ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի վտանգավոր հետեւանքներն իրենց զգացնել կտան առաջիկայում, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը: Սա այն պարզ պատճառով, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր պատրաստ չէ ստեղծված նոր իրավիճակին. գործել խորհրդարանական համակարգում:

Առայժմ մեզանում գործում է կառավարման կիսանախագահական համակարգը, իսկ խորհրդարանական համակարգի Հայաստանը լիարժեք անցում կկատարի 2018թ. ապրիլից, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները: Միայն թե ակնհայտ փաստ է՝ Հայաստանի քաղաքական դաշտը դեռեւս պատրաստ չէ խորհրդարանական կառավարմանը: Ու չնայած Սերժ Սարգսյանի պնդումներին, թե նոր համակարգի գործունեության դեպքում սպասվում է «քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում, դա նշանակում է նաեւ զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարեւորագույն նախապայմաններից մեկն է», ԱԺ վերջին ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները հակառակն են վկայում:
Եւ այսպես՝ ակնհայտ է, որ նոր ձեւավորված խորհրդարանը շատ ավելի վատն է, շատ ավելի ապաքաղաքական, քան նախորդը: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ նաեւ նոր խմբակցությունների կազմին. հատկապես իրենց մեծությամբ առաջին երկու խոշոր խմբակցություններում ընդգրկված են մարդիկ, որոնք որեւէ առնչություն չունեն քաղաքականության, օրենսդիր մարմնի հետ, չունեն երկրի զարգացման որեւէ տեսլական կամ անգամ մոտավոր պատկերացում, հատկապես՝ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձածները: Լավագույնը, որ նրանք կարող են անթերի անել, անհրաժեշտ օրերին խորհրդարան գալն է, դահլիճում իրենց աթոռը գտնելը, քվեարկությունների ժամանակ հրահանգված կոճակը սեղմելն ու վերջ: Բացի այդ՝ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձան գերազանցապես ապաքաղաքական մարդիկ, որոնք ընտրվեցին բացառապես տիրապետած ֆինանսական հսկայական եւ վարչական ռեսուրսների շնորհիվ, եւ նրանց համար մանդատը ոչ թե պատասխանատվություն է, ոչ թե երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք, այլ ոմանց դեպքում բիզնեսն ապահովագրելու միջոց, ոմանց համար էլ՝ ուղղակի շքեղություն կամ թիթիզություն: Մեկ էական հանգամանք եւս. նոր խորհրդարանը ձեւավորվեց հիմնականում 10 հազարական դրամների շնորհիվ, ու թեեւ այս ԱԺ-ն արտահայտում է ժողովրդի կամքը, բայց եւ այդ կամքը ձեւավորվել է քվեների առքուվաճառքի, այլ ոչ թե գաղափարական ընտրության արդյունքում: Իսկ այդպես ձեւավորված խորհրդարանը բնական է, որ չի կարող ճիշտ գնահատել պետության առաջ կանգնած մարտահրավերներն ու դիմագրավել դրանց, չի կարողանա խնդիրների լուծման ուղղությամբ ճշգրիտ քայլեր իրականացնել: Ի դեպ, որ նոր խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդը, փաստում են անգամ հենց նոր ԱԺ-ի պատգամավորները. օրերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նման հայտարարություն էր արել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
