ՀՀԿ-ի մեսիջը Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը կրկին հստակ պատասխան չի տվել հարցին, թե ով կլինի վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո: Նա նշել է, որ իրենք պատրաստ չեն խոսել 2018 թվականի զարգացումների մասին: Այստեղ հետաքրքիր մի հանգամանք է առաջանում՝ ՀՀԿ-ն պատրաստ է երկարաժամկետ ծրագրեր մշակել եւ 2040 թվականի վերաբերյալ խոստումներ ներկայացնել, բայց պատրաստ չէ ընդամենը մեկ տարի հետո տեղի ունեցող փոփոխությունների մասին խոսել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ներկայիս իշխանությունների կողմից հայտարարությունը արված է ոչ հայ հանրության, այլ ներքին լսարանի՝ ՀՀԿ-ի համար, եւ այդպես եթե ՀՀԿ-ի ներսում կամ անգամ այդ շրջանակներից դուրս Կարեն Կարապետյանին համարող կա որպես իրավահաջորդ, ապա այնպես չէ, որ այդ որոշումը կայացված է:

«Սա ուզում են ասել, որ այս մեկ տարվա ընթացքում հանկարծ ներիշխանական խմբավորում չձեւավորվի Կարեն Կարապետյանի շուրջ, որովհետեւ ուզեն, թե չուզեն խորհրդարանական ընտրություններն են տվել նման հիմք ոչ միայն Կարեն Կարապետյանի ռուսաստանահայկական թիկունքը, այլեւ այն փաստը, որ իր անձով դարձավ ՀՀԿ-ի վերարտադրության իմիջը, այս առումով թերեւս ՀՀԿ-ում գիտակցում են, որ այս երկու գործոնները այնքան էլ թույլ գործոններ չեն, որպեսզի անորոշության պայմաններում, որ հայտարարված չէ, թե ուր կգնա Սերժ Սարգսյանը, հանկարծ իշխանության ներսում որոշակի շրջանակներ, որոնք սիրում են ապագան կանխավ երաշխավորել, փորձեն ձեւավորել այդ թիմը,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով,- ուղղակի սրանով հասկացնում են Կարեն Կարապետյանին, որ նա կախված է Սերժ Սարգսյանից եւ ավելորդ ինքնագործունեություն չծավալի»:




Լրահոս