ԹՐԱՄՓԸ ՆԱՏՕ-ՈՒՄ. ՆՈՐ ԴԱՍԱՐԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՇԱԿԵՐՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 8-օրյա ուղեւորությունը հանգրվանեց Եվրոպայում, որտեղ ժողովրդավարության ժանդարմի առաջնորդը հանդիպումներ ունեցավ եվրոպական քաղաքականությունը մշակող էլիտայի գրեթե ողջ աստղաբույլի հետ: Հաջողությամբ հանձնելով քննությունը Մերձավոր Արեւելքում` ԱՄՆ նախագահը էլ ավելի պատասխանատու գործեր ուներ Եվրոպայում, որտեղ հարաբերությունները չեն վճռվում բացառապես ուժի դիրքերից:

Մերձավոր Արեւելքի երկու հիմնական դաշնակիցների հետ հարաբերությունների հստակեցումից հետո Թրամփը ձեռնամուխ եղավ Եվրոպայում ամերիկյան գործերի կազմակերպմանը: Այստեղ նա նախ հանդիպեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, որի հետ ԱՄՆ նախագահի հարաբերությունները ամենեւին էլ նախանձելի չեն: Դեռ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի օրերին էին Թրամփն ու Պապը միմյանց հետ հեռակա բանավեճ ունեցել, երբ Ֆրանցիսկոսը քննադատել էր հսկայական պատեր կառուցելու Թրամփի նախագծերը: Վերջինս էլ ետ չէր մնացել` կոչ անելով Հռոմի Պապին քաղաքական հարցերին տեղյակ չլինելով չխառնվել դրանց: Եվ ահա Վատիկանում Պապը ստիպված էր ընդունել ԱՄՆ նախագահին, եւ հանդիպման մասին պատմող ռեպորտաժները պարզորեն ցույց էին տալիս կաթոլիկ աշխարհի հովվապետի մռայլ տրամադրությունը: Պապը Թրամփին խաղաղության քարոզ է հղել` շեշտելով, որ յուրաքանչյուր ձեռնարկում պետք է միտված լինի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը: Թրամփն էլ նկատել է, որ խաղաղությունը կարելի է օգտագործել: ԱՄՆ նախագահը կա՛մ չի ըմբռնել Պապի ուղերձի իմաստը, կա՛մ էլ պարզապես խեղաթյուրել է այն: Պարզ է, որ Թրամփը խաղաղության հասնելը իր համար առաջնահերթություն չի համարում եւ պատրաստ է խաղաղությունն «օգտագործել» ամերիկյան շահերը սպասարկելու համար, իսկ եթե խաղաղությունը իր քաղաքականության մեջ չի տեղավորվում` գրողի ծոցը կուղարկի այն: Պապի ու ԱՄՆ նախագահի հանդիպումը, այսպիսով, կարելի է սոսկ արարողակարգային որակել` որպես արժեհամակարգերով ու մտածողությամբ լիովին հակադիր կերպարների քաղաքավարության դրսեւորում եւ ոչինչ ավելին:
Իսկ ահա քաղաքական շրջանակների հետ Թրամփի հանդիպումները միտված էին հստակեցնելու ետպատերազմյան շրջանից ի վեր ձեւավորված եվրոպա-ամերիկյան դաշնակցության նորօրյա օրակարգը: Այդ շարքում են թե՛ Իտալիայի ղեկավարության հետ հանդիպումները, թե՛ առանձնազրույցը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ, թե՛ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ քննարկումները: Առանձնակի է հատկապես Մակրոնի հետ հանդիպումը, քանզի նախընտրական շրջանում Թրամփը անթաքույց կերպով սատարում էր նրա մրցակից Մարին Լը Պենին: Ֆրանսիայի կառավարող շրջանակների կողմից իրականացված տեղեկատվական արտահոսքի համաձայն, սակայն, Թրամփը Մակրոնին հայտնել է, որ իրականում իր աջակցությունը եղել է հենց նրա օգտին եւ ոչ թե Լը Պենի: Թրամփը իրավիճակին հարմարվող անձնավորություն է, եւ բնական է, որ նման պնդում ազատորեն կարող էր կատարել, հատկապես, որ ընտրությունները վաղուց ավարտվել են: Մակրոնի հետ հանդիպումը Թրամփի համար կարծես բավականին բարդ է ստացվել, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Ֆրանսիան Շառլ դը Գոլի ներդրած ավանդույթի ուժով միշտ էլ ըմբոստացել է ամերիկյան քաղաքականությանը: ԵՄ-ի ամրապնդմանը կողմ արտահայտվող Մակրոնն իր օրակարգով անգամ անուղղակիորեն վիճարկում է Թրամփի քաղաքականությունը, որը սատարում է ԵՄ-ի մասնատմանը: Համոզված կարելի է պնդել, որ Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը առաջիկայում մեկ անգամ չէ, որ գլխացավանք կդառնա Թրամփի համար: Ի դեպ, այս նույն շրջանում, երբ ԱՄՆ նախագահը շրջագայում է Եվրոպայում ու հստակեցնում ամերիկյան քաղաքականությունը, նախկին նախագահ Բարաք Օբաման էլ այցելում է Գերմանիա: Այստեղ նա Մերկելի հետ մասնակցել է հրապարակային միջոցառումների, որոնց ավարտից հետո է միայն կանցլերը շտապել Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Թեպետ գերմանացիները հայտարարեցին, որ Օբամայի այցը ծրագրված է եղել շատ ավելի վաղ, քան Թրամփը կորոշեր իր օտարերկրյա ճամփորդության երթուղին, դա չբացառեց Թրամփի ու Օբամայի միջեւ հասարակական շրջանակներում կրկին անգամ համեմատություններ անցկացնելու առիթը, ինչը, ի դեպ, գործող նախագահի օգտին չէ:
G-7-ի հանդիպումից առաջ Թրամփը մասնակցեց նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ի հանդեպ Թրամփը նախկինում խիստ դժկամ վերաբերմունք ուներ եւ անգամ հայտարարում էր, որ կազմակերպությունը հնացած էր, իսկ անդամ պետությունները չէին կատարում իրենց բաժին պարտականությունները` մասնավորապես քիչ վճարելով դրա պահպանման համար: Նախագահ դառնալով, սակայն, Թրամփը փոխեց վերաբերմունքը, ինչը հատկապես դրսեւորվեց Մերկելի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի` ԱՄՆ կատարած այցելությունների ժամանակ: Հանուն արդարության հարկ է նկատել, որ նա Բրյուսելում էլ է խոսել մյուս պետությունների ֆինանսական պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին: Խնդիրն այն է, որ 28 պետություններից 23-ը կազմակերպության պահպանման համար չեն վճարում իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը, ինչպես որ սահմանված է կարգով: Թրամփը իրավիճակին մոտենում է որպես գործարար, որին խորթ է անհարկի վատնումը` չգիտակցելով, սակայն, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որը