Բայց այս իրավիճակը միանգամայն բնական է մի երկրում, որտեղ քաղաքական, կուսակցական համակարգը ոչ միայն դեռ կայացած չէ, այլեւ շատ հեռու է կայանալուց: Խորհրդարանական հիմնական կուսակցությունների ներսում իսպառ բացակայում է ժողովրդավարությունը. այդ է վկայում «Ծառուկյան» դաշինքի` մանդատներ ստանալու վերաբերյալ հետընտրական սկանդալը, այդ են վկայում ՀՀԿ-ում տիրող բարքերը, երբ դեռ մինչեւ վերջին օրը պատգամավորի թեկնածուներից ոչ մեկը չգիտեր՝ ինքը ցուցակում որերորդն է, կամ ընտրվելուց հետո արդյո՞ք կստանա մանդատը, թե՞ կգործուղեն գործադիր: Եւ հետո, այդ կուսակցություններին հիմնականում անդամագրվում են ոչ թե հանուն գաղափարի, այլ իշխանական կամ ֆինանսական ռեսուրսներից օգտվելու եւ «փայ փախցնելու» համար: Ասել է, թե կուսակցությունները հենց իրենց անդամների կողմից որպես քաղաքական գործիք չեն դիտվում: Բավական է միայն հիշել վերջին 30 տարվա քաղաքական առնետավազքի պատմությունը՝ համոզվելու համար, որ անկախ կուսակցականների թվից, միեւնույն է՝ կուսակցությունները Հայաստանում կայացած չեն եւ իշխանությունից կամ ֆինանսական լծակներից զրկվելու հաջորդ իսկ պահից հայտնվում են փակման եզրին: Այնպես որ, այդ պարագայում բնական է՝ խորհրդարանական կառավարման համակարգը որեւէ կերպ չի կարող լինել արդարացված: Առնվազն առաջիկա մի քանի տասնամյակների հեռանկարում Հայաստանում կառավարման նախագահական համակարգն այլընտրանք չունի, եւ չի բացառվում՝ քաղաքական կամ արտաքին ռազմական ցնցումները ստիպեն իշխանություններին՝ վերադառնալու նախագահական կամ գոնե՝ կիսանախագահական համակարգի (ափսոս, միայն, որ այդ ցնցումների արդյունքում կունենանք անդառնալի կորուստներ): Իսկ եթե իշխանություններն իրոք ուզում էին գնալ երկրի կառավարման այս տարբերակի, ապա նախ եւ առաջ պետք է քաղաքական դաշտը նախապատրաստեին նոր իրավիճակին, որից հետո արդեն փոխեին համակարգը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԵՎՐՈՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է արդարադատության նախարարությանը հատկացնել 52 հազար 565 եվրոյին համարժեք դրամ: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով անցած տարվա նոյեմբերի 24-ի վճռի համաձայն` ՀՀ կառավարությունը դիմումատուին պարտավոր է վճարել 2400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Իսկ ահա «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ գործադիր մարմինը դիմումատուին վճարելու է 50 հազար 165 եվրոյին համարժեք դրամ: Ի դեպ, նշված գործերով ՄԻԵԴ-ի վճռով գումարի վճարման վերջնաժամկետը մայիսի 24-ն է: Նշենք, որ Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել էր Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության մեջ։ Նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հետո հրաժարվել`պնդելով, թե ինքը չի սպանել Սոխակյանին, մինչդեռ դատարանը նրա պնդումները հաշվի չի առել։ Իսկ 2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի հայրը՝ Հրաչ Մուրադյանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, եւ նրան պատճաշ բուժօգնություն չեն տրամադրել։ Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը։ Ու բոլոր կայացված ապօրինի վճիռների համար հատուցում են ՀՀ հարկատուները։

 

 

ՌԴ-ՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ
Այս տարվա մարտին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 52 մլն 984 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա մարտի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 14 մլն 890 հազար դոլարով: Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը մարտ ամսին կազմել է 17 մլն 624 հազար դոլար, որը այս տարվա փետրվարի համեմատ էլի 176 հազար դոլարով ավելացել է: Եթե եռամսյակային կտրվածքով դիտարկենք, ապա այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 99 մլն 71 հազար դոլար, որը անցած տարվա եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 50 մլն դոլարով: Այսինքն՝ անցած տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 50 մլն 504 հազար դոլար: Ըստ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի՝ վերջին ամիսներին Ռուսաստանում նկատվում է որոշակի կայունություն, ինչով էլ հենց պայմանավորված է աճը, ինչը սակայն դեռ չի հասել նախաճգնաժամային մակարդակին։ «Հաշվի առնելով, որ նախորդ տարի զգալի անկում է եղել, այս տարվա 50 մլն դոլարի աճը այդքան էլ մեծ չէ։ Հիշենք, որ մի քանի տարի առաջ տրանսֆերտների տարեկան ծավալը անցնում էր 2 մլրդ դոլարը»,- նկատեց տնտեսագետը:

 

 
ՉԻ ՀԵՌԱՑԵԼ
«Քաղաքականությունից ես չեմ էլ հեռացել, որ վերադառնամ»,- լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք՝ նա տարեսկզբին լքել էր ՀՀԿ-ն եւ երեկ կուսակցություն վերադառնալու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նշել է, թե ինքը նման ծրագրեր առայժմ չունի: «Ես ամեն ինչի մասին մտածում եմ: Եվ հետեւում եմ ամեն ինչին, գործընթացներին»,- ասել է Աբրահամյանը: Միաժամանակ նա նշել է, թե գոհ է նոր կառավարության աշխատանքից:

 

 

ԵԹԵ ԶԳԱՐ
«Երեւի, եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ ինձ նման զգար իր վրա այս ամենը, երեւի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ»,- երեկ ասել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Միաժամանակ նա կիսվել է Շուշիի ազատագրման վերաբերյալ իր հուշերով. «Ռումբերից մեկը ընկել էր մեր հարեւանի տան վրա: Ես բակում էի ու միանգամից տեսա՝ ինչ-որ արյուն եմ զգում ինձ վրա, չեմ հասկանում, թե ինչ էր: Պատուհանները փշրվել են, ու ես հասկացա, որ այդ փշուրներն են իմ վրա, ու այդ վերքերը այդ փշուրների վերքերն են: Սարսափելի էր… »:

 

 

ԿՈՐՈՒՍՏ ՉԷ
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե իշխանությունների կյանքի իմաստն ու նպատակն էր, որ ՀԱԿ-ը չհայտնվի ԱԺ-ում, եւ իրենք հասան այդ նպատակին. «Ճիշտ է, ի՞նչ գնով՝ ընտրակեղծարարության գնով, բայց ասեմ ձեզ՝ պարտությունը ընտրակեղծարարության հետեւանքով ես չեմ համարում ինչ-որ մի կորուստ։ Դա իրականում պարտություն չէ։ Մաքուր ընտրություններում մի օր պայքարենք, տեսնենք, թե իրենցից ինչ է մնում, եւ այդ օրը կգա, երբ որ մաքուր ընտրություններում, հավասար պայքարում իրենցից բան չենք թողնի, կջախջախվեն»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ՀԱԿ հետագա գործունեությանը, կուսակցության փոխնախագահը նշել է. «Մեր օրակարգը նույն է, եւ մենք հասնելու ենք հաղթանակին, որովհետեւ թույլ չենք տա, որ մեր ժողովուրդն այսպիսի վիճակում հայտնվի՝ թաղված կոռուպցիայի մեջ, երբ որ չեն թողնում մարդկանց աշխատել, երբ որ արդարադատության բոլոր սկզբունքները քայքայված են, մարդիկ պետական ինստիտուտների նկատմամբ կորցրել են հավատը եւ արտագաղթում են։ Մենք չենք թողնի, որ ժողովուրդը մնա այս վիճակում»։ Միաժամանակ նա խոսել է ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին՝ նախազգուշացնելով. «Ադրբեջանը ժամանակ չի կորցրել ու բավականին լուրջ սպառազինություն է գնել: Հնարավոր է՝ ինչ-որ պահի Ադրբեջանը փորձի գրոհի անցնել»:

 

 

ԼԱ՞Վ, ԹԵ՞ ՎԱՏ
Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունում տեղի ունեցած նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությանը, որի առթիվ, ինչպես հայտնի է, հարուցվել է քրեական գործ: «Եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերվում, եթե ճիշտ չի, իրավապահ մարմինները կհայտարարեն»,- ասել է Կարապետյանը:




Լրահոս