ԴԵՊԻ Ո՞ՒՐ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում` Արարատին դիմահայաց բարձունքի վրա, կկառուցվի «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Առաջարկվում է մեկտեղել հայության հնարավորությունները` ձեռնարկն իրականություն դարձնելու համար:

Ինչպես նշված է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, տապանն ունենալու է այն տեսքն ու չափերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում. այն է` երկարությունը 300 կանգուն` 132 մետր, լայնությունը՝ 50 կանգուն` 22 մետր, բարձրությունը՝ 30 կանգուն` 13,2 մետր, տապանը կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով: Ներսում կկառուցվեն 200 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժեւորող տարբեր ցուցանմուշներ:
Համալիրն իր 40 առանձնասենյակները կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Այնտեղ կգործեն թանգարան, պատկերասրահ, գրադարան: Համալիրը կունենա նաեւ կոնֆերանս դահլիճներ, կառավարության ընդունելությունների, ինչպես նաեւ պետական նշանակության հանդիսությունների սրահներ: «Տապանը հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը: Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը, գտնվելով Հայաստանում` այն, որպես համամարդկային արժեք, կպատկանի ողջ մարդկությանը, կդառնա ուխտատեղի բոլոր ազգությունների համար»,-ասված է հաղորդագրությունում:
Արդեն ձեւավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատ»-ի տնօրեն Մարտուն Հարությունյանը:
Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն: Համապատասխան հողատարածքը հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման եւ շինարարական աշխատանքները:
Ծրագիրը կյանքի կոչելու քայլերը, պարզվում է, նոր չէ, որ սկսվել են: Արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը, որը ՀՀ հանրային խորհրդի անդամ է, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեռեւս 3-4 տարի առաջ մշակույթի ենթահանձնաժողովի անդամների մասնակցությամբ քննարկվել է տապան կառուցելու հարցը. «Հիշում եմ, որ քննարկմանը ներկա էր ներդրողներից մեկը, ով, կարծեմ, արտերկրից էր: Նա հստակ որոշել էր, որ պետք է տվյալ նախագիծը իրականացվի եւ միայն Արարատին դիմահայաց բարձունքի վրա: Վերջինիս փոխարեն, սակայն, խոսում էր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով ամեն կերպ ձգտում էր ծրագիրը կյանքի կոչել: Քննարկմանը ներկա ճարտարապետները, արվեստաբաններն ու մյուս մասնագետները կարծիք էին հայտնում, որ տվյալ ծրագրով աշխարհին չենք զարմացնի, այդ կերպ զբոսաշրջիկներին չենք գրավի, որ տապան կառուցելն անիմաստ է: Հանրային խորհրդի անդամները հանդես էին գալիս այլ առաջարկներով, որոնց, սակայն, ականջալուր չեղան: Քննարկման վերջում Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Դուք ձերն ասացի՞ք, բայց մեկ է` կառույցը լինելու է»: Ակնհայտ էր, որ ներդրողը ձեւական էր դիմել հանրային խորհուրդ»,-պատմեց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց, որ տապանի կառուցումը բավական ծախսատար է լինելու այն դեպքում, երբ դա ո՛չ գեղարվեստական, ո՛չ ֆունկցիոնալ առումով արժեք չունի. «Տապանը ազդելու է քաղաքի էսթետիկական ամբողջության վրա, որն արդեն իսկ խաթարված է: Դա պրիմիտիվ մի գաղափար է, ի՞նչ է տալու մեր ժողովրդին: Ով քնից զարթնի, երկու կոպեկ ունենա, պետք է ինչ ուզի, անի՞: Աշխարհը ծիծաղելու է մեր տգիտության վրա, զարգացած երկրներում տեսեք` ուր է գնում պոստմոդեռն ճարտարապետությունը, մարդիկ ինչ մտքերով են զարմացնում աշխարհին, մենք` ինչ»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտուն Հարությունյանի հետ: Հարցին` նշյալ ծրագիրը տեղացիների՞ն, թե՞ զբոսաշրջիկներին գրավելու համար է, նա պատասխանեց. «Հիմնականում` զբոսաշրջիկներին: Մեր երկրի համար է: Պետք է այդ կառույցը նվիրվի երկրին` որպես պատմամշակութային օջախ, ես դրա գեղարվեստական արժեքը շատ բարձր եմ գնահատում»:
Պարոն Հարությունյանը չի ուզում, որ մենք աշխարհից հետ մնանք. «Հոլանդիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում արդեն կառուցվել են նմանատիպ տապաններ, Մոսկվայում եւս նախատեսվում է տապան կառուցել, այնինչ՝ առաջինը մենք պետք է լինեինք»:
Մենք հետաքրքրվեցինք` ովքեր են «Նոյյան տապան» համալիրի կառուցման համար ներդրում անողները. «Ներդրողներ կան, հանգանակություն պետք է լինի, սպասում ենք՝ տեղի հարցը լուծվի, նոր ներդրողներն ի հայտ կգան: Ազգովի պետք է կառուցենք դա»,-պատասխանեց գործադիր տնօրենը: «Այսինքն՝ տեղը դեռեւս հստակեցված չէ՞»,-հարցրինք մենք: «Կարող է` տապանը մայրաքաղաքում չդրվի, այլ Արարատյան դաշտում կամ Բյուրականի բարձունքին, կամ Գառնի տանող ճանապարհի վրա: Մի քանի տեղ ենք ներկայացրել, տեսնենք` որտեղ տարածք կտրամադրեն»,-ասաց պարոն Հարությունյանը:
Նա հավելեց, որ համապատասխան թղթերն ուղարկել է ՀՀ մշակույթի նախարարություն, հիմնադրամն էլ արդեն ունի պետական գրանցում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՕԼԳԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ

1990-ականներին մեծ ճանաչում վայելող երգչուհի Օլգա Այվազյանը վերջին տարիներին նույն ակտիվությամբ չի ներկայանում հանդիսատեսին: Նրա երկրպագուներն անհանգստանում են եւ հարցնում` ո՞ւր է կորել Օլգա Այվազյանը, ինչո՞ւ է նա բավարարվում՝ տարեկան մեկ-երկու տեսահոլովակ թողարկելով:

Օլգա Այվազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շարունակում է աշխատել եւ հուսով է, որ ամռանը երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենա` կրկին տեսահոլովակի տեսքով: Բացի այդ` Օլգային առաջիկայում սպասվում են եվրոպական շրջագայություններ:
Մեր դիտարկմանը, որ ժամանակին Օլգան հաճախ էր հանդես գալիս հեղինակային երգերով, իսկ վերջին շրջանում` կարծես թե ոչ, երգչուհին պատասխանեց. «Այո՛, իմ երեք ալբոմներում տեղ են գտել հենց իմ գրած երգերը, բայց հետո ցանկացա ոճային փոփոխության դիմել եւ սկսեցի համագործակցել երգահանների հետ: Վերջին հեղինակային երգը, որ հանձնել եմ հանդիսատեսին, եղել է «Մաման»»:
Ինչ վերաբերում է արտաքինին, Օլգան նշեց, որ ինքն այլեւս շիկահեր չէ. «Բոլորը կարծում են, թե սեւահեր եմ դարձել, բայց իրականում մուգ շագանակագույն եմ ներկել վարսերս»,-ասաց երգչուհին:
Հարցին, թե ինչու չի մասնակցում շոուբիզնեսյան փարթիների, մրցանակաբաշխությունների, երգչուհին պատասխանեց. «Փարթիներ շատ չեմ սիրում, իսկ մրցանակաբաշխությունների 10 տարուց ավել է` չեմ մասնակցում, չեմ էլ փորձել նոմինացվել: Ընկերներիս հիասթափությունը տեսնելով, նրանց փորձից ելնելով` չեմ ձգտում նման միջոցառումների ներկայանալ: Այդ ամենն ինձ չի գրավում. ինձ երկրպագուներիս սերն է պետք»:
Մենք հարցրեցինք նաեւ` անձնական կյանքում փոփոխություններ կան, թե ոչ. «Չեմ կարող ասել, որ կողքիս ոչ ոք չկա, բայց կարգավիճակի փոփոխություն չի սպասվում»,-եզրափակեց նա:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի պարգեւների թիվն ավելացել է եւս մեկով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` մաեստրոն, որը հրավիրված էր ծննդավայր՝ Ստամբուլ, Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգեւատրվել է Մաղաքիա պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով, որը նրան է հանձնել Պոլսի պատրիարքարանի Վարդանանց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ. վրդ Թաթուլ Անուշավանը:

 

 

ՖԻԼՄԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Disney ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը հայտարարել է, որ հաքերները սպառնում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր ֆիլմը հրապարակել համացանցում, եթե նրանց չվճարեն բիթքոիններով: Այս մասին գրում է «Կինոպոիսկը»: Թե կոնկրետ ով է գողը, դեռ հայտնի չէ: Այգերը չի նշել, թե որքան են պահանջել հաքերները, սակայն ենթադրվում է, որ խոսքը մեծ գումարի մասին է: Համենայն դեպս, ստուդիան մտադիր չէ որեւէ զիջման գնալ: Հաքերները հայտնել են, որ սկզբում կհրապարակեն ֆիլմից 5 րոպեանոց հատված, ապա` 20 րոպեանոց եւ այդպես շարունակ, մինչեւ որ իրենց պահանջը բավարարվի: Outlaw Tech ծրագրի մշտական փորձագետ Հեկտոր Մոնսեգուրը նշել է, որ Disney-ի եւ, օրինակ, Netflix-ի նման ընկերությունները լավ պաշտպանված են, սակայն նրանց կապալառուներն ու կինոարտադրությամբ զբաղվող ընկերությունները այդքան մեծ գումարներ չեն ծախսում հաքերներից պաշտպանվելու համար:

 

 

ՄԱԿՐՈՆԻ ՄԱՍԻՆ
Հայտնի է, որ օրերս Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի մասին վավերագրական ֆիլմ էին նկարահանել` «Հաղթանակը վարագույրների ետեւում» անվանումով: Ոմանց մոտ այն ասոցացվեց ամերիկյան «Քարտային տնակը» քաղաքական հեռուստասերիալի հետ: Դրանից հետո, Le Figaro-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում Մակրոնի մասին հեռուստասերիալ նկարահանելու գաղափար է ծնվել: Այն մտադիր է կյանքի կոչել ռեժիսոր Յան Լենորեն, որը հենց նշյալ վավերագրական ֆիլմի հեղինակն է: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես Մակրոնը հաղթանակ տարավ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:




Լրահոս