Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ու մարզադպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրերը վերանայելու ընթացքին, որոնք հաստատվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության ու Կրթության և գիտության նախարարների կողմից: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտել աշխատանքները և ներկայացնել միջոցառումների հստակ ծրագիր:

Այնուհետև ներկայացվել են ուսումնական հաստատություններում և մարզադպրոցներում մարզադահլիճների և մարզական գույքի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Կարեն Կարապետյանը կարևորել է համապատասխան աշխատանքների իրականացումը և նշել, որ պետք է գնահատել ծախսերն ու ըստ այդմ իրականացնել մարզադահլիճների արդիականացման ծրագրեր: «Առողջ ապրելակերպը և սպորտը չափազանց կարևոր է և մենք մեր քաղաքային ու գյուղական համայնքներում պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, իրականացնենք համապատասխան քաղաքականություն»,- ասել է վարչապետը:

Նշվել է, որ ուսումնական հաստատությունների սպորտային դահլիճների և մարզադպրոցների բարեկարգման ու կառավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման նպատակով դիտարկվում է նաև պետություն-մասնավոր համագործակցության զարգացումը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման և դրան աշակերտների ու ուսանողների մասնակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկությունները: Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է լրջորեն ուսումնասիրել դրանք և իրականացնել առկա խնդիրների լուծման հստակ միջոցառումներ:




Լրահոս