Արարատի մարզի Արբաթ գյուղում լարված իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Արբաթ գյուղում լարված իրավիճակ է: Գյուղացիները տեւական ժամանակ է, ինչ դժգոհում են գյուղի խմելու ջրի որակից: Նրանք այս առիթով այսօր բողոքի ակցիա են անցկացրել: Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղացիները հիմնականում դժգոհում են ջրի համային որակից: Իսկ արբատցիների պատմելով իրենց երեխաները ջուրը խմելու արդյունքում փորացավեր են ունենում: Բացի այս, նրանք պնդում են, որ երբեմն կեղտաջուր է հոսում խմելու ջրի ծարակից:

«Մեր ջրերը արտեզյան են եւ որակական տեսանկյունից շատ են տարբերվում սարի սառը ջրից: Մարզպետարանում տեղյակ են, փորձում են համատեղ այս հարցը կարգավորել: Ախտորոշում, որպես այդպիսին, որ ինչ-որ մեկի երեխան թունավորվել է, արձանագրված չկա: Մեր գյուղացիներն էլ են ուզում սարի սառը ջուր խմել, ոչ թե արտեզյան»,- նկատեց գյուղապետ Պետրոսյանը:

Նա ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ջրի նմուշառում վերցրել են մի քանի անգամ, բայց պատասխանի մեջ նշված է եղել, որ ջրի մեջ որեւիցե բացասական կոմպոնենտ չի հայտնաբերվել, որը մարդու մոտ աղիքային հիվանդություններ կառաջացներ. «Ուղղակի մեր արտեզյան ջրերի որակը զիջում է սարի սառ ջրերի որակին»:

Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը դիմեց «Վիոլա» ընկերություն, որի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը հայտնեց, որ ընկերության պատասխանատուները գնացել են Արբաթ գյուղ: Ապա հավելեց, որ իրենք դեռ պետք է ուսումնասիրեն խնդիրը, քննարկեն, քանի որ այդ տարածքը ընկերությունը վերակազմավորվելուց հետո նոր է սկսել սպասարկել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս