Եթե հասարակության մեջ լուրջ դժգոհություն կա, ապա դրա մեղավորը լրագրողները չեն, այլ իշխանությունները. Սերժ Սարգսյանի վրդովմունքի «հետքերով». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում գերակա շահ ճանաչված տարբեր թաղամասերի բնակիչները երեկ վաղ առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Սերժ Սարգսյանի կեցավայրի մոտ՝ պահանջելով խնդրին լուծում տալ: Աշխատանքի մեկնելիս Սերժ Սարգսյանը կանգնեցրել է ավտոշարասյունը, իջել ու հանդիպել է մարդկանց, խոստացել, որ կհանձնարարի զբաղվել խնդրով: Այնուհետեւ տեսնելով, որ լրագրողները լուսաբանում են բողոքի ցույցը, Սերժ Սարգսյանը դժգոհել է. «Լրագրողներին դո՞ւք եք ձեր հետ բերել… Բա ինչո՞ւ են մեզ խանգարում»:
Փաստորեն լրագրողների ներկայությունը նյարդայնացրել է Սերժ Սարգսյանին, նյարդայնացրել այն աստիճան, որ չկարողանալով զսպել իրեն՝ ցուցարարների խնդիրները լսելու փոխարեն դժգոհում է լրատվամիջոցների ներկայությունից: Համաձայնեք, մեղմ ասած, տգեղ պահվածք է, այն էլ՝ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորության կողմից, որը քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելու փոխարեն այդ պահին լրագրողներին է մեղադրում իրենց խանգարելու մեջ: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, երեկ լրագրողները նույնիսկ հարց չեն հնչեցրել, այլ պարզապես նկարահանում էին այդ հանդիպումը, մինչդեռ Սերժ Սարգսյանը, նրանց տեսնելով, բորբոքվել է:

Չնայած, նկատենք, նման դեպքերում Սերժ Սարգսյանին էլ կարելի է հասկանալ: Ի վերջո, Սերժ Սարգսյանի մոտ ոչ մի կերպ չի ստացվում հասարակ քաղաքացիների հետ նորմալ, հանգիստ շփումը, եւ նման հանդիպումները միշտ ավարտվում են ինչ-որ սկանդալով, տհաճ պատմությամբ: Հիշում եք՝ էլի նախագահական կեցավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մի ծերունի Սերժ Սարգսյանին ասել էր, որ իշխանություններն այլ ելք չեն թողնում, քան զենքով հարցեր լուծելը. այդ տեսանյութը դարձել էր համացանցի հիթը: Հիշում եք Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունները՝ «իյա, իրո՞ք», «եկել խանգարում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», «հայրիկ ջա՛ն, այդպես եք անում, որ խիյարը թարս է բուսնում», «եթե ես եմ ձեր նախագահը, ինձ պիտի մեղադրե՞ք», «քո երեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր». լրատվամիջոցները ֆիքսել էին այդ ամենը: Հետեւանքները ինքներդ եք հիշում: Այնպես որ, նման «պոռթկում» կարող էր լինել նաեւ այս անգամ: Էլ չենք ասում Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունների մասին, երբ արտագաղթի համար կրկին լրագրողներին էր մեղադրել՝ ասելով, որ նրանք գաղջ մթնոլորտ են տարածում եւ այսպես շարունակ:

Միայն թե, նկատենք, Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես իշխանությունները ճիշտ կանեին, եթե ստեղծված իրավիճակի համար մեղավորին փնտրեին իրենց մեջ, այլ ոչ թե մեղադրեին լրատվամիջոցներին, նեղվեին նրանց ներկայությունից: Ի վերջո, եթե հասարակության մեջ լուրջ դժգոհություն կա, դժգոհություն, որը գնալով միմիայն խորանում է, ապա դրա մեղավորը լրագրողները չեն, այլ իշխանությունները:




Լրահոս