Ինչո՞ւ են միջազգային կենտրոնները կանխատեսում պատերազմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ճգնաժամային խմբի կարծիքով, Հայաստանը եւ Ադրբեջանն առավել քան մոտ են պատերազմի վերսկսմանը: «Քաղաքական եւ անվտանգության պայմանները, որոնք հակամարտության սրման հանգեցրին 2016-ի ապրիլին, ավելի սուր են դարձել, եւ երկու կողմն էլ արդեն իսկ սկսված էսկալացիայի նոր ալիք է ստեղծում: 2017-ի հունվարի կեսերից ի վեր ծանր հրետանու եւ հակատանկային զենքերի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունենում:

Մայիսին լարվածության զգալի սրում է նկատվել` հաշվի առնելով շփման գծի երկայնքով գտնվող բնակելի շրջաններում ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին զեկույցները: Այս լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ հակամարտության, որն էլ կհանգեցնի նշանակալից կորուստների քաղաքացիների շրջանում եւ հավանաբար կբերի տարածաշրջանում հզոր ուժերի` Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջամտությանը»,- ասված է ՃՄԽ վերջին զեկույցում:

ՃՄԽ փորձագետները միաժամանակ անդրադարձելեն ԼՂ հիմնահարցի կարգավորման սկզբունքներին: Ըստ նրանց, նման հիմնախնդիրները կարգավորվում են «կարգավիճակ հողի դիմաց» բանաձեւով` զուգորդված ուժեղ անվտանգության միջազգային երաշխիքներով: Միայն թե, ըստ ՃՄԽ-ի, քանի որ այդ բանաձեւը հիմնված է փոխադարձ զիջումների վրա, ձեռնտու չէ կողմերից ոչ մեկի համար:

ՃՄԽ զեկույցում հնչեցված գնահատականները, սակայն, ուշագրավ են մեկ այլ առումով. միջազգային վերլուծական կազմակերպություններն իրենց զեկույցներում վերջերս սկսել են հաճախ զգուշացնել պատերազմի վերսկսման վտանգի մասին: Հիշեցնենք` մայիսի 12-ին ԱՄՆ ազգային հետախուզությունը Կոնգրեսին զեկույց էր ներկայացրել` զգուշացնելով արաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության պահպանման մասին:

«Լեռնային Ղարաբաղի տարածքի համար լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացավ 2016 թ. ապրիլին, կողմերի փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը եւ ներքին ճնշման ուժգնացումը ենթադրում են, որ 2017 թ. լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը պահպանվում է»,- նշված էր ԱՄՆ ազգային հետախուզության ներկայացրած փաստաթղթում:

Եւ վերջապես, մեկ ուշագրավ փաստ եւս. «Սիդնեյի Էկոնոմիկայի եւ խաղաղության հաստատություն» վերլուծական կենտրոնը երեկ զեկույց է հրապարակել «Խաղաղության մակարդակը 2Օ16 թվականին աշխարհում» վերնագրով, որտեղ նշված է, թե աշխարհում այս առումով գրանցվել է թեթեւ բարելավվում՝ Օ.28 տոկոսով։ Իսկ ահա Հայաստանում (նաեւ Ադրբեջանում), ընդհակառակը, խաղաղության մակարդակը ետընթաց է ապրել:

Ըստ այդ զեկույցի, 163 երկրների շարքում խաղաղության մակարդակով Հայաստանը գրավում է 112-րդ տեղը, Ադրբեջանը՝ 132։ Զեկույցում ասված է, որ քառօրյա պատերազմից հետո ռազմական ծախսումներն աճել են ե՛ւ Հայաստանում ե՛ւ Ադրբեջանում։ Ըստ յուրաքանչյուր շնչին ընկած հաշվարկով ռազմական ծախսումների, Ադրբեջանն աշխարհում գրավում է 17-րդ տեղը, Հայաստանը՝ 71։

Այս ամենը հազիվ թե լինի պատահականության հետեւանք, ու տարիներ առաջ հնչեցված «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» ձեւակերպումը չի կորցրել իր արդիականությունը: Այսինքն` քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը, պատերազմի վերսկսման վտանգն առկա է միշտ:

Հիշեցնենք, որ վերլուծական կենտրոնները պատերազմի վերսկսման հավանականությունը բազմիցս կանխատեսել ու այդ մասին նախազգուշացրել էին նաեւ ապրիլյան քառօրյա մարտերից առաջ: Այն ժամանակ նրանց վերլուծությունները դարձան իրականություն, եւ չի բացառվում, որ նույնը կրկնվի նաեւ այս անգամ, եթե իհարկե, միջազգային հանրությունը չփորձի կանխել ռազմական էսկալացիան:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս