Ինչու է դանդաղում Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը. հիմնավոր պատճառ կա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են ակտիվացնել բանակցային գործընթացը: Վաղը համանախագահներն այցելելու են Հայաստան, հետո Արցախ, իսկ մեկ շաբաթ անց լինելու են Ադրբեջանում: «Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում՝ այդ թվում հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- խոսելով այդ այցի մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՀՀ ԱԳ փոխնախագահ Շավարշ Քոչարյանն էլ այդ այցի մասին խոսելիս հայտարարել է, թե միջնորդներից սպասում են, որ նրանք վերջապես հասնեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունների կատարմանը: «Պատահական չէ, որ Վիեննայում ձեւավորվեց այն մոտեցումը, որ մինչեւ կողմերի միջեւ չձեւավորվի վստահության մթնոլորտ, անհնարին է բանակցային գործընթացում խոսել առաջընթացի մասին: Այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, եւ դրա արդյունքը ժողովուրդը պետք է տեսնի»,-ասել է Քոչարյանը:

Ակնհայտ է` Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը վերջերս դանդաղել է. վերջին լուրջ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլին Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով: Ու թեեւ խոսվում էր նաեւ նախագահների հանդիպման մասին, սակայն այդ ուղղությամբ դեռեւս պայմանավորվածություն չկա: Բայց բանակցային գործընթացի դանդաղեցման պատճառը միայն Ադրբեջանի կողմից Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից խուսափելը չէ, այլ կա մեկ ուրիշ, ավելի հիմնավոր պատճառ:

Այդ մասին նախօրեին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարեւոր եւ զգայուն դետալները: «Կա սկզբունքների մի փաթեթ, որոնք ընդհանուր առմամբ բոլորի կողմից համաձայնեցված են, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծումը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաեւ՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն, – ասել է Լավրովը` հավելելով,- կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը»:

Միայն թե նա չի բացահայտել՝ որոնք են այդ «մանր, բայց շատ կարեւոր ու զգայուն դետալները»: Այդ մասին չեն խոսում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները: Չնայած, կարելի է ենթադրություններ անել. դետալներից մեկը վերաբերում է կարգավիճակի մասին անցկացվելիք հանրաքվեին, ժամկետներին ու մասնակցության իրավունք ունեցողների շրջանակին: Իրոք, շատ փոքր, բայց եւ շատ կարեւոր դետալներ:




Լրահոս