ՄԱԿՐՈՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը օրեր են բաժանում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից, որոնցում հաղթող թեկնածուն համարվում է էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը: Այս իսկ պատճառով հարկ է ուշադրությամբ քննել այս թեկնածուի նախկին գործունեությունը եւ նրա առաջարկները Ֆրանսիայի ապագա քաղաքականության շուրջ:

Մակրոնը ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը, ինչպես նաեւ Ֆրանսիայի պետական ապարատի ղեկավարող կադրերի պատրաստման ազգային դպրոցի շրջանավարտ է: Այս հաստատություններում է, կարելի է ասել, կրթվել ու ձեւավորվել ֆրանսիական քաղաքական ընտրանին, եւ Մակրոնն էլ բացառություն չէ: Մինչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի տնտեսական գծով խորհրդական դառնալը, Մակրոնը Ռոտշիլդների ներդրումային բանկում բարձրագույն պաշտոններ է զբաղեցրել: 2014թ. օգոստոսին նա նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ինդուստրիայի նախարար եւ այդ պաշտոնը լքել է 2016թ. օգոստոսին՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ կապակցությամբ նա ստեղծեց իր «Առաջ» շարժումը, որը հանդես է գալիս իբրեւ լիբերալ-պրոգրեսիվ հոսանք եւ գործում է ֆրանսիական հանրապետականներից ու սոցիալիստներից անկախ:
Մակրոնը ընտրարշավի մեջ թաթախվեց ոչ հապճեպորեն՝ այդ մասին պաշտոնապես ազդարարելով միայն 2016թ. նոյեմբերին: Նախընտրական իր գաղափարներին ծրագրի կերպարանք հաղորդելու քայլից նա տեւական ժամանակ ձեռնպահ էր մնում՝ հարուցելով մրցակիցների զայրույթն ու քննադատությունը: Ի վերջո, մարտի 2-ին հրապարակեց իր նախընտրական ծրագիրը՝ որպես Ֆրանսիայում վերափոխումների համալիր մի փաթեթ: Վերլուծաբանները հասցրել են արդեն գնահատել Մակրոնի ծրագիրը՝ նրան կնքելով «սոցիալ-դեմոկրատի» պիտակով: Մակրոնը համարվում է, ընդհանուր առմամբ, կենտրոնամետ գործիչ, որի հայացքները մոտ կարող են համարվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ այլոց աշխարհընկալմանը: Մակրոնի առաջարկները առավելապես վերաբերում են սոցիալ-տնտեսական հիմնահարցերին: Նա կողմ է ազատ շուկայական հարաբերություններին՝ նվազեցնելով հանրային ֆինանսների պակասորդը: Սոցիալիստ նախագահի խորհրդականի ու նախարարի կարգավիճակները այնժամ անգամ չէին կաշկանդում նրան հայտարարելու, որ ինքն իրեն ո՛չ աջ, ո՛չ էլ ձախ չի համարում՝ մտահոգված լոկ համընդհանուր համերաշխության խնդրով: Այս առումով նա կարեւորում է թե՛ Կանադայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված պայմանագիրը՝ տնտեսական համագործակցության ու առեւտրի շուրջ, թե՛ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները ուժեղացնելու հարցերը: Մակրոնը առաջարկում է նաեւ որոշակիորեն վերանայել խաղի կանոնները ԵՄ-ի ներսում՝ կապված եվրոյի գոտում տիրող առեւտրային անհավասարակշռության հարցի հետ, որի համատեքստում Գերմանիան մեծ շահույթներ է ստանում:
Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հարցում Մակրոնը կրկին հավասարակշռության կողմնակցի դերում է հանդես գալիս: Թեպետ ժամանակին կոչ էր անում Սիրիայի հարցում անգամ երկխոսության նստել Ասադի հետ, սակայն քիմիական զենքի կիրառման շուրջ ծագած վերջին սկանդալից հետո նա հայտարարեց, որ պետք է ՄԱԿ-ի մանդատով ռազմական ներխուժում իրականացնել այդ երկիր: Սակայն պարզ է, որ Մակրոնի արտաքին քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած կլինի ԵՄ-ի խնդիրների ուղղությամբ՝ աշխարհաքաղաքական զարգացումներում հետապնդելով ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի կոնսենսուսին: Իսկ ԵՄ-ում իրավիճակը, իսկապես, լավագույններից չէ՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական դժվարություններն ու մշտական վեճերը, թե՛ գործնական աղետը՝ Միացյալ Թագավորության հեռանալը: Ընդունված է Մակրոնին համարել եվրոպամետ գործիչ, որը Ֆրանսիայի ապագան ԵՄ-ից դուրս չի տեսնում: Եվ այդ ապագայի կերտմանն էլ ուղղված է ԵՄ-ի ներսում փոփոխությունների հսկայական համալիրը, որ ներկայացրել է Մակրոնը: Նա առաջարկում է խորացնել կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ վերափոխումները, որոնց թվում՝ աշխատաշուկան, տնտեսական կառավարման տարածքը եւ այլն: Նա գտնում է, որ հարկային ու սոցիալական համակարգերը պիտի ներդաշնակեն միմյանց: Նախագահի թեկնածուն նաեւ կարիք է տեսնում ԵՄ նոր հանձնակատարի պաշտոնի ստեղծման համար, որը պատասխանատու կլինի եվրոյի գոտու, հատուկ այդ նպատակի համար գործող պառլամենտի ու բյուջեի համար: Մակրոնը նույնիսկ քարոզում է ԵՄ ներսում առանձին երկրներին սանկցիաներով պատժելու անհրաժեշտությունը: Խոսքն առաջնահերթորեն վերաբերում է Լեհաստանին ու Հունգարիային, որոնք հետեւողականորեն իրացնում են հակաեվրոպական քաղաքականություն, մասնավորապես կրթության ու փախստականների հարցերում: Մակրոնը խստագույնս տարբերվում է իր մրցակցից ներգաղթի քաղաքականության հարցում: Նա սատարում է «բաց դռների» քաղաքականությանը, որ ԵՄ-ի օրակարգ է մտցրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա կարծում է, որ Ֆրանսիան ունի ներգաղթյալներին ընդունելու հսկայական պոտենցիալ, ինչը կուժեղացնի առաջին հերթին տնտեսությունը: Դրա հետ մեկտեղ Մակրոնը դեմ է ապօրինի ներգաղթին՝ համարելով, որ այդ հարցում լուրջ վերահսկողության կարիք կա:
Մակրոնը ֆրանսիական քաղաքականության մեջ աութսայդեր չէ, բայց բավականին ճանաչված չի եղել եւ երբեւէ ընտրովի պաշտոնի չի հավակնել: Նա Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ գործիչն է, որ պայքարել է նախագահի պաշտոնի համար եւ թերեւս կդառնա Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը՝ 39 տարեկան: 1958թ. ի վեր Ֆրանսիայի նախագահի աթոռին բազմել են ավանդական կուսակցությունների՝ աջ եւ ձախ կենտրոնամետների թեկնածուները, իսկ այսօր դա այլեւս անցյալում է: Մակրոնը բնույթով կարծրատիպեր կոտրելու եւ ռիսկային որոշումներ կայացնելու հակում ունի, ինչպիսին նրա ընտանիքի ձեւավորման պատմությունն է: Հայտնի փաստ է, որ Մակրոնը ամուսնացել է 24 տարով իրենից մեծ նախկին ուսուցչուհու հետ: Այժմ, հստակ է միայն, որ նրա ընտրությամբ ԵՄ-ն կխուսափի ավերիչ երկրաշարժից, ինչը աշխարհաքաղաքական զարգացումների վրա, անշուշտ, դրական ազդեցություն կունենա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՐԵԼ

Երեկ գործադուլ է հայտարարել Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրենի հետ միասին: Պատճառը դպրոցի վիճակն է, եւ հիմա անձնակազմը պահանջում է հիմնանորոգել հիմնական դպրոցը:

Դպրոցի տնօրեն Գրիշա Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, ներկայացրեց, որ դպրոցում դասասենյակներ չկան, մասնաշենքը չի բավարարում աշակերտների քանակին: «Ազատ տարածք ենք գտնում եւ այն փորձում ենք ձեւափոխել ու նմանեցնել դասասենյակի, որպեսզի աշակերտները կարողանան նորմալ դաս անել, տեղավորվեն»,- վրդովված նկատեց տնօրեն Գեւորգյանը:
Տնօրենից տեղեկացանք, որ երեկվա գործադուլից հետո ինքը հանդիպել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: «Ասում է` դպրոցը նորոգելու հարցը ծրագրում է: Հստակ ժամկետներ չի նշում: Ուսուցիչներին փոխանցեցի մարզպետի խոսքը, իրենք էլ վրդովվեցին: Այսօրվա գործադուլը մեկօրյա նախազգուշական է: Մենք հույս ունենք, որ մեր բարձրացրած խնդիրը կհայտնվի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում»,- հույս հայտնեց հիմնական դպրոցի տնօրենը: Նրա խոսքերով՝ ուսուցչական կազմը տրամադրված է շարունակել գործադուլը: Նշենք, որ դպրոցն ունի մոտ 600 աշակերտ: Տնօրենը փոխանցեց, որ երեկվա բացը առաջիկայում կլրացնեն:
Դպրոցի հիմնանորոգման շուրջ զրուցեցինք նաեւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ: Վերջինս շտապեց հայտնել, որ հարցը բարձրացվել է ՀՀ կառավարությունում, այդ խնդրին տեղյակ է կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման, քաղաքաշինության նախարարությունները: «Ծրագիրը ներառված է դպրոցաշինության հրատապ ծրագրում, իսկ թե երբ կսկսվի շինարարությունը, դա արդեն իմ լիազորություններից դուրս է: Բայց կարծում եմ, որ այս տարի սայլը տեղից կշարժվի: Հստակ ժամկետներ չեմ կարող նշել»,- հայտարարեց մարզպետը:
Հուսանք՝ դպրոցի անձնակազմի այս քայլից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն խնդրի լուծմանը, չնայած եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԱԺ ընտրություններն արդեն ավարտվել են, եւ իշխանությունները տեւական ժամանակ որեւէ ակնկալիք չունեն ժողովրդից, չի բացառվում՝ խնդիրը շարունակի մնալ չլուծված:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՎԿԱՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում 2017թ. հունվարի 24-ից ընթանում է Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Նա նախկինում 3 անգամ դատվել է գողության, կողոպուտի եւ մարմնական վնասվածք պատճառելու համար: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտրած վերք ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4-րդ աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչ Գագիկ Ճաղարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Այդ օրը՝ մարտի 18-ին՝ նշված դեպքից առաջ, Վրեժ Մաթեւոսյանը եւ Գագիկ Ճաղարյանը փորձել են հրկիզել Գրիգոր Մաթեւոսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Դրանից հետո նրանց միջեւ բազմաթիվ անձանց ներկայությամբ կայացել է հաշիվների պարզաբանում: Սպանության եւ մարմնական վնասվածք հասցնելու պատճառը փողի հետ կապված խնդիրներն են եղել:
Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նշված քրեական գործով դատավարության մայիսի 3-ի նիստում ցուցմունք են տվել քրեական գործով 2 վկաներ: Դատավարության մասնակիցներից տեղեկացանք, որ նշված գործով վկաները խուսափում են դատական նիստերին ներկայանալ: Տավուշի ջրամբարի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին, դանակահարությանը, սպանությանը ներկա է եղել ավելի քան 20 հոգի, սակայն քրեական գործով վկաները քիչ են: Նրանցից 2-ը մեկնել են Ռուսաստան, հավանաբար այն նպատակով, որ դատարանում ցուցմունք չտան: Քրեական գործով 4 վկաների նկատմամբ դատարանի կողմից բերման ենթարկելու որոշում է կայացվել, սակայն ամեն անգամ, երբ ոստիկանները գնում են վկաներին դատարան բերելու, նրանք թաքնվում են:
Ի դեպ, քրեական գործով տուժած Վրեժ Մաթեւոսյանը դատարանում փոխել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը, ասել, որ իրեն դանակահարողը Գրիգոր Մաթեւոսյանը չի եղել, խառը կռիվ է եղել, ինքը չի տեսել, թե ով է հարվածողը: Գ. Մաթեւոսյանի հարազատների կողմից Բերդ քաղաքում լուրեր են տարածվում, թե Գ. Մաթեւոսյանը չէ հանցանքներ կատարած անձը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս