Գառան բդեր ու ապխտած իշխաններ. ԱԳՆ-ում լավ «ախորժակ» ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բավականին հետաքրքիր եւ ախորժալի գնումներ է կատարել պետական բյուջեի հաշվին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մարտի 13-ին ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Դոլ-մա-մա» ՍՊԸ-ի հետ, ինչի արդյունքում կերակրատեսակներ է ձեռք բերել: Մասնավորապես գնվել է գառան 3 հատ բուդ, որոնց համար վճարվել է 39 հազար դրամ, 2 հատ լոլիկ հորած պանրով`ընդհանուր 6000 դրամ արժեքով, 2 հատ սմբուկով ռոլեր`7000 դրամ եւ 3 պնակ բաստուրմա, սուջուխ`19 հազար 500 դրամով: Իսկ տարեսկզբին`հունվարի 17-ին, ԱԳՆ-ն «Դոլ-մա-մա»-ից ձեռք է բերել 10 բաժին թփով դոլմա, որոնց համար վճարել է 70 հազար դրամ:

Իսկ ահա մայիսի 18-ին նույն «Դոլ-մա-մա» ընկերության հետ պայմանագիր է կնքել, ինչի արդյունքում ձեռք է բերել 3 հատ ապխտած իշխան`13 հազար 500 դրամով, 5 հատ սմբուկով ռոլիկներ`ընկույզով`17 հազար 500 դրամով, 3 հատ թփով դոլմա`21 հազար դրամով: Ենթադրվում է, որ այս ամենը ԱԳՆ-ն պաշտոնական այցով Հայաստան ժամանած հյուրերի համար է արել: Բացի այս, ԱԳՆ-ն «Արտէքսիմ» ընկերությունից գնել է 0.75 լ տարողություն ունեցող 2 շիշ փայտե տուփով թթի օղի, որոնց համար պետական միջոցներից ծախսվել է 50 հազար դրամ:




Լրահոս