Սեյրան Օհանյանն իշխանական Օլիմպո՞ս է վերադառնում. ինչո՞ւ ՕՐՕ-ի առաջնորդները միայն հիմա սկսեցին հիշեցնել իրենց մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններում ի սկզբանե բավականին մեծ հավակնություններով հանդես եկած ՕՐՕ դաշինքի առաջնորդները ապրիլի 2-ին կրած ջախջախիչ պարտությունից հետո, բառիս բուն իմաստով, անհետացան՝ որեւէ հրապարակային խոսքով հանդես չգալով: Եթե մինչ այդ սպասվում էր, որ նրանք կնախաձեռնեն հետընտրական ակտիվ գործընթացներ, անգամ առաջնորդների կողմից հնչում էին հայտարարություններ, թե իրենք այս անգամ մինչեւ վերջ են գնալու, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո եղավ ընդամենը հայտարարություն, որ այս փուլում հետընտրական պայքար ծավալելու հանրային պահանջ չկա:

Ինչեւէ: Ըստ երեւույթին հաղթահարելով հետընտրական առաջին շոկը՝ ՕՐՕ-ի առաջնորդները կարծես թե կամաց-կամաց փորձեր են անում քաղաքական կյանք վերադառնալու: Մասնավորապես Սեյրան Օհանյանի՝ Ռուսաստան արտագաղթելու մասին տարածված եւ տեւական ժամանակ չհերքված տեղեկությունները երեկ ոչ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքեց նրա տիկինը՝ Ռուզան Խաչատրյանը: «Սրանք երեւի թե մամուլի ենթադրություններն էին: Դուք գիտեք, որ ինքը երկար տարիներ մեր ռազմաքաղաքական պատասխանատուներից մեկն է եւ չի դադարի երբեւիցե լինելուց: Չեմ կարծում»:

Թե ինչ ասել է՝ պաշտոնաթող գեներալը չի դադարի ռազմաքաղաքական պատասխանատու լինել, դժվար է միանշանակ ասել: Արդյոք նախկին ՊՆ նախարարի գերակտիվ կինն այս հայտարարությամբ ակնարկում էր Օհանյանի՝ իշխանական Օլիմպոս վերադարձի հնարավորության մասին, թե նա պարզապես նկատի ուներ այն, որ Օհանյանը պաշտոնից հեռանալով՝ չի դադարում լինել կրողը գերգաղտնի տեղեկատվության եւ այդպիսով մնալ ռազմաքաղաքական պատասխանատու, թերեւս պարզ կդառնա առաջիկայում: Համենայն դեպս, Սեյրան Օհանյանի՝ Հայաստանում լինելու փաստի արձանագրումն, այն էլ նման նրբին ակնարկով, ուշագրավ է:

Էլ ավելի ուշագրավ է այն, որ հենց երեկ որոշեց իր մասին հիշեցնել ՕՐՕ դաշինքի մեկ այլ առաջնորդ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մասնավոր միջոցառումներից մեկի ժամանակ պատրաստակամորեն պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ հայտարարեց, թե պատրաստ է համագործակցել ընդդիմադիր լայն դաշտի հետ՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական:

Ամբողջ հարցն այն է, թե ներկայիս իրավիճակում Հովհաննիսյանի հետ համագործակցելն այլեւս ում է հետաքրքիր լինելու՝ հաշվի առնելով այն, որ նրա «Ժառանգություն»-ից մնացել են փշրանքներ: Հովհաննիսյանը, սակայն, անհրաժեշտ համարեց հիշեցնել. ««Ելք»-ը եկել է, ուր որ եկել է, որովհետեւ ունեցել է նախորդներ, ունեցել է օրինակներ: …Պետք չէ մեծամտանալ: …Թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Զարուհի Փոստանջյանը շատ բան սովորել են «Ժառանգությունից»»:

Մնում է սպասել, թե ինչպես իր մասին կհիշեցնի ՕՐՕ-ի վերջին Օ-ն՝ Օսկանյանը:




Լրահոս