ծառայում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին, ինչպես Հարավսլավիայի դեմ 1990-ականների պատերազմում, եւ իր դոմինանտ դիրքը պահպանելու համար ԱՄՆ-ն ստիպված է հոգալ կազմակերպության հիմնական ծախսերը: Հայտարարությունը առաջացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարության ժպիտախառը դժգոհությունը, որոնք համարում են, որ տեղի եւ պահի իմաստով ԱՄՆ նախագահի բարձրացրած հարցը աննպատակահարմար էր: Մինչ այդ ամերիկյան պարբերականները կատակում են, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը նման էր նոր դասարան տեղափոխված երեխայի: Այդպիսի տպավորություն է ստացվել թե՛ նրա ելույթի ժամանակ առաջնորդների հայացքներից, թե՛ միմյանց հետ շփումներից, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահը հիմնականում մենակ է մնացած եղել:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ
2017թ. աշնանը Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում տեղի է ունենալու համայնքների խոշորացում: Իջեւանի տարածաշրջանի 19 համայնքի փոխարեն կստեղծվի խոշոր Իջեւան համայնքը, Բերդի տարածաշրջանի 17 համայնքների փոխարեն` խոշոր Բերդ համայնքը: Կառավարությունը շտապում է Տավուշի սահմանամերձ համայնքների խոշորացումը կատարել, քանի որ այդ գործընթացի համար դրսից ֆինանսավորող կա: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ համայնքների խոշորացման համար տրամադրելու է 8.6 միլիոն, Շվեյցարիայի դաշնային զարգացման գործակալությունը` 2.3 միլիոն դոլար: Մի քանի ամիս է մնացել համայնքների խոշորացմանը, սակայն բնակչությանը չեն իրազեկել: Ավելին` խոշորացվող համայնքների բնակչության կարծիքը հաշվի չեն առնում: Անցյալ տարվա սկզբին տեղի ունեցավ Դիլիջանի տարածաշրջանի համայնքների խոշորացումը, կայացած խորհրդատվական հանրաքվեի ժամանակ Հաղարծին, Թեղուտ, Գոշ համայնքների բնակչությունը դեմ քվեարկեց խոշորացմանը: Երեւի դրանից դաս առած` 2016թ. սեպտեմբերին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների խոշորացման ժամանակ հանրաքվե չանցկացվեց: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների տրամադրությունից պարզ էր, որ համայնքները դեմ են խոշորացմանը: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ստեղծումից հետո սահմանամերձ համայնքներում աշխատատեղեր են կրճատվել, արտագաղթ է եղել: Օրինակ` Բարեկամավանի նախկին համայնքապետ Գարիկ Աբազյանն ընտանիքով Երեւան է տեղափոխվել, Բարեկամավանի դպրոցում սեպտեմբերին առաջին դասարանցի չի լինի: Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների խոշորացումից առաջ Ոսկեպար գյուղում կայացած հանդիպման ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ համայնքների խոշորացումից հետո նախկին համայնքապետերը կշարունակեն աշխատել որպես իրենց գյուղերի վարչական ղեկավարներ: Սակայն խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններից հետո Բերդավանի նախկին համայնքապետ Արարատ Գաբրիելյանը, Ջուջեւանի նախկին համայնքապետ Ժորա Չիլինգարյանը, Բարեկամավանի նախկին համայնքապետ Գարիկ Աբազյանը եւ Ոսկեպարի նախկին համայնքապետ Երվանդ Եգանյանը անգործ մնացին: Կառավարությունը առայժմ խոշորացման մասին իրազեկել է միայն համայնքների ղեկավարներին: Մայիսի 24-ին Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ այդ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ: Քննարկվել են խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցեր: Վ. Տերտերյանը ներկայացրել է համայնքների խոշորացման հետ կապված օրենսդրական եւ կանոնակարգող դաշտի նորությունները՝ նշելով, որ բարեփոխումների արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջացած ֆինանսական խնայողությունների հաշվին հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել եւ դյուրին կլինի կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինանսավորումները: Խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզպետ Հ. Աբովյանը, Վ. Տերտերյանը եւ Ա. Գիլոյանը պատասխանել են համայնքապետերին հետաքրքրող հարցերին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԽԱԲՈՒՄ ԵՆ
Մի քանի օր առաջ Բագրատաշենի մաքսակետի մոտակայքում գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայաններից մեկում լիցքավորվող գազի գինը խիստ իջեցրին` մեկ խորանարդ մետրը 200-ից դարձնելով 170 դրամ: Այդ պատճառով տվյալ ԱԳԼՃԿ-ից ոչ հեռու գտնվող 2 ԱԳԼՃԿ-ում ստիպված եղան իրենք էլ գնի իջեցում կատարել: Նրանք իրենց կողմից լիցքավորվող գազի գինը 200-ից դարձրին 160 դրամ: Ներկայումս Տավուշի մարզի Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններում գործող բոլոր ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 170-180 դրամ է: Մարզում միայն սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում եւ Կողբ գյուղում գործող ԱԳԼՃԿ-ներում է գազի գինը նախկինի նման բարձր` 200 դրամ: Տավուշի մարզի վարորդները լուրջ, հիմնավոր կասկածներ ունեն, որ Ադրբեջանին սահմանակից մարզի ԱԳԼՃԿ-ում իրենց խաբում են. լիցքավորման սարքերը ցույց են տալիս կեղծ տվյալներ: Վարորդները կարծում են, որ ավտոմեքենաները լիցքավորվող գազի գնի իջեցումն իրենց օգուտ չի տա, քանի որ ԱԳԼՃԿ-ում իրենց շարունակելու են խաբել: Նոյեմբերյան-Երեւան ուղերթում աշխատող նոյեմբերյանցի տաքսիստները մշտապես իրենց ավտոմեքենաները լիցքավորում են Սեւան քաղաքի ԱԳԼՃԿ-ում, ուր համեմատաբար ավելի լավ են լիցքավորում: Դա հնարավորություն է տալիս լիցքավորումից հետո ավելի երկար ճանապարհ անցնել:

 

 

 

ԻՆՉՊԵՍ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
Տավուշի մարզով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, հատկապես Իջեւան-Դիլիջան հատվածում, մշտապես կարելի է տեսնել առանց հսկողության կովերի նախիրներ, ձիերի երամակներ: Ճանապարհի եզրին արածող կենդանիները հաճախ հայտնվում են ճանապարհի մեջտեղում` ստեղծելով վթարային իրավիճակ: Թափառող կենդանիները երթեւեկող ավտոմեքենաների համար մեծ վտանգ են ներկայացնում հատկապես գիշերային ժամերին: Ճանապարհին հանկարծ հայտնված անասունների պատճառով Տավուշում բազմաթիվ վթարներ են եղել, շատ ավտոմեքենաներ են ջարդվել: Զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություններից է հռչակած, քանզի մարզը գեղեցիկ բնություն ունի եւ պատմաճարտարապետական նշանավոր կոթողներ: Սակայն Տավուշի մարզ այցելող կամ մարզի տարածքով Վրաստան մեկնող արտասահմանցիները, տեսնելով ճանապարհի մեջտեղում նստած կովերին, կարող են կարծել, որ Հնդկաստանում են, ուր կովերը սրբազան կենդանի են համարվում: Տավուշի մարզի ճանապարհներին հայտնվող անասունների խնդիրը տարիներ շարունակ առկա է, սակայն չի լուծվում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս