Քաղաքականությունն ամենամեծ բիզնեսն է դարձել Հայաստանում. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարեւորագույն համարվող երկու ընտրություններն էլ արդեն անցյալում են: Արդյունքում՝ գործող իշխանությունը ոչ միայն անխոչընդոտ կերպով վերարտադրվեց, այլեւ էլ ավելի ամրապնդեց դիրքերը: Սակայն թե՛ խորհրդարանական եւ թե՛ Երեւանի ավագանու ընտրությունները փաստեցին, որ Հայաստանում տարեցտարի մեռնում է կլասիկ քաղաքականությունը՝ իր տեղը զիջելով բացահայտ եւ համատարած քաղաքական կոռուպցիային:

Արդյո՞ք քաղաքական մշակույթի այսպիսի դեգրադացիան Հայաստանին չի տանում մեկուսացման. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ժամանակի ընթացքում Հայաստանում ընտրությունները քաղաքական գործընթացից վերածվեցին ընդամենը փող աշխատելու ձեւի:

-Որովհետեւ Հայաստանում խնդիրը շատ ավելի խորքային է: Քաղաքականությունն ամենամեծ բիզնեսն է դարձել Հայաստանում, եւ կարող ես ուղղակի ոչինչ չանել, ոչինչ չարտադրել, ունենալ պաշտոն եւ այդ պաշտոնի հաշվին կուտակել անսահման հարստություն: Շատ դեպքերում դա արվում է ուղղակի պետական բյուջեն յուրացնելով, շատ դեպքերում՝ պետական հովանավորչությունն օգտագործելով: Ես հիշում եմ, որ այս վերջին ընտրություններին՝ ապրիլի 2-ին, Քանաքեռ-Զեյթունում խանութի մի աշխատակից բավականին լավ կամերաների առջեւ ձեւակերպեց, որ վերեւից ներքեւ կոռումպացված են, որ վերեւից վերցնում են, ես ինչի չպետք է վերցնեմ: Այսինքն՝ դա տոտալ դարձել է մտածողություն, վարքագիծ:

Տարիներ առաջ մի խոսակցություն, ականջովս ընկավ, երկու կանայք մեկը մյուսի հետ զրուցելով՝ ասում էին՝ ամուսինս անցած ընտրություններին խալի առավ, այս մի ընտրությանը փոշեկուլ կառնենք: Հասկացա, որ բոլորի համար ուղղակի դա փող աշխատելու ձեւ է, այսպես գեղեցիկ հեքիաթ են հորինել բոլորը, որ իրենցից ոչինչ կախված չէ: Փորձում են իրենք էլ իրենց խաբել եւ հավատալ այդ հեքիաթին եւ նաեւ այդպես լեգենդ են դարձրել, որ պետք է մի տասը հոգի գան, ազատեն իրենց ամեն ինչից, հետեւաբար քանի դեռ այդ 10 հոգին չկան, իրենք պետք է ապրեն, այս խաղի շրջանակներում իրենք էլ իրենց փայը փախցնեն: Եվ արդյունքում՝ ոչ մի ծրագիր, ոչ մի գաղափարախոսություն, եւ Դուք տեսաք, այսպես ասենք, քաղաքական գործիչները, բառիս բուն իմաստով, ջախջախիչ պարտություն կրեցին ոչ քաղաքական գործիչներից: Հաղթեց փողը, ահա այդպես:

-Բայց տարիներ առաջ ընտրակաշառք երեւույթի տարածվածութունն ու մասշտաբներն ավելի փոքր էին, այդպես չէ՞:

-Մասշտաբները հիմա գնալով ավելի են մեծանում, հասարակության ավելի լայն շերտեր են ներգրավվում դրանում:

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Աճի խնդիրը պայմանավորված է նրանով, որ չվերցնողներն են արդեն հուսալքությունից թողնում Հայաստանը եւ գնում: Հենց դրա համար մենք ունենում ենք վերին աստիճանի մասսայական պատկերը, հավատացնում եմ Ձեզ, որ մեկնողների ճնշող մեծամասնությունը ազնիվ մարդիկ են, ովքեր ուղղակի խեղդվում են այս մթնոլորտում, եւ, բնականաբար, նրանց թիվը պակասում է, իսկ կաշառքով ընտրողների թիվը մեծ է:

-Կարո՞ղ ենք հետեւություն անել, որ Հայաստանում վերացել է կլասիկ քաղաքականությունը:

-Այո՛, քաղաքականությանը սպանել են:

-Մի՞թե քաղաքական այսպիսի մշակույթը Հայաստանին չի տանում մեկուսացման:

-Սա տանում է Հայաստանի փլուզման, ոչ թե մեկուսացման, որովհետեւ անծրագիր, անգաղափար, անտեսլական… գիտեք, սա նման է, որ մեքենան չիմանա, թե ուր է գնում, մեքենանան չունենա ա եւ բ կետ, եւ մեքենան չիմանա, թե ինչպես է ա-ից բ կետ հասնելու: Իսկ սա նշանակում է, որ ուղղակի մեքենան, ի վերջո, դեգերելու է:

-Իսկ հնարավո՞ր է ստեղծված ճահճից դուրս գալ:

-Ես երբեք կյանքում ոչինչ անհնար չեմ համարել, բայց, ցավոք սրտի, այս պահին այդպիսի նախանշաններ չեմ տեսնում, այդպիսի առողջացման միտումներ, ձայներ, կոչեր չկան ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ներսում: Ընդդիմության ներսում տոտալ դեպրեսիա է, հասարակության մեջ տոտալ հիասթափություն, իշխանության մոտ տոտալ բավարարվածության: Ի վերջո, իշխանության բոլոր մակարդակներում, այսպես ասած, անցավ, անկորուստ, անպրոբլեմ վերարտադրություն է: Բայց այս ամբողջը նման է նրան, երբ տան տակն անընդմեջ ջուր է լցվում, եւ շենքը միառժամանակ բոլորի աչքի առջեւ կանգուն մնալուց հետո մեկեն, միանգամից փլուզվում է:

Վահագն Հակոբյան




Լրահոս