Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի փորձագետը մարզչական սեմինար է անցկացնում Հայաստանում

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի փորձագետը մարզչական սեմինար է անցկացնում Հայաստանում

«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում այս օրերին Հայաստանում է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի փորձագետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վալերի Դվոյնիկովը:

«Օլիմպիական համերաշխություն»-ը միջազգային օլիմպիական կոմիտեի ծրագիր է, որն իրականացվում է ՄՕԿ-ի, Ազգային օլիմպիական կոմիտեների, միջազգային եւ ազգային ֆեդերացիաների հետ համագործակցելով:

Վալերի Դվոյնիկովը մարզիչների համար գործնական սեմինար է անցկացնում, որը նպատակ ունի բարձրացնելու մարզիկների պատրաստվածության մակարդակը:

«Տեղերում աշխատանքից շատ բան է կախված: Հենց այնտեղ է ձեւավորվում պատրաստի մարզիկը` հավաքականի կազմ մտնելու համար: Ձեր առաջատար ձյուդոիստները հիմա մասնակցում են միջազգային մրցաշարերի եւ հավաքների: Ուրախ եմ, որ հաջող հանդես եկան Եվրոպայի գավաթի փուլում: Իմ` մարզիկ եղած ժամանակ, Հայաստանից լավ ձյուդոիստների եմ հանդիպել: Բայց հիմա ձյուդոն տեղում կանգնած չէ, եւ ձեր մասնագետները պետք է աճեն: Այդ ցանկությունն ակնհայտ է նրանց մոտ»,- ասաց ՁՄՖ-ի փորձագետը:

Սեմինարին մասնակցում են 20 մարզիչներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Արցախից:

Միջոցառումը կավարտվի մայիսի 19-ին: