Վերանորոգումից հետո Մայր թատրոնում շեշտը էլի դրվում է հին ներկայացումների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կյանքի կարուսել», «Երջանկության արցունքները» հեռուստանախագծերից հայտնի, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Վերջերս նա նկարահանվեց «Սահմանին» սերիալի 2-րդ մասում եւ այդքանով, կարծես, սահմանափակվեց:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ սերիալում նկարահանվելու առաջարկ ունի, այդ ուղղությամբ դեռ բանակցություններ են տարվում. «Հիմա ինձ համար էկրանից հանգստանալու ժամանակահատված է, մի փոքր դադար կառնեմ ու կներկայանամ նոր կերպարով»,-ասաց նա:

Փոխարենը Ռոմանը ստեղծագործական կյանքում թատրոնին առնչվող նորություններ ունի: Վերջերս, օրինակ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նրա մասնակցությամբ ներկայացման պրեմիերա` «Չառլեի մորաքույրը»: Իսկ մայր թատրոնում էլ տեխնիկական վերազինման աշխատանքներից հետո մեկնարկել է հին ներկայացումները վերականգնելու գործընթացը:

Մեր այն հարցին, թե որպես երիտասարդ կադր արդյոք ազգային ակադեմիական թատրոնում նոր շնչի, թարմ մոտեցումների կարիք զգում է, Ռոմանը պատասխանեց. «Թատրոնում վերանորոգման աշխատանքներից հետո էլ հին ներկայացումներ են մատուցվում, որոնք հարմարեցվում են նոր տեխնիկային: Որ ասեմ` թատրոնում թարմություն է մտել, կամ երիտասարդական ներկայացումներ են նորովի բեմադրվում, սխալ կլինի: Մասամբ երիտասարդական ներկայացում կարելի է համարել «Արծվաբույնը»: Նաեւ առաջիկայում վեր կանգնվելու է «Դեպք մետրոյում»-ը, որտեղ ես եւս խաղում եմ: Իհարկե, անհրաժեշտ են այնպիսի ներկայացումներ, որոնցում շատ երիտասարդներ ընդգրկված կլինեն:

Անշուշտ, ավագ սերունդն է թատրոնի հիմքը, բայց ժամանակն է, որ երիտասարդներն էլ ունենան այն հնարավորությունները, ինչ ավագ սերնդի ներկայացուցիչներն են ունեցել մեր տարիքում: Թող որպես գովասանք չհնչի` մեր թատրոնի երիտասարդները պահանջված են ե՛ւ սերիալներում, ե՛ւ գեղարվեստական ֆիլմերում, այնպես որ թատրոնի ռեժիսորներն էլ պետք է մտածեն նրանց պոտենցիալը ճիշտ օգտագործելու մասին»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս