Հարց քաղաքացիներից` ուսանողները կրթաթոշակ ստանալու իրավունք ունեն, թե՞ ոչ

Հարց քաղաքացիներից` ուսանողները կրթաթոշակ ստանալու իրավունք ունեն, թե՞ ոչ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ուսանողները կրթաթոշակ ստանալու իրավունք ունեն, թե՞ ոչ: Եթե այո, ապա ուզում եմ իմանալ` ո՞ր ուսանողները կարող են ստանալ, ո՞ւմ է տրվում կրթաթոշակ:

Իրինա Մարտիրոսյան (42 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում՝
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում).
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: ՀՀ պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: