Մենք տեխնիկական հագեցվածության խնդիր չունենք. գրականությունը քիմիա կամ ֆիզիկա չէ. Վարդան Դևրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Դեւրիկյանն արդեն երկու տարի է` պաշտոնավարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ինչ է արել վերջին տվյալ ժամանակահատվածում. «Ամեն դեպքում, նահանջ չի եղել: Յուրաքանչյուր տարի էլ փոքր առաջընթաց եղել է: Ես կարողացել եմ երիտասարդ աշխատակիցների ընդունել եղած հնարավորությունների հաշվին, շարունակել հայ դասականների գործերի տպագրությունը: Բացի այդ` հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին 3-4 ծրագիր կունենանք արտաքին ֆինանսավորմամբ»,-պատասխանեց պարոն Դեւրիկյանը:

Նրա խոսքով` նյութական խնդրիներից զատ` կարեւոր է ինստիտուտի մասնագետների պատրաստվածության հարցը. «Տեսականորեն մեզ կարող են իքս գումար տրամադրել` որեւէ ծրագիր իրականացնելու համար, բայց մենք անհրաժեշտ մտավոր ներուժը չունենանք»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ ավագ սերնդի ներկայացուցիչ-գիտնականներն ավելի խորը գիտելիքներ ունեն, քան երիտասարդները, սակայն վերջիններս, որոնք երբեմն առավել մակերեսային պատրաստվածություն ունեն, ավելի ճարպիկ են այդ գիտելիքները ռեալիզացնելու առումով:

Մենք հետաքրքրվեցինք` այս տարիների ընթացքում ինստիտուտում տեխնիկական առումով համալրում եղել է, թե ոչ. «Ամեն դեպքում, մենք փորձարարական ինստիտուտ չենք… Իմ` տնօրեն դառնալուց հետո 6 համակարգիչ էր հրատապ անհրաժեշտ, դրանք ձեռք ենք բերել, հիմա մտածում ենք տեխնիկական վերազինմամբ դահլիճ ունենալու մասին, որպեսզի կարողանանք գիտական տարբեր կոնֆերանսներ կազմակերպել: Մենք տեխնիկական հագեցվածության խնդիր չունենք, որովհետեւ մեր մասնագիտությունն ինքնին նման հարցադրում չի դնում. գրականությունը քիմիա կամ ֆիզիկա չէ, որ հատուկ սարքեր պետք լինեն»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը դեռեւս երկու տարի առաջ նկատել էր, որ ինստիտուտը «շատ սովետական է՝ սկսած լուսամուտներից»:
«Պատկերացրեք՝ գրականության ինստիտուտ, որը ունի համաշխարհային կապերն ուսումնասիրող բաժին, եւ որում միայն մեկ համակարգիչ կա, այն էլ՝ քարտուղարուհու մոտ: Եվ ոչ մի բաժին ապահովված չէ նվազագույն իսկ գույքով»,-ասել էր նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս