Նոր սերնդին ենք փոխանցում անկախ Հայաստան, ազատագրված Արցախ և հպարտության զգացում. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» ավարտական միջոցառմանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նրանք կյանք են մտնում մեր պետության համար վճռական և պատասխանատու փուլում. «Որպես նոր սերունդ՝ ձեզ փոխանցվում է անկախ Հայաստան, ազատագրված Արցախ, ազգային կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում: Դուք պետք է այս գաղափարները տանեք առաջ՝ մեր ընդհանուր նպատակների իրագործման համար: Համոզված եղեք, որ մեր երկիրը ձեր պատասխանատվության ներքո է գտնվում, և կյանքը ձեզ ուր էլ տանի, դուք մնում ենք այդ պատասխանատվության կրողը և մեր ժողովրդի 5000-ամյա պատմության շարունակողը»,-իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել, որ յուրաքանչյուր աշակերտի ապագայի համար վճռական նշանակություն է ունենում միջավայրը, որ ապահովում է դպրոցը, թաղամասը, քաղաքի կամ գյուղի այն հատվածը, որտեղ անցել են դպրոցական տարիները:

ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոցը տալիս է ոչ միայն գիտելիք, այլ նաև անկրկնելի արժեքներ, որոնց կարևորությունն առօրյայում գուցե չի նկատվում, սակայն դրանք այն կարևոր արժեքներն են, որոնք դրվում են մարդկային և ազգային արժեհամակարգի հիմքում: Լևոն Մկրտչյանը տոնի առիթով շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ ընդգծելով, որ նրանց աշխատանքի ամենամեծ ձեռբերումն այն է, որ Հայաստանն աշխարհի արժեքային քարտեզի վրա շարունակում է ընկալվել որպես գիտակրթական տարածք, որտեղ մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում. «Մենք տարիներ առաջ դրեցինք եվրոպական կրթական տարածքի հիմքերը և այսօր արդեն ունենք որոշակի արդյունքներ՝ կրթական չափորոշիչների, կրթական ձևաթղթերի առումով: Մեր կրթական համակարգն այսուհետ ընկալելի է Եվրոպական կրթական տարածքում, որտեղ դուք կարող եք ազատ տեղաշարժվել և գտնել ձեր տեղն ու ընթացքը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Լրագրողների հետ զրույցում Լևոն Մկրտչյանը, տարիների հեռվից վերհիշելով իր դպրոցական տարիները, խոստովանել է, որ Վերջին դասի խորհրդի մեջ շատ բան չի փոխվել. «Ես Չարենցի անվան դպրոցում եմ սովորել, և «Վերջին զանգը» դպրոցական տարիների ամենաանմոռանալի օրերից մեկն էր: Հիմա, երբ մենք երևանյան սովորական մի դպրոցում ենք, շատ տարբերություն չեմ տեսնում միջավայրի և մթնոլորտի մեջ. ըստ էության, ավանդույթը փոխանցվում է, որը շատ կարևոր է»,-նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ մինչև այսօր էլ իր ամենամտերիմ ընկերները շարունակում են մնալ համադասարանցիները:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է նաև իրեն ուղղված այլ հարցերի, որոնք վերաբերել են դպրոցների միավորմանը և խոշորացմանը, ավարտական քննությունների կազմակերպմանը և այլ հարցերի:
Նշենք, որ Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ, որոնցից 100-ն այս տարի ավարտում են դպրոցը:




Լրահոս