Գրիգորիչի «շուլուխների» շարքից չէր. Սերժ Սարգսյանի` մինչև 2040 թվականն իշխելու ակնարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ խորհրդարանական ընտրություններից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ «Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ պիտի լինի», շատերը լուրջ չընդունեցին այդ խոսքերը՝ մտածելով, որ սա պարզապես Գրիգորիչի «շուլուխների» շարքից է: Մինչդեռ այդ հարցազրույցում Գալուստ Սահակյանն առավել քան անկեղծ էր գտնվել եւ պատասխանելով հարցին՝ արդյոք 2018թ. ապրիլից՝ նախագահի լիազորությունների ավարտից հետո, Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը , ըստ էության խոստովանել էր իշխանության հեռահար նպատակների մասին:

Հիմա այդ ամենի մասին բարձրաձայնում է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը, իհարկե, ոչ ուղղակի, բայց միանգամայն բացահայտ տեքստով: Այս առումով պատահական չէր նորընտիր խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձը:
Խոսելով իշխանության առաջիկա ծրագրերի մասին՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ ժամկետներ մատնանշեց ու կոնկրետ ցուցանիշներ խոստացավ: Ու այդ ամենը ոչ թե հինգ տարվա կտրվածքով, այլ մինչեւ 2040 թվականը:
Մի քանի մեջբերում Ս. Սարգսյանի ուղերձից. «2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ եւ հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ եւ կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականին մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները:
… Արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման հետեւանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետեւ նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչեւ ՀՆԱ 50-55 տոկոսը:
Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:
Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:
Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների՝ հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասել է նա:

Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ սովորաբար իշխանություններն իրենց ծրագրերը կազմում են պաշտոնավարման ժամկետների սահմաններում: Տվյալ դեպքում՝ խոստումները պետք է լինեին հինգ տարվա կտրվածքով: Ի վերջո, Հայաստանում նոր Սահմանադրության համաձայն՝ իշխանությունն արդեն ձեւավորվում է խորհրդարանական ընտրությունների միջոցով, իսկ հաջորդ ընտրությունները սպասվում են 2022 թվականին: Ու մինչ այդ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ տեսք կունենա նոր խորհրդարանն այդ ժամանակ, ո՞վ կլինի իշխանություն:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը երեկ հրապարակել է իր իշխանության ծրագիրը, այն էլ՝ 25 տարվա կտրվածքով: Սա, ինքներդ եք հասկանում, պատահական չէ: Սա բացահայտ հայտարարություն է այն մասին, որ առնվազն մինչեւ 2040 թվականը Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, եւ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ լինելու է այդ իշխանության գլխին: Պատահական չէ, որ իր խոսքում նա մի քանի անգամ շեշտում է. «2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք»: Այսինքն՝ ոչ թե որեւէ ուրիշ կուսակցություն, այլ հենց իրենք:
Այս ամենի մեջ, սակայն, հետաքրքիր է մեկ այլ փաստ. ինչպե՞ս է իշխանությունն իրագործելու այս խոստումները, մասնավորապես բարելավելու ժողովրդագրական իրավիճակը՝ դադարեցնելու արտագաղթն ու բարձրացնելու ծնելիությունը, եթե բացահայտ հասկացնում է, որ առաջիկա 25 տարիներին չի լինելու իշխանության որեւէ փոփոխություն, եւ պետության ղեկը մնալու է ՀՀԿ-ի ձեռքին. մի կուսակցության, որն այս 20 տարիների ընթացքում միմիայն ձախողումներ է գրանցել: Այսքանից հետո շատ ավելի մեծ է վտանգը, որ պետությունից առանց այն էլ օտարված հասարակության մեջ հիասթափության եւ արտագաղթի նոր ալիք կբարձրանա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս