Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց. մրցակցություն ու թամաշա. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը՝ իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես՝ մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, և հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին:

Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին:

Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ վերջակետ դրեց իր և վարչապետի հակասությունների մասին շահարկումներին:

Բանն այն է, որ մամուլի առանձին միջոցներ սկսել են հետևողականորեն թմբկահարել Սարգսյան-Կարապետյան թեժ մրցակցության, հակամարտության մասին: Ավելին՝ այդ հակամարտության գոյության փաստն էլ հիմնավորում են «իշխանության մեդիա-ռեսուրսների» վարքով, որոնք իբրև թե վարչապետին «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել:

Իրականությունն այնպիսին է, որ իշխանությունն ինքն էլ բազմազան է, և հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ նույն կուսակցության որևէ ներկայացուցիչ կամ թև տեղեկատվական արշավ է սկսում մեկ այլ կուսակցի դեմ: Բայց արդյոք սա ներկուսակցական կամ ներիշխանական ճեղքի վկայությո՞ւն է: Ամենևին էլ ո՛չ: Սա ընդամենը շահերի իրացման գործընթաց է, որը նաև ապահովում է թամաշա: Նրանց համար, ովքեր անելիք չունենալու կամ անելիքը չպատկերացնելու հետևանքով մութ սենյակներում կատու են փնտրում:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններին, ապա բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե հակամարտության կամ մրցակցության, այլ մի տանդեմի հետ, որի համագործակցությունը բավականին երկար է տևելու ու կանխորոշելու է երկրի քաղաքական դասավորությունը: Տավուշի իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հենց այս ուղերձն է հղել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս