ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են Թրամփին Էրդողանից պահանջել հարգել ժողովրդավարական արժեքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ 62 անդամ ստորագրել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը, որով հորդորում են նրան Սպիտակ տանը մայիսի 16­ -ին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջնային համարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Հիշեցնելով Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների շարունակվող անկումները՝ երկկուսակցական խումբը կոչ է արել նախագահ Թրամփին «լինել անկեղծ և հետևողական ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների աջակցության հարցում»: Օրենսդիրները հատկապես ընդգծել են Էրդողանի կառավարության կողմից քաղաքական ընդդիմադիր խմբերի ու ազգային փոքրամասնությունների, այդ թվում և քրդերի դեմ սպառնալիքների աճի փաստը: Կոնգրեսականների նամակն ուղարկվելու է նաև ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնին: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Արամ Համփարյանը ողջունել է Կոնգրեսի անդամների քայլը՝ նշելով, որ նախագահ Թարմփը կարող է առաջնահերթ դարձնել ամերիկյան սկզբունքները՝ պահանջելով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդների ազատ արձակումը և մերժելով պաշտոնական Անկարայի ճնշումներն ընդդեմ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության հիշատակման:




Լրահոս