Լիճք. ջրագիծը վթարվել էր երեք տեղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտունու ենթաշրջանի Լիճք գյուղով է անցնում «Ծակքար-Մարտունի» 18 կիլոմետրանոց 400 մմ տրամագծով երկաթե ջրատարը, որից սնուցվում է նաեւ տվյալ բնակավայրի բաշխիչ ցանցը:

Իսկ Լիճքում կա մի նեղ փողոց (6 մետր լայնությամբ), որի բնակիչները տարիներ շարունակ բողոքում էին խոնավությունից: Գետնի երեսին ջուր չէր երեւում, սակայն տները մշտապես խոնավ էին, նկուղներում էլ ջուր էր հավաքվում: Պարզ էր, որ ինչ որ տեղից ջուր էր ներծծվում: Բայց որտեղի՞ց:

Ըստ Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Մարտունի» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գնել Կարապետյանի, վերջերս փողոցի ավելի քան 100 մետրանոց մի հատված դարձավ փորձադաշտ: Գյուղ եկան մասնագետներ, տեխնիկա, սկսվեց տարածքի ուսումնասիրությունը: Ի վերջո ջրագծի վրա վթար հայտնաբերվեց, ավելի ճիշտ՝ միանգամից 3 վթար: էքսկավատորը շերեփը վրա բերեց ու շուտով իրար հետեւից բացվեցին վթարված հատվածները: Մինչեւ 10 սանտիմետր տրամագծով անցքերից ջուրը հոսում էր առատորեն, բայց դուրս չէր տալիս, որովհետեւ հողի կազմն այստեղ հիմնականում ավազային է, ջուրը ներս է գնում ու … հայտնվում հարակից մեկ տասնյակից ավելի տնատիրություններում:

Ջրմուղագործները սկսեցին … ու մի պահ կանգնեցին: Պարզվեց, որ 50-60 ականներին կառուցված այդ հնամաշ ջրատարի վրա ջրթողի (слив) տեղ նախատեսված չէ, դրանով պայմանավորված, խողովակի մեջ եղած ջուրն անընդհատ դուրս էր թափվում վթարված հատվածներից, լցվում խրամուղի, խանգարում աշխատանքներին: Պոմպերը չէին հասցնում ջուրը դուրս քաշել:

Երկու օր պահանջվեց խնդրի լուծման համար: Ի վերջո, հաջողվեց ջրագծի վթարված տեղերին հնարավորինս լայնշերտ «կարկատաններ» եռակցել: Ամեն ինչ իր տեղն ընկավ. ջուրը գնաց իր ճանապարհով, ջրմուղագործերն էլ ազատ շունչ քաշեցին ու անցան հաջորդ խնդրի լուծմանը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս