ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել զինվորական հոսպիտալ

ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել մարտական հերթապահություն իրականացնելու և մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորում ստացած և բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ: Առանձազրույցների ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների հուզական ապրումները և վարքային դրսևորումները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքն ու դիրքորոշումները, միջանձնային հարաբերություններով և զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կողմից հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են նաև զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները, ինչպես նաև զինծառայողների բժշկական փաստաթղթերը:
Այցի արդյունքներն ամփոփվում են՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու նպատակով:
Խորհրդի և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ այցերը կրելու են պարբերական բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