ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնվել ենք լուրջ խնդրի առջև. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում պետական պարտքն աճել է երկրաչափական պրոգրեսիայով

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնվել ենք լուրջ խնդրի առջև. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում պետական պարտքն աճել է երկրաչափական պրոգրեսիայով

Հայաստանի պետական պարտքն այլեւս գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը: Վտանգավոր մի թիվ, որի հետեւանքը տանելու են ՀՀ շարքային քաղաքացիները:
Պաշտոնական տվյալներով՝ մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 37.4 մլն դոլար, որից միայն 5 մլրդ 514,3 մլն դոլարը կառավարության պարտքն է: Եւս մեկ ուշագրավ փաստ. այս տարվա հինգ ամիսների ընթացքում պետական պարտքն ավելացել է 95.3 մլն դոլարով. հունվարի 1-ի դրությամբ այն 5 մլրդ 942.1 մլն էր:

Փաստորեն, պետք է արձանագրենք՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 9 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է երկրաչափական պրոգրեսիայով: Եթե 2008թ. այն 1.9 մլրդ դոլար էր, ապա հիմա գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը, արդեն տարեվերջին նախատեսված է, որ պարտքը կմոտենա 6.5 մլրդի. այդպես է նախատեսված այս տարվա պետական բյուջեով: Իսկ միայն Կարեն Կարապետյանի վարչապետության այս կես տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը փաստացի ավելացել է 552.5 մլն դոլարով:

Ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է առաջին հայացքից: Հայտնագործություն արած չենք լինի՝ ասելով՝ եթե երկրի տնտեսությունը զարգանում է, ապա պետական պարտքի չափերն այնքան էլ վտանգավոր չեն: Ի վերջո, նորմալ երկրները պարտք են վերցնում՝ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այդպես՝ տնտեսության զարգացումը խթանելու նպատակով: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, տնտեսությունը շարունակում է մնալ վատթար վիճակում, եւ իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու՝ կառավարության ջանքերը որեւէ արդյունք չեն տալիս: Իսկ վերցված պարտքն էլ պարզապես արդյունավետ չի օգտագործվում. մի մասն ուղղվում է բյուջեի պակասուրդը փակելու վրա, մյուս մասը՝ ուղղակի մսխվում: Ի դեպ, 2017թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվության մեջ նշված է, որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են ավելի քան 33.4 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները՝ 14.2 մլրդ դրամ. սա՝ իմիջիայլոց:

 

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան, Հովսեփ Ենոքյան