ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները կմիանա՞ն «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 30-ին` ժամը 11:00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հակաիրավական է համարում տեղի ունեցող նիստերը եւ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի ավագանու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամների կողմից գումարվող նիստերի իրավազորությունը:

Մինչ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ նրանց կոալիցիոն գործըներ Դաշնակցության ավագանու անդամները արդեն որերորդ անգամ նիստ են գումարում եւ հարցեր որոշում, Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց իրավաբաններն արդեն ավարտել են Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացը.

«Մյուս շաբաթվա ընթացքում պատգամավորական ստորագրությունների հավաքման պրոցեսը կլինի, որպեսզի պատգամավորների ստորագրություններով դիմվի Սահմանադրական դատարան»,- ասաց Մարուքյանը: Վերջինս դժվարացավ հայտնել, թե կոնկրետ ե՞րբ կդիմեն Սահմանադրական դատարան՝ նշելով, որ մյուս շաբաթվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, ասել է, թե 105 պատգամավորներից առնվազն 21 հոգու ստորագրության դեպքում հնարավոր կլինի դիմել ՍԴ:

Իսկ արդյո՞ք պատրաստվում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցին միանալ «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որոնք նույնպես բոյկոտում էին ավագանու նիստերը. այս հարցի պատասխանը դեռեւս հայտնի չէ: Դիմումն ամբողջական պատրաստ լինելու դեպքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը կդիմի ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությանը՝ իրենց հայցին միանալու առաջարկով:

Մանրամասները`  տեսանյութում

Վահագն Հակոբյան , Հովսեփ Ենոքյան




Լրահոս