Երկու օր ջրմուղագործները վթարի վայրից չհեռացան …

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի ջրաղբյուրներ, ջրատարներ, համակարգի այլ կառույցներ, դրանց տեխնիկական ու ֆիզիկական վիճակի ուսումնասիրման նպատակով կատարվող  ստուգայցերին Վեոլիա Ջրի ղեկավար աշխատակազմը մեծ նշանակություն է տալիս: Նախ՝ որովհետեւ միայն հունվարի 1-ից ողջ հանրապետության ջրամատակարարման համակարգի կառավարմանը ձեռնամուխ եղած ընկերությունը դեռ կարիք ունի կառույցներին ծանոթանալու, եւ հետո՝ այդ ընթացքում շատ հաճախ հայտնաբերվում են թերություններ, որոնք չպետք է լինեին կամ պետք է վաղուց արդեն վերացված լինեին:

Օրինակ, օրերս «Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանը, իր հերթական այցի ժամանակ Գեղարքունիքի մարզ, նկատեց, որ 14 ջրահավաք ավազանից /կապտաժից/ բաղկացած «Հոպոյ Վար» կողվող ջրաղբյուրից դեպի Մարտունի քաղաք ձգվող 500 մմ տրամագծով ջրատարը կիսվել` երկու մասի էր բաժանվել: Ընդ որում, դատելով տեղանքից և խողովակի վիճակից, պարզ էր, որ ջրատարը նման վիճակի էր հասել ոչ վերջերս:

Խողովակներն իրենց միացման հանգույցից մոտ 1,5 մետր «փախել» էին: Բնականաբար, «ազատություն» ստացած ջուրը վայրկյանում 8-10 լիտր քանակով աննպատակ լցվում էր գետն ու կորչում: Իհարկե, իրավիճակը անթույլատրելի էր, հարկավոր էր անմիջապես միջոցներ ձեռնարկել ջրի կորուստը դադարեցնելու համար: Կարճ ժամանակ անց փոխտնօրենի հանձնարարականով «Մարտունի» տեղամասի աշխատակիցները գլխավոր ճարտարագետ Գնել Կարապետյանի հետ վթարի վայրում էին: Հարց առաջացավ՝ ինչ անել: Նշված տարածքի բարդ ռելիեֆով պայմանավորված, այնտեղ տեխնիկա մտցնել հնարավոր չէր: Ուրեմն՝ խնդրի լուծման այլ ելք պետք է գտնվեր. առանց տեխնիկայի, կնշանակի՝ ձեռքով: Եվ այն գտնվեց:

Խնդրի օպերատիվ լուծման համար որոշվեց 500 միլիմետրանոց ջրատարի հեռացած ծայրերը ոչ թե իրար մոտեցնել, ինչը ստեղծված պայմաններում անհնարին էր, այլ խցափակել, փոխարենը՝ դրանք իրար միացնել մոտ երկու մետրանոց 200մմ տրամագծով խողովակով: Վերջինիս թողունակությունն էլ բավարար էր ջրի ազատ հոսքն ապահովելու համար:

«Մարտունի» տեղամասի մասնագետները իրենց օգնության հասած «Արևելք»-ի կենտրոնական ապարատի մեքենամեխանիզմների բաժնի աշխատակիցների հետ միասին գործի անցան: Դրան զուգահեռ, ջրատարի վրա կատարվեցին նաև վթարված հատվածների նորոգման, թերությունների վերացման աշխատանքներ: Երկու օր ջրմուղագործները վթարի վայրում էին, նույնիսկ գիշերվա մթությունը չխանգարեց նրանց կատարել իրենց առջև դրված խնդիրը: Իսկ արդյունքում ունեցանք խնայված ջուր, որը տրվեց Մարտունի քաղաքին, և սպառողներ, որոնք չէին կարող չնկատել փոփոխությունն ու իրենց գոհունակության խոսքը չուղղել վթարը վերացնող աշխատակիցներին:

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս