«ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ «ՔԹԻ ՄԱԶ Է»»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» Հայաստանում սիթքոմների տարածման, հայ հեռուստադիտողի պահանջկոտ, նրբանկատ լինելու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Դոմինո», «Տնփեսա» սիթքոմների ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ:

-Հարությո՛ւն, մեր երկրում վերջին տարիներին սիթքոմները բավական մեծ տարածում գտան: Ձեր դիտարկմամբ` ո՞ր թեմաներն են, որոնք հետաքրքրում, գրավում են հայ հանդիսատեսին:
-Հայաստանում սիթքոմների հանդեպ հետաքրքրությունն իսկապես մեծացել է. կարելի է նման ենթադրություն անել նաեւ օնլայն տիրույթում արվող մեկնաբանություններից: Մարդիկ ուզում են օր առաջ իմանալ` ինչպես կդասավորվի այս կամ այն հերոսի ճակատագիրը: Ինչ վերաբերում է թեմաներին, դրանք կյանքային են, բավական պարզ: «Դոմինոյում», օրինակ, նկարագրվում են սովորական ընկերական հարաբերություններ: Մենք կենտրոնանում ենք ոչ թե այս կամ այն թեման ընտրելու, այլ հերոսներին հետաքրքիր, զվարճալի իրավիճակներում դնելու վրա: Չէ՞ որ սիթքոմը հենց իրավիճակային կատակերգություն է:
-Հայ հանդիսատեսն ու հեռուստադիտողը պահանջկո՞տ է:
-Այո՛, շատ, նաեւ բավական նրբանկատ: Կան բաներ, որոնք մտածում ենք` հեռուստադիտողները չեն նկատի, երբեմն տեքստային փոփոխություններ ենք անում` մտածելով, որ մանրամասները չեն հիշի, բայց արի ու տես, որ լավ էլ նկատում են: Մեր հեռուստադիտողը, բառիս լավ իմաստով, «քթի մազ է»: Նույնիսկ 5-6 տարեկան երեխաները այնպիսի բաներ են տեսնում ու զգում, որ ապշում ես: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք այդչափ հետաքրքրված են մեր աշխատանքով:
-Կա՞ն թեմաներ, որոնք հայ հանրության կողմից սվիններով են ընդունվում:
-Մենք հաշվի ենք առնում, թե ծրագիրը որ ժամին է հեռարձակվում, ծանոթ ենք թիրախային մեր լսարանին, ուստի չենք արծարծում թեմաներ, որոնք կարող են միանշանակ չընդունվել: Ամեն բան ունի իր մատուցման ձեւն ու պահը:
-Ոլորտում սցենարիստների պակաս զգո՞ւմ եք:
-Կոնկրետ մեր սիթքոմի սցենարիստները ճկուն են, ինձ դուր է գալիս, որ նրանք զբաղվում են ինքնակրթությամբ, փորձում են չկրկնել հումորները:
-Ասում են` մարդկանց ավելի դժվար է ծիծաղեցնել, քան հուզել: Մենք շատ ունե՞նք կատակերգու-դերասաններ, որոնք կարող են ծիծաղ հարուցել հանդիսատեսի շրջանում:
-Ծիծաղ պարգեւելն, իսկապես, ամենադժվար բաներից է, բայց մենք ունենք շատ տաղանդավոր եւ լուրջ դերասաններ, որոնք, գուցե շատ ճանաչված չեն, բայց կարող են սարի պես իրենց վրա հսկայական բեռ վերցնել: Այդ մարդիկ հիմնականում թատրոններում են: Ի վերջո, դերասանի տունը թատրոնն է, սերիալը չէ. դերասանի ծնունդն ու զարգացումը թատրոնում է լինում:
-Դուք նաեւ ոչ հումորային նախագծեր եք կյանքի կոչում: Ո՞ր ժանրում եք Ձեզ ավելի հարմարավետ զգում:
-Ամեն ժանր իր հետաքրքրությունն ունի: Բայց հումորային ծրագրերի շրջանակում աշխատելու հաճույքն այն է, որ տաղավարում խինդ ու ծիծաղի պակաս չկա, աշխատանքային մթնոլորտն ուրախ է, թեթեւ: «Տնփեսայի» տաղավարում, օրինակ, Մկո կար, Հովո կար: Նրանք անսպառ հումորի զգացում ունեն ու չէին թողնում, որ դրական աուրան փոխվեր:
-Իսկ «Դոմինոյում» ովքե՞ր են այդ մթնոլորտը ձեւավորողները:
-Բոլորը. ամեն մեկն իր յուրահատուկ աուրան ունի: Մեր աշխատանքային օրը սկսում է սուրճի սեղանի շուրջ, որտեղ հաճախ հետաքրքիր առաջարկներ են հնչում: Հետո որոշում ենք` որոնք իրականացնել, որոնք` ոչ:
-Հարությո՛ւն, Դուք մասնագիտությամբ դերասան եք: Որպես դերասան հանդես գալու մտադրություն չունե՞ք:
-Ո՛չ, ես արդեն տասը տարի է` որպես դերասան հանդես չեմ գալիս, ուղղակի այդ մասնագիտությունն օգնեց ինձ կայանալ որպես ռեժիսոր:
-Եվ վերջում` հետաքրքիր է` «Դոմինո» սիթքոմը 5-րդ եթերաշրջան կունենա՞:
-Այո՛, շուտով կավարտվի 4-րդ եթերաշրջանը, որից հետո ընդմիջում կլինի, ապա, կարծում եմ, հոկտեմբերին կմեկնարկի 5-րդ եթերաշրջանը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՏԵԽՆԻԿԱ ՊԵՏՔ ՉԷ

Վարդան Դեւրիկյանն արդեն երկու տարի է` պաշտոնավարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ինչ է արել վերջինս տվյալ ժամանակահատվածում. «Ամեն դեպքում, նահանջ չի եղել: Յուրաքանչյուր տարի էլ փոքր առաջընթաց եղել է: Ես կարողացել եմ երիտասարդ աշխատակիցների ընդունել եղած հնարավորությունների հաշվին, շարունակել հայ դասականների գործերի տպագրությունը: Բացի այդ` հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին 3-4 ծրագիր կունենանք արտաքին ֆինանսավորմամբ»,-պատասխանեց պարոն Դեւրիկյանը:

Նրա խոսքով` նյութական խնդրիներից զատ` կարեւոր է ինստիտուտի մասնագետների պատրաստվածության հարցը. «Տեսականորեն մեզ կարող են իքս գումար տրամադրել` որեւէ ծրագիր իրականացնելու համար, բայց մենք անհրաժեշտ մտավոր ներուժը չունենանք»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ ավագ սերնդի ներկայացուցիչ-գիտնականներն ավելի խորը գիտելիքներ ունեն, քան երիտասարդները, սակայն վերջիններս, որոնք երբեմն առավել մակերեսային պատրաստվածություն ունեն, ավելի ճարպիկ են այդ գիտելիքները ռեալիզացնելու առումով:
Մենք հետաքրքրվեցինք` այս տարիների ընթացքում ինստիտուտում տեխնիկական առումով համալրում եղել է, թե ոչ. «Ամեն դեպքում, մենք փորձարարական ինստիտուտ չենք… Իմ` տնօրեն դառնալուց հետո 6 համակարգիչ էր հրատապ անհրաժեշտ, դրանք ձեռք ենք բերել, հիմա մտածում ենք տեխնիկական վերազինմամբ դահլիճ ունենալու մասին, որպեսզի կարողանանք գիտական տարբեր կոնֆերանսներ կազմակերպել: Մենք տեխնիկական հագեցվածության խնդիր չունենք, որովհետեւ մեր մասնագիտությունն ինքնին նման հարցադրում չի դնում. գրականությունը քիմիա կամ ֆիզիկա չէ, որ հատուկ սարքեր պետք լինեն»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը դեռեւս երկու տարի առաջ նկատել էր, որ ինստիտուտը «շատ սովետական է՝ սկսած լուսամուտներից»:
«Պատկերացրեք՝ գրականության ինստիտուտ, որը ունի համաշխարհային կապերն ուսումնասիրող բաժին, եւ որում միայն մեկ համակարգիչ կա, այն էլ՝ քարտուղարուհու մոտ: Եվ ոչ մի բաժին ապահովված չէ նվազագույն իսկ գույքով»,-ասել էր նա:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՇԱՐԺԱԿԱՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐ
Չորս հսկայական էկրաններ մեկ շաբաթից կուղեւորվեն Հայաստանի տարբեր մարզեր, եւ տարվա ընթացքում կկազմակերպվի 200-ից ավելի կինոդիտում։ «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ շարժական կինոթատրոնների շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էռլունի մասնակցությամբ։
«Մենք նաեւ հաշվառել ենք Հայաստանում առկա դահլիճները, որոնք շուրջ 90-ն են։ Փորձելու ենք միացնել դրանք իրար եւ կառուցել դահլիճներում հանրապետական միասնական կինոցանց, ապահովել դիստրիբյուտորական ֆիլմեր։ Այսպիսով, կփորձենք հասկանալ, թե որքան մարդ է այցելում, եւ որքան դրամաշրջանառություն է լինում։ Անշուշտ, հետո մասնավորին առաջարկելու ենք ավելի խոշոր ներդրումներ անել»,-նշել է Ա. Ամիրյանը։
Մինչ ծրագրի իրականացումը՝ հանրապետության գյուղերում, մարզկենտրոններում եւ այլ խոշոր քաղաքներում այս կինոթատրոններում կցուցադրվեն մասսայականություն վայելող հայկական եւ չինական ֆիլմեր։

 

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՊՈՌԹԿՈՒՄ
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին օրերս Լազուրե ափին վարել է Կաննի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հանդես է եկել ուշագրավ պահվածքով: Tatler-ը տեղեկացնում է, որ դերասանուհին, որը բեմում է հայտնվել գեղեցիկ մարմինը ցուցադրող կիսաթափանցիկ, էլեգանտ զգեստով, արարողության ամենաթեժ պահին անսպասելիորեն համբուրել է ֆրանսիացի կատակերգու Ալեքս Լուցին: Բացի այդ, նրանք նաեւ տանգո են պարել:
Աղբյուրը նկատում է, որ թեեւ Լուցն ամուսնացած է, այնուհանդերձ, դեմ չի եղել Բելուչիի սիրային պոռթկմանը:

 

 

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ԵՆ
Forbes հեղինակավոր պարբերականը հաշվել է, թե որքան են վաստակել երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին միասին: Պարզվում է` նրանք 1 մլրդ 160 մլն դոլար կարողություն ունեն: Ըստ պարբերականի՝ Ջեյ Զին, որն ամենահարուստ ռեփերների ցուցակում երկրորդն է (զիջում է միայն Diddy-ին), վաստակել է 810 մլն դոլար, իսկ նրա կինը՝ 350 մլն: Նշենք, որ ավելի վաղ նույն Forbes-ին տված հարցազրույցում Բեյոնսեն հայտարարել էր, որ երբեք չի գոհանում գրանցած արդյունքով եւ մտադիր է միշտ առաջ շարժվել:
«Ես երբեք չեմ տեսել ինչ-որ մեկին, որն ինձանից շատ է աշխատում շոու-բիզնեսում»,- նշել էր նա:




Լրահոս