Նորատուսում բողոքի ալիք է հասունանում. ինչ հետևանք է ունեցել Արծվիկ Մինասյանի հրամանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչների մոտ դժգոհության նոր ալիք է սկսվել: Այն ծովափնյա գյուղերը, որոնց բնակիչները զբաղվում են խեցգետնի արտահամամբ, այս օրերին խնդրի առաջ են հայտնվել: Բացի այս, նրանք չեն կարողանում իրենց խեցգետինը տեղական շուկայում վաճառել, ինչի պատճառով մտադիր են բողոքի ակցիաներ անցկացնել եւ ճանապարհներ փակել:

Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղացիներն ամեն տարի այս շրջանում արտահանման հետ կապված խնդիրներ են ունենում: «Մենք այդ հարցով դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարություն եւ հիմա սպասում ենք խնդրի կարգավորմանը: Նախ` գյուղացիները պետք է արտահանելու թույլտվություն ունենան, բայց չունեն: Սա ընդհանուր մարզի խնդիրն է»,- անկեղծացավ գյուղապետը:

«Բնապահպանության նախարարությունից մեզ հայտնել են, որ լճում խեցգետնի քանակը պակասում է: Նախարարության կողմից արգելման շրջան է սահմանվել, որպեսզի խեցգետինը ձվադրություն կատարի, եւ այդպես իր վերարտադրությունը նորից զարգանա»,- ներկայացրեց Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանը:

ArmLur.am-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ նախարար Արծվիկ Մինասյանի` մայիսի 15-ի հրամանի համաձայն` խեցգետնի ձվադրման ժամանակահատվածում 2017 թվականի մայիսի 15-ից մինչեւ հուլիսի 31-ը Հայաստանի ջրային տարածքներում ժամանակավորապես դադարեցվել է խեցգետնի որսը:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացանք, որ մինչև որսի արգելքը` պահեստավորված խեցգետինը, ծավալների մասին անհրաժեշտ հիմնավորումների առկայության պարագայում, արտահանվում է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս