Տարոն Մարգարյանը երդվեց շարունակել ջնջել Երևանի դիմագիծը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ երդվեց շարունակել աշխատանքը: Իսկ աշխատանքը, որպես այդպիսին, Երեւանի դիմագծի «բնաջնջումն էր»:

Երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթն ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում: Նա թվարկել է բոլոր այն խնդիրները, որ Տարոն Մարգարյանը պարտավոր է լուծել՝ տրանսպորտ, աղբահանություն, բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանում, վերելակների վերանորոգում: Հատկանշական է փաստը, որ 2013թ. ավագանու ընտրություններից հետո Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանն այսպիսի բծախնդրություն չէր դրսեւորել, եւ այն ժամանակ իր ելույթում նա մայրաքաղաքի խնդիրների վրա չէր ծանրացել՝ ընդամենը հայտարարելով.

«Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երեւանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երեւանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երեւանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ ե՛ւ երեւանցիների համար, ե՛ւ իր հյուրերի համար»: Մինչդեռ հիմա Սերժ Սարգսյանի տոնայնությունը փոխվել է, եւ խնդիրները թվարկելով՝ նա անուղղակի շեշտում է, որ մինչեւ հիմա լրջագույն հիմնահարցերն այդպես էլ մնացել են չլուծված:

Ի դեպ, Ս. Սարգսյանի ելույթով հիմնավորվեց նաեւ տեսակետը, որ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է, քանի որ ինքը երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է: «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը…Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը մոտավորապես այն տոնով, ինչ երեխանների հետ խոսում են մեծերը՝ համոզելով, որ նրանք դպրոցում լավ սովորեն, հանձնարարությունները պարտաճանաչ կատարեն եւ այսպես շարունակ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս