Առաջնորդները կտրված են հասարակությանն իսկապես հուզող խնդիրներից. պարտված ընդդիմության տեղապտույտը Ֆրանսիայում և Հայաստանում

Առաջնորդները կտրված են հասարակությանն իսկապես հուզող խնդիրներից. պարտված ընդդիմության տեղապտույտը Ֆրանսիայում և Հայաստանում

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում ոչ միայն որոշվեց, թե ով է լինելու երկրի նախագահը, այլեւ հստակեցվեց, թե ով է լինելու առաջիկա տարիների թիվ մեկ ընդդիմադիրը` ի դեմս «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լը Պենի: Վերջինս շնորհավորել է իր մրցակցին հաղթանակի կապակցությամբ, ընդունել ընտրությունների արդյունքը եւ խոստացել վերակառուցել իր քաղաքական ուժը՝ պատրաստվելով հետագա քաղաքական պայքարին: Տպավորություն է, որ Լը Պենը նկատում է իր ղեկավարած ուժի թույլ կողմերը ու նախընտրում դրանք ինստիտուցիոնալ շտկման ենթարկելու միջոցով հարթել իր ճանապարհը Ելիսեյան պալատ հաջորդ ընտրություններում:

Արձանագրելի է, որ «Ազգային ճակատի» քաղաքական ողջ պատմության մեջ ամենատպավորիչ արդյունքն է ստացվել: Եվ հենց այդ հանգամանքի վրա էլ շեշտադրում կատարելով՝ Լը Պենն ընդունեց իր պարտությունը եւ ազդարարեց «Ազգային ճակատի» վերափոխման մասին: Լը Պենի պնդմամբ՝ իր ստացած քվեները հրաշալի հիմք են առաջիկա քաղաքական հարաբերություններում դիրքավորվելու ու նոր նախագահին ուժեղ ընդդիմություն դառնալու համար: Հատկանշական է, որ նրա հայրը 2002թ․երկրորդ փուլում պարտվել էր Ժակ Շիրակին՝ մոտ 22 տոկոս ստանալով, ինչը, այդուամենայնիվ, թույլ չտվեց «Ազգային ճակատին» դառնալ Ֆրանսիայի քաղաքական անկյունաքարային կուսակցություններից մեկը: Իրավիճակը փոխվեց 2017թ., երբ համաշխարհային միտումներից անմասն չմնաց նաեւ Ֆրանսիան՝ նախընտրությունը տալով դասական կուսակցություններից անջատված օպորտունիստներին:

Այժմ Լը Պենը կարծես տրամադրված է սթափորեն գնահատելու իրավիճակը, երբ հայտարարում է, որ ձեռնամուխ է լինելու «Ազգային ճակատի» վերակառուցմանը: Վերջինս ենթադրում է ոչ միայն նոր մարդկանցով կուսակցությունը համալրելու գործողություններ, այլեւ քաղաքական տեքստի ու տեսլականի զգալի վերանայում: Բնական է, որ նույն մեթոդաբանությամբ եւ հիմնավորումներով, որոնք այս ընտրություններում աջակցություն չստացան հասարակության մեծամասնության կողմից, Լը Պենը որեւէ շանս չի ունենա հաջորդ ընտրություններում: Ի դեպ, սա խնդիր է, որը չեն որսացել Հայաստանի ընդդիմության առաջնորդները: Հիշատակելի է, օրինակ, Վազգեն Մանուկյանի պարագան, որի տեքստը ոչնչով չփոխվեց 1996թ․ի վեր բոլոր ընտրություններում` թեկնածուին տրվող 40 տոկոս աջակցությունը հասցնելով 1 տոկոսի: Ինչեւէ, անկարող լինելով իր գաղափարները հասցնել ընտրողների մեծամասնությանն ու արժանանալ նրանց աջակցությանը՝ նախագահի արդեն նախկին թեկնածու Լը Պենը անուղղակիորեն ընդունում է իր թույլ տված սխալները, ինչի վկայությունն է նրա պատրաստակամությունը կուսակցությունը հզորացնելու ու լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ դառնալու հարցում:

Ի վերջո, նա հայտնվել է կատարված փաստին դեմ հանդիման, երբ իր մեսիջը չընդունվեց հասարակության կողմից: Քաղաքական ուժը կամ գործիչը, չկարողանալով համոզել իր ընտրողին, պիտի կա՛մ առժամանակ հեռանա քաղաքական թատերաբեմից, կա՛մ էլ անմիջապես ձեռնամուխ լինի ներկուսակցական հսկայածավալ ռեֆորմների: Քաղաքական մեկուսացման օրինակներ պատմությունը բազմիցս է տեսել, ինչպես նույն Ֆրանսիայում վարվեց Շառլ դը Գոլը, երբ փակեց իր միավորման գրասենյակներն ու հեռացավ՝ սպասելով ֆրանսիացիների «ազգովի խնդրանքին»: Նման մի իրավիճակ ստեղծվեց Հայաստանում 1998թ․, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը, անկարող լինելով թիմակիցներին համոզել իր ճշմարտացիության մեջ, հրաժարական տվեց եւ քաղաքական գործընթացներից փաստացիորեն մեկուսացավ մոտ 10 տարի:

Սակայն թե՛ դը Գոլի, թե՛ Տեր-Պետրոսյանի պարագայում գործեց ոչ թե ինստիտուցիոնալ վերափոխումների մեխանիզմը, այլ քաղաքական իրավիճակի փոփոխության, կամ ավելի ստույգ` դրա լճացման հետեւանքով ինչ-որ պահի ոչ պոպուլյար գործչի կերպարի վերաիմաստավորումը հասարակության աչքում ու նրան անվերապահ առաջնորդի կարգավիճակի վերաշնորհումը: Եվ հենց ինստիտուցիոնալ փոփոխությունների բացակայությունն էլ պայմանավորեց հաջողության կարճաժամկետությունը, երբ դը Գոլը հասավ նախագահի պաշտոնին, լուծեց Ալժիրի հարցն ու ներքաղաքական փոփոխությունների իր առաջարկներում կրկին չկարողանալով շահել ֆրանսիացիների համակրանքը՝ երկրորդ անգամ հեռացավ քաղաքականությունից:

Տեր-Պետրոսյանն իր իշխանության շրջանում հաջողությամբ լուծեց պետության հիմնադրման եւ պատերազմում հաղթանակի հարցերը, սակայն Արցախի խնդրի լուծման հարցում իր դիրքորոշման աջակիցներ չգտավ: 10 տարի անց վերադառնալով ակտիվ քաղաքականություն` նրա նախագահական երրորդ մարաթոնը փաստացիորեն կանգնեցվեց Մարտի 1-ի ոճրագործության գնով: Նույնիսկ ինչ-որ ժամանակահատված հենց նրա ղեկավարած քաղաքական ուժն էր Հայաստանում քաղաքական հարաբերությունների օրակարգի սահմանողը: Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանը 2017թ․անկարող եղավ Արցախի հարցի լուծման իր դիրքորոշման իրավացիության մեջ համոզել հանրությանը:

Երկու նախագահների ձախողման պատճառը, արդ, սոսկ անձնական փորձառության, անհատական հատկանիշների եւ խարիզմայի վրա հիմնված առաջարկների քաղաքականությունն էր՝ անհաղորդ հանրության ընկալումներին: Գուցե դը Գոլը իր ժամանակներում եւ Տեր-Պետրոսյանն էլ 1997թ-ին կամ այսօր ճշմարիտ էին իրենց մեկնաբանություններում, սակայն դրանից չի փոխվում իրերի դրությունը․այն է՝ նրանց առաջարկած լուծումների մեխանիզմները հասարակությունը չի ընկալում, եւ այստեղ խնդիրը ամենեւին էլ հասարակությունը չէ, այլ առաջնորդի կտրվածությունը հասարակությանն իսկապես հուզող խնդիրներից: Իսկ այդ ճեղքը ծածկելու միակ արդյունավետ տարբերակը ներկուսակցական վերափոխումներն են՝ առաջին հերթին բացթողումները տեսնելն ու դրանց շտկման ուղղությամբ լուրջ եւ հստակ քայլեր կատարելը:

Օրինակ՝ այսօր ԱՄՆ-ում դեմոկրատները կարծես հանգել են հենց այս գիտակցությանը` նկատելով, թե որպիսի վրիպում էր Քլինթոնի առաջադրումն ու բացառապես դրա հետեւանքով Սպիտակ տունը Թրամփի պես սկսնակին զիջելը: Ահա, Ֆրանսիայում Լը Պենին գուցե հաջողվի շեղվել տեղապտույտից եւ իր քաղաքական պարտությունը փոխարկել ինստիտուցիոնալ կառույց ձեւավորելուն, մի բան, որ Հայաստանի ընդդիմադիրներին կարծես չի «սպառնում»:

Ն. Հովսեփյան