կարող լինել ընտրացուցակներում և քվեարկել: Իմ կարծիքով` միակ բանը մնում է ընտրակաշառքը, ինչով մարդկանց կուղղորդեն, մեկ էլ թաղային հեղինակությունները: Սրանք են երկու հիմնական գործոնները, որոնք աշխատեցնում են և ստանում են համապատասխան տոկոսներ:

-Այսինքն ` այդ հիմական գործոններո՞վ է ՀՀԿ-ն կրկին հաղթանակ տարել:

-Չլինելով գործընթացի մեջ` ես հաստատ ոչ մի բան ասել չեմ կարող, որովհետև դուրս եմ եղել այդ ամեն ինչից: Բայց և այնպես մտածում եմ, որ երևանցին գլխապատառ, խելակորույս, իրեն կորցած չպետք է վազեր և ՀՀԿ-ին պետք է ձայն չտար: Եթե այն ընտրություններով լրջագույն դերակատարում ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի անձը, ապա այստեղ դա չկար, և մնում է մտածել, թե ինչ գործոններ են ազդել ընտրությունների վրա: Ես արդեն դրանցից հիմնական երկուսն ասացի:

Արփինե Թովմասյան




Լրահոս