Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկու հետ: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը, հանդիպման սկզբում դեսպան Ղազարյանը շնորհավորել է Բարտոշ Չիխոցկուն ԼՀ արտաքին գործերի փոխնախարարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում:

Դեսպան Ղազարյանը նաև իր շնորհավորանքն է հղել Լեհաստանի` 2018-2019թթ. ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-լեհական փոխգործակցության և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման կապակցությամբ: Այդ համատեքստում կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և հանդիպումների կազմակերպումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին և դրա հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ ինչպես Լեհաստանում, այնպես էլ Հայաստանում մեծ ակտիվությամբ և բարձր մակարդակով կազմակերպվում են Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությունների 650-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնցից կարևորագույնը, թերևս, կարելի է համարել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի կողմից նախագահական պալատում հայ համայնքի պատվին կազմակերպված հատուկ ընդունելությունը:




Լրահոս