Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում 4 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել

Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում 4 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել

Թբիլիսիում այսօր կավարտվի ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցումային վերջին օրը հայ ուշուիստները եզրափակչի չորս գոտեմարտերից երեքում հաղթանակ տարան:

Ոսկե մեդալ նվաճեցին` Արսեն Բաղրյանը (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյանը (56 կգ, երիտասարդներ) եւ Հայկ Գասպարյանը (56 կգ, մեծահասակներ): Ռեբեկա Բալասանյանն արժանացավ արծաթե մեդալի (65 կգ, երիտասարդներ):

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր 14 ուշուիստ ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5) եւ վին-չուն (2) դիսցիպլիններում: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը նվաճեց 4 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Մայիսի 20-ին կկայանա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը:

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր մարզիկների ելույթներից,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը,- մենք առաջին անգամ հանդես եկանք ավանդական, ոչ թե սպորտային ուշուում (սանդա): Արդյունքներն իրենցն ասում են:

Հիմա կպատրաստվենք Ունիվերսիադային (Թայբեյ, օգոստոսի 19-ից 30-ը) եւ աշխարհի առաջնությանը (Կազան, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը): Ունիվերսիադային մենք երկու մարզիկ կունենանք, իսկ աշխարհի առաջնությանը նախատեսում ենք հանդես գալ նվազագույնն ութ մարզիկով: