Ո՞վ էր Տիգրան Սարգսյանը մինչև ԵՏՄ կոլեգիայի նախագահ դառնալը. երկրի տնտեսությունն ավիրած պաշտոնյայի բարձրագոչ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին վարչապետ, իսկ այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձել է ԵՏՄ անդամ երկրների տնտեսական վիճակին՝ հայտարարելով, թե այս տարվա առաջին եռամսյակում բոլոր հինգ պետություններում զգալի աճ է գրանցվել:

«2017 թվականին ԵԱՏՄ բոլոր հինգ պետությունում 2014 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է զգալի տնտեսական աճ»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը եւ հավելել, որ 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին ԵՏՄ արտաքին առեւտրի ծավալը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելացել է 29,6%ով, իսկ փոխադարձ առեւտրի աճը կազմել է 31,1%: «Ավելանում է ընկերությունների թիվը, որոնք ներդրումներ ունեն ԵԱՏՄ պետություն-գործընկերներից: Աճում է տնտեսության իրական սեկտորը, բեռնա եւ ուղեւորափոխադրումների ծավալը: Հանձնաժողովի կանխատեսումը մինչեւ 2019 թվական՝ կայուն-բարենպաստ»,- ընդգծել է նա:

Տիգրան Սարգսյանի այս ելույթը հիշեցրեց «Ոսկե հորթը» ֆիլմի հայտնի դրվագը. «Գնացե՛ք Կիեւ եւ այնտեղ հարցրեք, թե ի՞նչ էր անում Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը։ Անպայման հարցրեք…»։ Հիմա նույն կերպ կարելի է հորդորել այս ելույթի ունկնդիրներին. «Գնացե՛ք Հայաստան ու հարցրե՛ք՝ ո՞վ էր Տիգրան Սարգսյանը մինչեւ ԵՏՄ կոլեգիայի նախագահ դառնալը: Անպայման հարցրեք, եւ կասենք՝ Տ. Սարգսյանը Հայաստանի վարչապետն էր, որն ուղղակի ավիրեց երկրի տնտեսությունը…»:

Հիմա առանց սարկազմի: Տիգրան Սարգսյանը ԵՏՄ անդամ երկրների այս տարվա եռամսյակային ցուցանիշները համեմատել է 2014թ. նույն ժամանակահատվածի տվյալների հետ ու ասել, թե ԵՏՄ բոլոր երկրներում զգալի աճ է արձանագրվել: Բայց հիշեցնենք՝ 2014թ. առաջին եռամսյակում Հայաստանի վարչապետը նույն Տիգրան Սարգսյանն էր: Ու քանի որ նրա պաշտոնավարման 6 տարիների ընթացքում երկրի տնտեսությունը պարզապես քայքայվեց, դրանից հետո ցանկացած տեղաշարժ բնականաբար մեծ առաջընթաց կարելի է համարել (չնայած, նկատենք, որ հրաժարականից երեք տարի անց տնտեսությունն այդպես էլ չի վերականգնվել):

Ուստի զարմանալի չէ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշով Հայաստանում 2014թ. համեմատ այս տարի, իրոք, մեծ առաջընթաց է արձանագրվել. ըստ ԱՎԾ-ի՝ եթե 2014թ. առաջին եռամսյակում ՏԱՑ-ն 3,3 տոկոս էր, ապա 2017թ. դարձել է 6,6 տոկոս (իսկ 2016-ին՝ 5,6 տոկոս):

Բայց մյուս կողմից նաեւ արձանագրենք՝ առաջին եռամսյակից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշների տեմպերը սկսել են նվազել. արդեն ապրիլին, մարտի համեմատ, ՏԱՑ-ն 0,3 տոկոսով է ավելացել, եւ մասնագետների պնդմամբ՝ նման ցածր տեմպերը դեռ երկար են պահպանվելու: Այնպես որ, դեռ վաղ է հիացական գնահատականներ տալը, գոնե Հայաստանի տնտեսության մասով: Առավել եւս, երբ նախորդ տարվա առաջին կիսամյակում էլ Հայաստանում շարունակական աճ գրանցվեց, եւ բանը հասավ նրան, որ ՏԱՑ-ն դարձել էր 5.7 տոկոս, բայց հունիսից սկսվեց գահավիժումը, եւ արդեն տարին ամփոփեցինք կես տոկոս աճով:

Չի բացառվում՝ նույնը կրկնվի նաեւ այս տարի: Հավելումն նշենք, որ ՀՀ ԿԲ-ն օրերս հրապարակել էր ֆինանսական կայունության հաշվետվությունը, որտեղ հետաքրքիր կանխատեսումներ կան համաշխարհային տնտեսության վերաբերյալ. «2017թ. համաշխարհային տնտեսությունում կշարունակվի դանդաղ աճի միտումը, թեեւ ե՛ւ զարգացած, ե՛ւ զարգացող երկրներում նախորդ տարվա համեմատ տնտեսական աճի տեմպերի էական փոփոխություն չի արձանագրվի:

Ըստ ԱՄՀ գնահատումների՝ համաշխարհային տնտեսական աճը 2016թ. կազմել է 3.1% (2015 թ.` 3.2%): Զարգացող եւ անցումային տնտեսությամբ երկրներում տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի էական արագացում չի նկատվել, մինչդեռ զարգացած երկրներում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է տնտեսական աճի նվազում»,- ասված է այդ փաստաթղթում:

Իսկ այս իրավիճակում գործող վարչապետ Կարեն Կարապետյանը զբաղված է երկրի աղբահանության, մայրաքաղաքի շենքերի տանիքները նույն գույնով ներկելու եւ նման այլ ոչ էական գործերով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս