Զարուհի Փոստանջյանը ևս հիվանդանոցում է. որոնք կլինեն կուսակցության հետագա քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից ավագանու մանդատը ստացած Սոնա Աղեկյանը:

– Տիկի′ն Աղեկյան, օրերս տեղեկություն տարածվեց, որ կուսկացությունը հրաժարվելու է ավագանու մանդատներից: Կա՞ նման որոշում:

– Այս պահին մենք դեռ չունենք մեր կուսակցության գերագույն մարմնի ժողովի որոշումը, համաձայն որի` կարողանանք հստակ ասել՝ հրաժարվում ենք, թե չենք հրաժարվում: Երբ որ կլինի ժողովի որոշումը, այդ պահին արդեն կհրապարակենք և հանրությունը տեղյակ կլինի կուսակցության որոշման մասին:

– Իսկ ե՞րբ է նախատեսված ժողովը:

– Մոտ օրերս:

– Տիկի′ն Աղեկյան, հայտնի դարձավ, որ կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով: Ի՞նչ հույսեր ունեք՝  հաշվի առնելով այդպիսի դիմումների քննարկման պրակտիկան:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 13-ի, լույս 14-ի գիշերն արդեն մենք տեսախցիկներով արձանագրեցինք, որ չհրկիզվող պահարանը ոստիկանները տեղափոխում էին, դուռը բացվեց: Դրանից հետո արձանագրեցինք, որ բազում ընտրատեղամասերում ճհրկիզվող պահարանները ոչ տեսանելի վայրում են:

Եվ այն խախտումները, որոնք բերեցին ընտրությունների այս արդյունքին, այսինքն հստակ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը չի ճանաչում այս ընտրությունները որպես լեգիտիմ ընտրություններ և չի ընդունում դրանք: ԿԸՀ մենք դիմեցինք, որպեսզի անվավեր համարվեն ավագանու ընտրությունները, քանի որ ինչով այն ուղեկցվեց, մենք ասել ենք՝ եթե կպահանջեն ապացույցներ, փաստեր, մենք դրանք կներկայացնենք:

– Ի՞նչ վիճակում են գտնվում Զարուհի Փոստանջյանը և նրա դուստրը:

– Այս պահին և′ Լիլիթ Դրամփյանը, և′ Զարուհի Փոստանջյանը գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ հիվանդանոցում են: Բժիշկներն ասել են, որ վիճակը գնահատվում է նորմալ, բայց շատ այցելություններ չեն թողնում, չեն խրախուսվում: Նրանց համար այս պահին կարևոր է հանգիստը: Փոստանջյանը ստացել է նախաբազուկների սալջարդ, նրա դուստրը՝ գլխուղեղի ցնցում, սալջարդ ախտորոշում: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ավանի ընտրատարածքում։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին  Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից, ովքեր «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին և նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս էին բերել այնտեղից, իսկ այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս