Պուտինը զիջե՞ց «մկանոտ տղայի» տիտղոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւմուտքում նոր իշխանությունների ձեւավորման հետ մեկտեղ ընթանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ճշգրտման գործընթացը: Այդ շարքում արժանանշանակ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Ֆրանսիա եւ հանդիպումը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վերջինս ամբողջ թափով ներգրավվել է Եվրոպայի արտաքին քաղաքականության մեջ, եւ կարելի է ասել՝ դրսեւորվում է որպես մայրցամաքի նոր առաջնորդ:

Անշուշտ, Մակրոնի համար իրավիճակը նպաստավոր է: Սեպտեմբերին Գերմանիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, եւ Մերկելն օրինաչափորեն չի կարող գերակտիվ լինել արտաքին ճակատում, իսկ ահա Մեծ Բրիտանիան զբաղված է ԵՄ-ն լքելու խառնիճաղանջ գործերով: Արդյունքում Մակրոնը ազատ տարածք է ստացել՝ արտաքին քաղաքական ակտիվ ձեռնարկներ իրացնելու եւ եվրոպական առաջնորդների շարքում գերակա դիրքեր զբաղեցնելու համար: Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը չափազանց պասիվ էր իրեն պահում միջազգային հարթակներում եւ Մակրոնի կողմից իրացված առաջին իսկ քայլերը նաեւ ակնառու են նրա հետ համեմատություններ անցկացնելիս:

Մակրոնի ընտրությունը նշանավորվեց նաեւ ծայրահեղ ազգայնականության նկատմամբ հաղթանակով` էլ ավելի ընդգծելով նախկին բանկիրի անհատականությունը: Ի դեպ, նրա ինքնավստահությունն էլ անհիմն չէ, երբ հաշվի ենք առնում, որ երկար տարիներ եղել է Ռոդշիլդների բանկիրը` աշխարհի ֆինանսական այդ կարեւորագույն կենտրոնի ներկայացուցիչը: Այս բոլոր գործոններով պայմանավորված` Մակրոնը ձգտելու է Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմնական դիրիժորը դառնալ, ինչը դրսեւորվեց Թրամփի հետ նրա հանդիպման ժամանակ եւ անգամ ձեռքսեղմումների կադրերում:
Մակրոնի արտաքին քաղաքական հաջորդ ռաունդը դարձավ ՌԴ նախագահ Պուտինի հետ կայացած 3-ժամանոց հանդիպումն ու իր իսկ խոսքերով՝ «ծայրահեղ անկեղծ եւ ուղիղ զրույց», որի ժամանակ միմյանց ասվել է «գրեթե ամեն ինչ»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով` միմյանց հայացքներում տարբերությունները հսկայական են, սակայն կարեւոր է, որ գոնե այդ մասին կարող են անկաշկանդ խոսել:

Զրույցը չի շրջանցել որեւէ թեմա` սկսած երկուստեք հարաբերություններով եւ վերջացրած Սիրիայի, Ուկրաինայի, Լիբիայի, Կորեայի հարցերով: Մակրոնը հայտնել է, որ պատրաստ է ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցել հանդիպման ժամանակ գերակայած ընկերական մթնոլորտի հիման վրա, սակայն Սիրիայի ու պատժամիջոցների հարցում դիրքորոշումը պահպանելու է իր կոշտությունը: Մակրոնը շարունակել է իր վստահ տոնը` Պուտինի առաջ խայտառակ քննադատության ենթարկելով ռուսական պետական հեռուստաընկերություններին: Ըստ Ֆրանսիայի նախագահի` ռուսական ԶԼՄ-ները իր ընտրության օրերին հանդես են եկել որպես «ստախոս պրոպոգանդա»: Նկատելով, որ ինքը օտարերկրյա լրագրողների հետ միշտ էլ փորձել է պահպանել լավագույն հարաբերությունները` Մակրոնը ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին որակել է որպես «կեղծ լրագրողներ»:

Հատկանշական է, որ Մակրոնի այս խոսքերին Պուտինը չի արձագանքել մամուլի ասուլիսի ժամանակ, եւ միայն դրանից հետո է նրա մամուլի քարտուղարը պնդել, որ Մոսկվան համաձայն չէ Մակրոնի բնորոշումների հետ: Իսկ ասուլիսի ժամանակ Պուտինը անդրադարձել էր ֆրանսիական ընտրությունների վրա ռուսական ազդեցության թեմային` պնդելով, որ դա անհեթեթություն է: Մարտ ամսին Մակրոնի մրցակից Լը Պենին հյուրընկալելու առթիվ ՌԴ նախագահը պատասխանել է, որ դա սոսկ քաղաքավարության դրսեւորում է եղել եւ պարզապես չէր բխի ֆրանս-ռուսական բարեկամությունից, եթե մերժեր Լը Պենին ընդունելություն ցույց տալ: Պուտինի պնդմամբ` դա ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես ընտրությունների արդյունքների վրա ազդելու միջոց, եւ վերջապես ազդելն էլ «գրեթե անհնարին է»:
Երկու նախագահների հանդիպումը փաստորեն առաջինն էր մայիսի 26-27-ին Սիցիլիայում կայացած G7 երկրների առաջնորդների գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկման հիմնական թեման առնչվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերին: Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության տեքստում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման հարցը ներառված չէր եւ նույնիսկ անուղղակիորեն խոսք էր գնում անհրաժեշտության դեպքում խստացման մասին:

Փաստորեն, Մակրոնին էր վերապահված Պուտինին փոխանցելու մեծ տերությունների պատգամը եւ հաշվի առնելով դեպքերի ընթացքը` Ֆրանսիայի նախագահը պատվով է կատարել այդ առաքելությունը: Փարիզում ՌԴ նախագահին ընդունեցին Վերսալի պալատում, որտեղ անցկացվում էր Ռուսական ցար Պետրոս Առաջինի` Փարիզ կատարած այցելության 300-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Խորհրդանշական է, որ պատմական այդ այցից հետո Պետրոսը Ռուսաստանում կենսական ռեֆորմներ իրականացրեց` եվրոպական ուղեծիրը բացելով ռուսների առաջ:

Իսկ մամուլի ասուլիսը տրվեց նույն պալատի ամենամեծ դահլիճում, որը նվիրված է Ֆրանսիայի ռազմական հաղթանակների 14 դարերին: Ցուցադրականությանը զուգահեռ` Մակրոնը չի զլացել բացեիբաց հայտարարելու, որ ռազմական այդ հաղթանակները երբեք չպիտի մոռացության մատնեն այն փաստը, որ դրանք սոսկ հասկացողության անընդունակության արդյունք էին: Ֆրանսիայի նախագահն անուղղակիորեն հասկացրել է Պուտինին, որ ռազմական հաղթանակները ոչ մի տեղ տանող ճանապարհ են, եւ դրանք հետեւանք են պարզ անհասկացողության: Մակրոնը չի շեղվել արեւմտյան առաջնորդների մտածողությունից` ակնարկելով, որ Ուկրաինայի արեւելքում եւ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պահանջ է դրել Պուտինի առաջ:

Բնական է, որ արեւմուտքն էլ է ցանկանում վերջ տալ ռազմական էսկալացիաներին` տնտեսական գործակցության դուռը բացելով Ռուսաստանի հետ: Վերջինս նույնպես, թվում է, հոգնել է սառը պատերազմը հիշեցնող լոկալ ռազմական ընդհարումներից եւ կարիք ունի տնտեսական գործակցության: Ակնկալելի է, որ հուլիսին Համբուրգում կայանալիք G20-ի առաջնորդների հանդիպման ժամանակ կկայանա նաեւ Թրամփ-Պուտին առանձնազրույցը, եւ գուցե այդ ժամանակ հստակեցվի Կրեմլի ու Արեւմուտքի հարաբերությունների օրակարգը:

Ն. Հովսեփյան




Լրահոս