ՖՈՏՈ.«Իմ թոշակով, մամայի աշխատավարձով մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք». ինչ է պատմում եղնիկների դիրքերում ոտքը կորցրած զինվորը

ՖՈՏՈ.«Իմ թոշակով, մամայի աշխատավարձով մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք». ինչ է պատմում եղնիկների դիրքերում ոտքը կորցրած զինվորը

2016թ. մայիսի 24-ին ժամկետային զինծառայող Մկրտիչ Պետրոսյանը Եղնիկների դիրքերում հատել է ականապատ տարածքը և կորցրել աջ ոտքը` ծնկից ներքև:

Նշենք, որ Մկրտիչը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 43 հազար դրամ, սակայն վերջինիս հաշմանդամության կարգը պետք է փոփոխության ենթարկվի: Ըստ նրա` պետք է կարգը երրորդի փոխվի, քանի որ վնասվածքը ծնկից ներքև է:

ArmLur.am-ի հետ զրույցում Մկրտիչը պատմեց, որ ականապայթունից վնասվել է ոտքը, որի հետևանքով  աջ ոտքի ծնկից ներքև հեռացվել է. « Մի քանի հոգով իջել էինք ցախ բերելու, ու դեպքը պատահեց: Հիմա ես պրոտեզ եմ կրում ու ապաքինումս ընթացքի մեջ է»:

Մարտակերտի հոսպիտալում ոտքը հեռացնելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղ 10 օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, ուր ստացիոնար բուժման կուրսեր է անցել շուրջ մեկ ամիս:

«Ցավեր ունեմ, վերջին անգամ վիրահատվել եմ նոյեմբերին, ոսկոր է աճում, որը խանգարում է»,-ասաց նա:

Մկրտիչը, թեպետ դժվարությամբ, բայց անկեղծացավ, որ ապրում են ծայրահեղ չքավորության մեջ: Բնակարանը, որտեղ ապրում են վարձակալությամբ են ձեռք բերել: Ապրում են ինքն ու իր մայրը. «Իմ թոշակով, մամայի աշխատավարձով մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք: Ժամանակ առ ժամանակ բարեկամներ են օգնում»:

Լիդա Եղիազարյան