ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի շուրջ հերթական սկանդալն է բարձրացել. կենտրոնում այս անգամ արդեն անձամբ նախագահն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի շուրջ հերթական սկանդալն է բարձրացել, որի կենտրոնում այս անգամ արդեն անձամբ նախագահն է: Ամերիկյան լրատվամիջոցները նոր թափով են տարածում տեղեկություններ այն մասին, որ նախագահը գաղտնի տվյալներ է փոխանցել Ռուսաստանին, ինչը վերլուծական ու լրագրողական շրջանակներում որակվում է իբրեւ ապօրինություն` արժանանալով խիստ քննադատության: ԱՄՆ-ում արդեն սկսել են ավելի հաճախ խոսել իմպիչմենտի մասին:

Թրամփի` Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու օրերից ի վեր գրեթե ամեն շաբաթ մամուլը հանդես է եկել նրա մասին սկանդալային հրապարակումներով: Քանի դեռ Թրամփը սոսկ թեկնածու էր եւ ոչինչ ավելին, դրանք վտանգավոր չէին թվում, սակայն այժմ արդեն խոսքը վերաբերում է պետության առաջին դեմքին եւ ԱՄՆ Զինված ուժերի գերագույն հրամանատարին: Նախկինում ռուսական շրջանակների հետ կապերի ու անթույլատրելի շփումների մասին առկա տեղեկություններում գործող անձինք Թրամփի վարչակազմի անդամներն էին, որոնց կարելի էր օրնիբուն քննադատել, ծաղրել եւ անգամ պաշտոնանկ անել առանց վարանելու: Այսօր արդեն Թրամփն է հայտնվել գործողությունների կիզակետում: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թրամփը աշխատանքից հեռացրեց իր շրջապատի ներկայացուցիչների եւ ռուսական ղեկավարության գաղտնի կապերի մասին լուրերի իսկությունը քննող ՀԴԲ-ի ղեկավարին:

Դրանից անմիջապես հետո ամերիկյան լրագրողները հետազոտական աշխատանքին ձեռնամուխ եղան նոր թափով, ինչի արդյունքը դարձավ Washingtonpost-ի հրապարակումն այն մասին, որ ս.թ. մայիսի 10-ին նախագահ Թրամփը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բացահայտել է Իսլամական պետության վտանգավոր ահաբեկչական գործողությունների մասին իսրայելական հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկությունները` կապված օդանավերում համակարգիչների կիրառության հարցի հետ: Ըստ ամերիկյան պարբերականի աղբյուրների` Թրամփը տեղեկատվական բացահայտումներ է արել ՌԴ ԱԳ նախարարի ու դեսպան Կիսլյակի առաջ` վտանգելով նյութի ու դրա հեղինակի գաղտնիությունն ու հետեւաբար անվտանգությունը: Խնդիրն այն է, որ մրցակից տերությանը նման գերգաղտնի տեղեկություններ տրամադրելով՝ Թրամփը թե՛ վտանգի է ենթարկել ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկատվական աղբյուրներ հանդիսացող անհատներին, թե՛ մեծ հարված հասցրել հետախուզական աշխատանքների հետագա ընթացքին: Ենթադրվում է, որ ռուսները կարող են օգտագործել այդ տեղեկությունները ի նպաստ իրենց ու ԱՄՆ-ի թշնամիների:
ԱՄՆ-ի ղեկավար շրջանակները հասցրել են ԶԼՄ-ների տեղեկությունները որակել իբրեւ կեղծիք` պնդելով, որ որեւէ արտակարգ բացահայտում տեղի չի ունեցել:

Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականը, ԱՄՆ պետքարտուղարը եւ հանդիպման այլ մասնակիցներ հրապարակավ պնդել են, որ նախագահը քննարկել է ընդհանուր հարցեր` առանց անդրադառնալու կոնկրետ տեղեկությունների, դրանց աղբյուրների, հավաքագրման մեթոդների եւ այլն: Նախագահ Թրամփը, սակայն, չդավաճանելով իր բնավորությանը, հպարտորեն հայտարարել է, որ իր բացարձակ իրավունքով է ահաբեկչության մասին ունեցած տեղեկությունները փոխանցել ռուսներին: Այդ քայլը բացատրելով մարդասիրական պատճառներով` նախագահը հավելել է, որ նպատակ ունի ՌԴ-ին տրամադրել ԻՊ-ի ու ահաբեկչության դեմ պայքարին: Ստացվում է, որ Թրամփը, այդուհանդերձ, ինչ-որ գաղտնի տեղեկություններ հայտնել է Լավրովին, հետեւաբար ամերիկյան լրատվականների ու հատկապես դեմոկրատների դժգոհությունը հիմնավորված է:

Ի դեպ, ՌԴ-ի հետ գերգաղտնի տեղեկություններով փոխանակվելու Թրամփի քայլը զայրացրել է նաեւ եվրոպացիներին: Եվրոպական մամուլում արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք առանցքային երկրների հատուկ ծառայություններ վճռել են սահմանափակել համագործակցությունը ամերիկյան կոլեգաների հետ` մտավախություն ունենալով, որ իրենց հայթայթած տեղեկությունները այդքան հեշտորեն կհայտնվեն ռուսների ձեռքում: Այստեղ արդեն բարձրանում է ամերիկյան հատուկ ծառայությունների վստահելիության խնդիրը, որոնց հետ գուցե այլեւս աշխատել չցանկանան ոչ միայն տեղական աղբյուրները` վախենալով իրենց անվտանգության համար, այլեւ գործընկեր ինստիտուտները` զգուշանալով իրենց գաղտնի տվյալների ինքնանպատակ ու վտանգավոր կիրառությունից:


Իրավամբ, Թրամփը հայտնվել է բավականին աննախանձելի իրավիճակում, քանզի իր գործողություններով եւ դրանց` հատկապես օրենքի տեսանկյունից կաղացող բացատրություններով նա իրեն մղում է փակուղի: ԱՄՆ-ում գործնական հողի վրա է դրվում նախագահական լայն լիազորությունների չարաշահումը, որն ավելի խորանալու միտումներ ունի: Թրամփը իրեն պատասխանատու չի զգում հանրության առաջ, ուստի եւ արհամարհում է ԶԼՄ-ներին ու պնդում իր ճշմարտացիությունը թվիթերյան գրագրության միջոցով: Բայց եւ այնպես, ԱՄՆ-ում հավասարակշռության մեխանիզմը չափից դուրս լավ է աշխատում` զինված պետականության ինստիտուտների հզոր փորձառությամբ, որպեսզի թույլատրի նախագահների բռնատիրական հակումների խորացումը: Եթե Թրամփը շարունակի նույն գործելակերպը, որն ակնհայտորեն կոտնահարի ամերիկյան ընտրախավի շահերը, նրա պաշտոնանկությունը լիովին իրական կդառնա: Արդեն իսկ երեւելի հանրապետականները բարձրաձայնել են իրենց խորը մտահոգությունները նախագահի պահվածքի առթիվ:

Ի դեպ, ԱՄՆ-ի քաղաքական թատերաբեմում նախագահի իմպիչմենտի գործընթացի ու պատմության մեջ դրա ունեցած նախադեպերի մասին սկսել է խոսվել դեռ Թրամփի երդմնակալության օրերից` որպես նրա նախագահության անփառունակ վախճանի գուշակություն: Նրան հատկապես համեմատում են հանրապետական մեկ այլ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, որը պաշտոնը թողեց Կոնգրեսում իմպիչմենտի ենթարկվելու սպառնալիքի ներքո: Ճակատագրի հեգնանքով երկու նախագահներն էլ մոտ են բնավորությամբ, ԱՄՆ հայտնի պետական գործիչ Քիսսինջերի հետ մտերմությամբ եւ դեպի իրենց ատելությամբ լցված դեմոկրատների ընդդիմությամբ:

Ն. Հովսեփյան




Լրահոս