Սերժ Սարգսյանը հանե՞ց գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից. խոստումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները վերջերս հաճախ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այդ ուղղությամբ նույնիսկ կոնկրետ գործողություններ անում: Հիշեցնենք, վերջին ամիսներին կաշառք վերցնելու համար ձերբակալվեցին տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` իրավապահ եւ դատական համակարգից: Սրան զուգահեռ, խորհրդարան է ներկայացվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագիծը, որը քննարկվում է ԱԺ արտահերթ նիստում:

Ընդհանրապես, կոռուպցիան արմատախիլ անելու մասին իշխանությունները միշտ են խոսել: Սերժ Սարգսյանը հիմնականում եվրոպական ամբիոններից նույնիսկ հավաստիացրել էր, թե Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր է անում, եւ որ հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությանը: Բայց արի ու տես, որ կոռուպցիան այս ընթացքում այդպես էլ չի նվազել, եթե չասենք, ընդհակառակը, գնալով միայն բարգավաճել է:

Եւ այսպես, մի քանի մեջբերում Սերժ Սարգսյանի` կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներից: Նա այդ մասին խոսել է իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից: 2008թ. ապրիլին դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա խոստացել էր. «Կոշտ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ»: Պաշոտոնավարման 100-րդ օրվա առթիվ նրա ուղերձում ասված էր. «Ցանկանում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները»։ Արդեն 2008թ. հոկտեմբերին խորհրդարանին հղած ուղերձում Սերժ Սարգսյանի գնահատականներն ավելի կոշտ էին. «Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից: Զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է»:
Նման հայտարարություններ նա արել է նաեւ հետագայում. օրինակ 2011թ. հունիսի 22-ին ԵԽԽՎ ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր. «Այսօր մեր պետական-քաղաքական օրակարգում նաև կոռուպցիոն ռիսկերի և բյուրոկրատական ընթացակարգերի վերացման նպատակով ողջ օրենսդրության համակողմանի վերանայման խնդիրն է դրված»։

2012թ. դեկտեմբերի 15-ին ՀՀԿ համագումարի ժամանակ եւս Ս.Սարգսյանի կողմից անդրադարձ է եղել այս թեմային. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսեւորմանը»:

Եւս մեկ մեջբերում 2014թ. ապրիլին Պրահայում Սերժ Սարգսյանի ելույթից. «Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում… Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար»: Նույն մտքերը նա կրկնել էր 2015թ. մարտին, երբ ելույթ էր ունեցել ԵԺԿ համագումարում:
Նախորդ տարվա մարտին ԱՄՆ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ և այն պետք է լիարժեքորեն իրացնենք»:

Եւ վերջապես, այս խորհրդարանի առաջին նիստի ժամանակ իր ուղերձում Ս.Սարգսյանն ասել էր. « Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը…«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: …Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ»:
Կարճ ասած, իշխանություններն առաջին դեմքի մակարդակով, այս տարիներին խոսել ու խոստացել են պայքարել կոռուպցիայի դեմ, բայց իրականությունը հուշում է, որ այդ ուղղությամբ եթե անգամ արվել է որեւէ քայլ, ապա` ապարդյուն:

Հետաքրքիր է` այս ողջ ընթացքում ի՞նչն է խանգարել իշխանություններին, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 9-րդ տարում այդպես էլ չեն հասել շոշափելի արդյունքների:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս