Ինչ կրճատումներ են սպասվում ՀԷՑ-ում. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 9,7 տոկոս, ինչը նախորդ տարիների համեմատ 3 տոկոսով նվազել է: Այս մասին օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Նա նաեւ ներկայացրեց ընկերության 2016 թվականի արդյունքերը:

Ընկերության գլխավոր տնօրեն Կ. Հարությույանի խոսքերով` անցած տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 201 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որով նախատեսված է ընդլայնել բաշխիչ ցանցերը, ՀԷՑ-ը տեխնիկապես վերազինել, ինչպես նաեւ` հաշվարկման ավտոմատացված համակարգ ներդնել: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ընկերությունում առաջիկայում կրճատումներ կլինեն:

«Այո, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ օպտիմալացումների արդյունքում սպասվում են կրճատումներ, սակայն մեր աշխատակիցներին տեղեկացրել ենք, որ ընկերության ղեկավարությունը, սեփականատերը ունի սոցիալական ուղղվածության հստակ քաղաքականություն, եւ մեր այն աշխատակիցները, ովքեր կրճատվում են, տեղափոխվում են նոր ստեղծվող աշխատատեղեր կամ նվազագույնը մեկ տարի շարունակում են որոշակի աշխատավարձ ստանալ»,- հայտարարեց ՀԷՑ գլխավոր տնօրենը:

Ի դեպ, ասուլիսի ընթացքում ե՛ւ Կարեն Հարությունյանը, ե՛ւ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը խոսեցին էլեկտրաէներգիայի շուկայի հնարավոր ազատականացման մասին: Ըստ Հարությունյանի` այժմ մասնագիտական կառույցները զբաղվում են դրանով: Իսկ Դարբինյանի խոսքերով՝ այդ դեպքում ՀԷՑ-ը կդառնա էլեկտրաէներգիա բաշխողը: «Շուկայի ազատականացման պարագայում մենք ընդամենը մատուցելու ենք մեր ծառայությունը. էլեկտրաէներգիա արտադրողից այն գնելու ենք եւ տեղափոխենք, հասցնենք այն կազմակերպություններին, որոնք կվաճառեն բնակչությանը, արդյունաբերությանը եւ այլն»,- տեղեկացրեց Կ. Դարբինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց` հնարավոր է, որ էլէներգիայի սակագինը նվազի՝ հաշվի առնելով, որ կորուստները էապես նվազել են: Հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Կորուստների ազդեցությունը սակագնի վրա կլինի 2020 թվականին: Մեր մասով միայն կարգավորովում է էլեկտրաէներգիայի առքի եւ վաճառքի տարբերությունը` մարժան»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի հետ:

-Պարո՛ն Դարբինյան, էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականին 2015-ի համեմատ 6.1 տոկոսով նվազել է: Այսինքն՝ 2016 թվականին արտադրվել է 7 մլրդ 798 մլն 100 հազար կիլովատ ժամ, իսկ 2015-ին` 7 մլրդ 315 մլն 300 հազար կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն՝ 482 մլն 800 հազար կիլովատ ժամով էլէներգիայի արտադրությունը նվազել է: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Պատճառներից մեկն այն է, որ նվազել են ընկերության կորուստները, այսինքն՝ էլեկտրաէներգիայի գողությունն է պակասել, որը որ մի մասով բերել է ընդհանուր արտադրության նվազմանը: Նաեւ մեկ այլ պատճառ էլ կարող է լինել` եղանակային պայմանները: Չէ՞ որ 2016 թվականի ձմեռը ավելի խիստ էր, քան 2015-ինը: Նվազեցման այլ պատճառ չեմ տեսնում: Մեզ մոտ բաժանորդների քանակը չի պակասել, հակառակը` ավելացել է: Մի բնակիչ-բաժանորդի միջին ծախսը նույնպես չի նվազել, այլ ավելացել է:

-Անցած տարի 2015 թվականի համեմատ նվազել են նաեւ ընկերության էլեկտրաէներգիայի կորուստները: Կնշեք, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Ձեր կողմից, որոնք նախորդ տարիներին չեն արվել:

-Առաջին հերթին դրվել է տեսուչների խրախուսման մեխանիզմ. երբ ժամանակին տեսուչները ստանում էին իրենց 80 հազար դրամի չափով աշխատավարձը` լավ թե վատ կատարեին, այդ գումարն անփոփոխ էր: Իսկ ներկա պահին տեսուչը աշխատանքը լավ կատարելու դեպքում մինչեւ 300 հազար դրամ կարող է աշխատավարձ ստանալ: Իմ կարծիքով՝ գրավականը դա է: Երկրորդ հերթին՝ վերահսկողության ծառայություններն ենք ուժեղացրել, որով վերահսկվում է եւ արգելվում գողությունը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս