ԴԱՀԿ պետն էլ է իմ կադրը եղել. Միհրան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային սկանդալի հետեւանքով ՀՀ թերեւս «ամենայուղոտ» պաշտոնից հրաժարական տված ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը երեկ Ազգային ժողով էր եկել։ Նա իջել էր գեներալի իր բարձունքից եւ շարքային մահկանացու պատգամավորների հետ կողք կողքի նստել։ Այսուհետ Միհրան Պողոսյանը եւս կդառնա շարքային կոճակ սեղմող։
Իսկ ինչ է նա մտածում նախկինում իր կողմից զբաղեցրած պաշտոնին հայտնված պետի մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Միհրան Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նոր ղեկավարի գործունեությունը:

-Շատ լավ:

-Ձեր հեռանալուց հետո ԴԱՀԿ նախկին աշխատակիցները մեկը մյուսի հետեւից հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Կոնկրետ 2014-2016թթ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել: Այսինքն՝ Ձեր ղեկավարման օրոք, այսպես ասած, թալանչի պաշտոնյանե՞ր են աշխատել ԴԱՀԿ-ում։

-Եկեք, գնահատականներ չտանք: Միշտ եղել են նման կարգի խնդիրներ, եւ էդ կարգի խնդիրներին համապատասխան գնահատական է տրվել: 8 տարի ես կառավարել եմ այդ ծառայությունը, եւ այդ 8 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որոշակի պատճառներից ելնելով՝ տրվել է քրեաիրավական գնահատական տարբեր դեպքերի առիթով, ուղարկվել է դատախազություն: Եվ դա նորմալ պրոցես է: Ցանկացած կառույց պետք է անընդհատ ինքնամաքրվի: Համապատասխան մարմիններ կան, որոնք իրավասու են, իրենց ֆունկցիոնալ պարտականությունն է տալ համապատասխան քրեաիրավական գնահատկաններ: Եվ իրենք իրենց գործը պետք է անեն:

Պարո՛ն Պողոսյան, բայց նկատում ենք, որ Ձեր հեռանալուց հետո է սկսվել այս գործընթացը:

-Սխալ եք նկատում, ես նորից եմ բարձրաձայնում: Բազմաթիվ դեպքեր կան, եւ դա շարունակական բնույթ կրող երեւույթ է, դա նորմալ է ցանկացած կառույցի համար:

Ձեր գնալուց առաջ Արմեն Հարությունյանին Դուք երաշխավորեցիք, որ հենց նա լինի ԴԱՀԿ պետ, որպես վստահելի մարդ: Բայց հետո կարծեք՝ նա Ձեր դեմ սկսեց աշխատել։

-Արմեն Հարությունյանը ժամանակին եղել է իմ խորհրդականը, որից հետո եղել է վերահսկողության պետ, հետո իմ միջնորդությամբ նա ներկայացվել է որպես գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, հետո նախագահի հրամանով նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Եվ վերջին ժամանակներս նա արդեն կառույցի ղեկավար է նշանակվել: Ես կարծում եմ, որ այն երկար տարիների փորձը, որ Ա. Հարությունյանը կուտակել է, դա բավականին լուրջ փորձ է, եւ վստահ եմ, որ ինքը նորմալ կաշխատի:

-Պարո՛ն Պողոսյան չե՞ք կարծում, որ նա Ձեր դեմ է աշխատում, քանի որ Ձեր նախկին կադրերին մեկը մյուսի հետեւից հեռացնում է աշխատանքից:

-Բոլորն են իմ կադրերը եղել: Ինքն էլ է իմ կադրը եղել:

-Բայց Ձեր դեմ է աշխատում…

-Իմ դեմ աշխատել գնահատականը մի քիչ ճիշտ չէ տալ: Ես ավելի ուրախ կլինեմ՝ ինքը կառույցի համար աշխատի: Ցանկացած ոք, որ աշխատում է կառույցում, աշխատի կառույցի համար: Մենք 8 տարի աշխատել ենք կառույցի համար՝ օր ու գիշեր: Եվ կայացրել ենք մի կառույց, որը հայտնի չէր, եւ որը շատ քիչ գործառույթներով էր զբաղված եւ բավականին տեսանելի չէր դաշտում։ Եվ 8 տարվա ընթացքում մենք կարողացանք էնպիսի մի կառույց ստեղծել, որը միջազգային հարթակներում ճանաչելի դարձավ: Եվ ոչ միայն միջազգային հարթակներում, նաեւ Հայաստանում իր ուրույն տեղը կարողացավ գրավել: Ես հույս ունեմ, որ էն թիմը, որ թողել եմ էնտեղ, հավուր պատշաճի կշարունակի էդ առաքելությունը:

-Մամուլում հրապարկվեց այն մասին, որ Դուք ցանկություն եք հայտնել լինելու Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է՝ հաշվի առնելով օվշորային Ձեր պատմությունները:

-Չի եղել նման բան:

Իսկ Դուք ցանկություն հայտնե՞լ եք լինել հանձնաժողովի նախագահ:

-Հանժնաժողովի նախագահ լինելու խնդիրը քննարկվել է կուսակցությունում, եւ ինձ համար, իմ ցանկություններից շատ ավելի վեր է կուսակցության դիրքորոշումը: Ես ընդունում եմ կուսակցության դիրքորոշումը:

-Դուք եղել եք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ, հիմա՝ ԱԺ պատգամավոր: Արդյո՞ք սա իջեցում չէ: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը: Լուրջ պաշտոնից դարձել եք շարքային պատգամավոր:

-Ես խնդիրը չեմ նայում՝ իջեցում կամ բարձրացում: Ես բազմիցս ասել եմ՝ խնդիրը կայանում է մի հարցում. ծառայել ժողովրդին: Ես այդ ուժը ունեմ եւ կարծում եմ՝ ոչ պակաս առաքելություն ունեմ ես այստեղ, քան հարկադիր կատարման ծառայության ոլորտում:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս