«ՀԵՆՑ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԴԱՌՆԱՆՔ, ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը տեւական ժամանակ է` բնակվում է Ֆրանսիայում: Նա ամուսնությունից հետո, կարծես, հեռացավ երգարվեստից, իսկ որդու ծնունդից հետո արդեն ամբողջովին տրվեց ընտանեկան կյանքին: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` սպասե՞նք, արդյոք, երգչուհու վերադարձին շոու-բիզնես, նաեւ Հայաստան: Մենք զրուցել ենք այն մասին, թե ինչ գտավ եւ ինչ կորցրեց Արեւիկը օտար ափերում:

-Արեւի՛կ, նախ հետաքրքիր է` այժմ Փարիզում երգարվեստով զբաղվո՞ւմ եք: Ոլորտի հետ առնչություններ ունե՞ք:
-Ո՛չ, այստեղ երգարվեստով դեռ չեմ զբաղվում, բայց եթե հավաքական համերգների մասնակցելու հետաքրքիր առաջարկներ լինեն, կընդունեմ դրանք: Թեպետ նոր երգ, տեսահոլովակ ներկայացնելու մտադրություն ունեմ: Իհարկե, դա չի նշանակի վերադարձ բեմ:
-Ձեր քրոջ` երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հետ դուետով հանդես գալու մտադրություն կա՞:
-Մի ժամանակ շատ նման ծրագրեր կային, բայց ամուսնությունից հետո ստեղծագործական դադար վերցրեցի, եւ արդեն բավական ժամանակ է` ոչինչ չեմ արել: Ամեն դեպքում, եթե աշխատեմ, ապա դա դեռ կանեմ միայնակ:
-Իսկ հեռվից հետեւո՞ւմ եք մեր երգարվեստի ներկայացուցիչներին. ի՞նչն է ոգեւորում եւ ի՞նչն է հիասթափեցնում Ձեզ նրանց աշխատանքում:
-Այո’, հետեւում եմ. կա Ձեր նշած ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ միտումը: Շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնցից փորձում եմ վերցնել այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ինչը ոճային առումով իմն է: Այստեղ կարոտն ավելի է դրդում մոտ լինել հայկականին:
-Իսկ նորաձեւության աշխարհում քայլեր անելու մտադրություն ունե՞ք: Որքանով հիշում եմ` նախկինում նման ծրագրեր ունեիք:
-Այդ ուղղությամբ ուժերս փորձեցի, բայց ճանապարհի կեսից հասկացա, որ անիմաստ եմ ջանքեր ներդնում, քանի որ այստեղ` Փարիզում, հագուստ կարելը չափազանց թանկ հաճույք է, եւ, բնականաբար, շատ քչերը կարող են իրենց նման բան թույլ տալ: Իսկ ահա Հայաստանում ավելի հեշտ է մուտք գործել նորաձեւության ոլորտ. ինչպես տեսնում ենք, Երեւանում այսօր շատ մոդելավորողներ կան: Եթե ապրեի Երեւանում, վաղուց խանութ-սրահ կունենայի:
-Հայաստան վերադառնալու, հայրենիքում ապրելու մտադրություն ունե՞ք:
-Ո՛չ, ես հաճախակի եմ լինում Հայաստանում, բայց ծրագրում ենք առաջիկայում էլ Ֆրանսիայում ապրել: Ամուսինս միշտ ասում է` հենց թոշակառու դառնանք, կտեղափոխվենք Հայաստան (ժպտում է):
-Իսկ հայ համայնքի հետ Ձեր կապերը սե՞րտ են:
-Այստեղ շատ հայ ընկերներ, լայն շրջապատ ունենք: Նրանց հետ կարծես մոռանում ենք, որ Հայաստանում չենք: Նաեւ ամուսնուս ընտանիքի շնորհիվ է, որ ինձ օտարության մեջ չեմ զգում:
-Եվրոպայում կա՞ մի հանգամանք, որի հետ դժվարությամբ եք համակերպվում:
-Դժվարանում եմ ասել. դե, ամենաբարդը հենց ընտանիքից հեռու լինելն է: Դրա հետ երբեք էլ չի ստացվի համակերպվել: Հայրենիքում թողեցի նաեւ ընկերներիս, կենսակերպը, որը վարում էի… Բայց, ամեն դեպքում, Ֆրանսիան էլ եմ սիրում. այն իմ երկրորդ տունն է:
-Որքանով տեղյակ եմ` Ձեր փոքրիկ որդուն մեծ մասամբ միայնակ եք խնամում: Դժվար չէ՞:
-Այո՛, չնայած ամուսնուս աշխատանքային զբաղվածությունը մեծ է, եւ ես եմ երեխային խնամում, օրը 24 ժամ նրա կողքին եմ, բայց ամեն րոպե վայելում եմ որդուս, սիրահարված եմ նրան: Նա Աստծո իսկական պարգեւ է: Համոզված եմ, որ ոչ մի կին չի կարող բառերով նկարագրել երեխայի ծնունդի հետ կապված զգացողությունները: Որքան էլ փորձենք, չի ստացվի:
-Արեւի՛կ, իսկ, այնուամենայնիվ, ունե՞ք չիրականացած մի երազանք, որն անպայման ուզում եք կյանքի կոչել:
-Կիսատ մնացած ծրագրեր շատ կան: Ինչպես նշեցի, ամուսնությունից եւ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո կյանքս փոխվել է, ինքս շատ եմ փոխվել: Ամեն դեպքում, առաջ եմ նայում եւ երջանիկ եմ, չեմ կարծում, որ ինչ-որ բան եմ կորցրել կամ կիսատ թողել. հակառակը` ձեռք եմ բերել: Իսկ երգարվեստով զբաղվելու հնարավորություն միշտ էլ կլինի, թեկուզ իմ հաճույքի համար:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԿՎԻՐԱՀԱՏԵՆ

«Արեն Բայադյանի վիճակը կայուն է, բարդություններ չկան, ամեն ինչ նորմալ է: Այժմ դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,- News.am style-ի հետ զրույցում, անդրադառնալով ռեժիսորի առողջական վիճակին, նշել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Վերջինս տեղեկացրել է, որ ռեժիսորն ունի կոտրվածքներ, եւ մի քանի օրից նրան սպասվում է ողնաշարի վիրահատություն: Հիշեցնենք, որ Արեն Բայադյանին մայիսի 21-ին կոտրվածքներով գտել են Հրազդանի կիրճում: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Դժբախտ պատահարի հանգամանքները պարզվում են։

 

 

ԶՈՀԵՐԻՆ Է ՆՎԻՐՎԵԼ

Aerosmith ամերիկյան ռոք խմբի անդամները Մոսկվայում իրենց համերգի վերջում կատարել են Մանչեսթերի ահաբեկչության զոհերին նվիրված երգ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերը կատարել է «Dream On» երգը` միջազգային հանրությանը կոչ անելով սատարել Մեծ Բրիտանիայի բնակիչներին: Համերգի վերջում բեմի էկրաններին հայտնվել է Մեծ Բրիտանիայի դրոշը` «Մանչեսթեր» գրառմամբ:

 

 

ՌԵԿՈՐԴ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ

Բրոդվեյի թատրոնները ռեկորդ են սահմանել դրամարկղային մուտքերի չափով. մեկ տարում նրանք գրեթե 1,5 մլրդ դոլար են ստացել: Այդ մասին նշվում է «Բրոդվեյի լիգայի» (The Broadway League) հայտարարության մեջ: 2016-ի մայիսի 29-ից մինչեւ 2017 թվականի մայիսի 21-ը Բրոդվեյում տարբեր բեմադրություններ է դիտել ավելի քան 13,27 մլն մարդ: Տոմսերի վաճառքը բերել է 1,45 մլրդ դոլար: Նշյալ ցուցանիշը ռեկորդային է ավելի քան 30 տարի անկացվող հաշվարկների ողջ պատմության ընթացքում: Վերջին հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսական տեսակետից հատկապես հաջող են եղել «Նատաշան, Պիեռը եւ 1812 թվականի Մեծ գիսաստղը» ամերիկյան մյուզիքլը՝ Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» Էպոպեա-վեպի մոտիվներով, ինչպես նաեւ «Թանկագին Էվան Հանսեն» երաժշտական ներկայացումը սոցցանցերում ակտիվ կյանք վարող երիտասարդի մասին։




Լրահոս